«Փաստ»-ը գրում է․ «Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադարձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին:
Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատականներ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը: Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողովի ուսումնասիրությունները: Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այսպես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ասպեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյոք Ա. Քոչարյանն ու իր գործընկերները կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանափակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կասկածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով:
Սակայն հանձնաժողովի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ: Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնության, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը:
Քառօրյա պատերազմի հետ առնչվող հարցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս: «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգամանքը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելով միայն իր պատգամավորների ստորագրություններով: Իհարկե, օրենքը նման ընթացակարգը չի արգելում, սակայն տարակուսելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների դիրքորոշումները, նրանց ներկայությունը՝ առհասարակ: Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին:
Մյուս կողմից՝ խորհրդարանական մեծամասնությունն իր նման վարքագծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավադիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում: Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժողովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցության գործիք, որը, ըստ քաղաքական նպատակահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ:
Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուրժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հարցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը