«168 Ժամ»-ը գրում է․ ««Կառավարության աշխատանքն այլ կերպ, քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել»,- ելույթ ունենալով Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Եվ ի՞նչ ունենք մենք այս տարվա արդյունքներով մակրոտնտեսական առումով, այս տարվա արդյունքներով գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական աճ այն դեպքում, երբ կառավարությունը՝ ընդունելով բյուջեի նախագիծը, կանխատեսել էր 4,5 տոկոս աճ: Ի՞նչ խնդիր կա բյուջեի առումով, պետական բյուջեն չունի չկատարված որևէ պարտավորություն: Մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է լիարժեքորեն: Եթե այս առումով մոտենանք, կարող ենք ասել, որ կառավարությունն իր աշխատանքը կատարել է փայլուն, քանի որ այս ողջ քաղաքական ցնցումների համատեքստում լիարժեք ապահովվել է բնականոն կյանքը երկրում»,- ասում է վարչապետը:
Թե որն է եղել կառավարության աշխատանքը փայլուն գնահատելու Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան, հավանաբար գիտի միայն ինքը: Բայց այն, ինչ տեղի է ունեցել անցած տարի ինչպես պետական բյուջեի կատարման, այնպես էլ տնտեսության զարգացումների առումով, որևէ հիմք չեն տալիս այդպիսի գնահատական հնչեցնել կառավարության գործունեության վերաբերյալ:
«Փայլուն» աշխատած կառավարությունը պարզապես ձախողել է անցած տարվա պետական բյուջեի կատարումը: Եվ այն, որ բյուջեն չունի չկատարված պարտավորություններ, դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լավ է:
Թերակատարվել են բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ՝ ծախսերը: Եթե եկամուտների թերակատարումն ինչ-որ իմաստով գուցե կարելի է հասկանալ, չհաշված, որ կառավարությունը հայտարարել էր մուտքերն էապես գերակատարելու մասին, ապա դժվար է արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել ծախսերի դեպքում:
Անցած տարի կառավարությունը չի կատարել պետական բյուջեով նախատեսված 80 մլրդ դրամի ծախս: Դա համարժեք է շուրջ 165 մլն դոլարի:
Այսինքն՝ այդքան գումար պիտի մտներ տնտեսություն, բայց չի մտել: Պատճառը կառավարությունն է, որ չի կարողացել ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը:
Եթե դա ֆինանսական միջոցներ չլինելու հետ կապված լիներ, դեռ ինչ-որ կերպ կարելի էր հասկանալ: Բայց կառավարությունը նման խնդիր չի ունեցել ու այդ պայմաններում թերացել է կատարել բազմաթիվ ծախսեր, որոնք կարող էին նպաստել տնտեսական գործընթացների խթանմանը, հասարակության եկամուտների ավելացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը:
165 մլն դոլարը փոքր գումար չէր Հայաստանի տնտեսության համար: Հատկապես որ, իշխանանափոխությունից հետո, «փայլուն» աշխատած կառավարության չպատճառաբանված գործողությունների հետևանքով ներդրումային կապիտալը հետ քաշվեց՝ տնտեսությանը թողնելով առանց ֆինանսական միջոցների: Սառեցվեցին նույնիսկ գոյություն ունեցող ծրագրերը:
Եթե սա կարելի է «փայլուն» աշխատանք համարել, ապա թող համարեն: Բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Փաստն այն է, որ անցած տարի պետական բյուջեի ծախսերի մի մեծ հատված չի կատարվել: Ու ինչքան էլ տարօրինակ լինի, նույնը կատարվում է նաև այս տարի: 2019 թ. բյուջեի ծախսերը ևս էապես հետ են մնացել նախատեսված ժամանակացույցից, և դա կառավարության ոչ թե լավ, այլ չկանոնակարգված աշխատանքի հետևանք է, ինչից տուժում է տնտեսությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը