«Փաստ»-ը գրում է․ «Վեթինգը վերջին օրերին դարձել է Հայաստանում ամենագործածվող բառերից մեկը։ Ենթադրվում է, որ դատավորների զտման գործընթացում ուսումնասիրվելու են նրանց եկամուտների ու գույքի օրինականությունը, քաղաքական ու հանցագործ աշխարհի հետ ունեցած առնչությունները, նաև՝ մասնագիտական հմտությունները։ Բազմաշերտ ու բարդ գործընթաց, մանավանդ, երբ խոսվում է ալբանական մոդելի մասին, որն առնվազն հակասական կարծիքների ու արձագանքների է արժանացել։ Հայաստանում ոչ միայն բարձրակարգ իրավաբանների լուրջ դեֆիցիտ կա, այլ նաև վիճահարույց է, թե ովքեր պետք է իրականացնեն նույն վեթինգի գործընթացը, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովների ձևավորման համար շատ խիստ չափանիշներ են սահմանվում։
Արդյո՞ք իշխանության նպատակն իրապես անկախ, հասարակության վստահության ռեսուրսն ունեցող դատական համակարգի կայացումն է, թե՞ խնդիրը վերահսկելի «արդարադատություն» ունենալն է։ Այս հարցը չունի միանշանակ պատասխան, քանի որ զուգահեռ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեղմ ասած, կասկածի տակ են դնում կառավարության անկեղծությունը...
Հեղափոխության թիմն իրեն այդպիսի նեղություն չի տվել, ինչը կարող է վտանգավոր նախադեպ դառնալ հենց վեթինգի գործընթացի համար։ Եթե քաղաքական կոնյուկտուրան ու շահերը գերակա պետք է լինեն լեգալ ընթացակարգերի նկատմամբ, ապա մեծ է մտավախությունը, որ վեթինգի գործընթացի արդյունքում դատական իշխանությունը ոչ թե անկախ, այլ գործադիր իշխանության կողմից ավելի վերահսկելի կդառնա։ Մյուս կողմից՝ վեթինգի գործընթացի լեգիտիմության կարևոր նախապայման է համարվում քաղաքական ու հասարակական կոնսենսուսը։ Դատելով խորհրդարանական մեծամասնության վարքագծից՝ դժվար է ակնկալել քաղաքական կոնսենսուս, որովհետև գործընթացը, եթե հավատանք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, մեկնարկել է ամիսներ առաջ, փաստորեն՝ առանց ընդդիմության մասնակցության։
Եթե իշխանությունը չվերանայի իր քաղաքականությունը, կարող ենք, ի վերջո, չունենալ գործընթաց, որը կհանգեցնի դատական անկախ համակարգի կայացմանը։
Ասվածի համատեքստում խիստ սկզբունքային է դատական ռեֆորմի իրականացումը բացառապես Հայաստանի Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների համատեքստում, ինչի հավանականությունը դեռ որ չի երևում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը