«Հրապարակ»-ը գրում է․ «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հեռանալուց հետո այս կառույցում տարօրինակ բաներ են կատարվում։ Ըստ օրենքի, նրան փոխարինող էր նշանակվելու տեւական ժամանակ աշխատած տեղակալը, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի թեթեւ ձեռքով նշանակվեց 2 ամիս առաջ նշանակված 28-ամյա տեղակալը՝ Արգիշտի Քյարամյանը, ով, պարզվեց, շոշափելի ունեցվածքի տեր է, որը, իր իսկ խոսքով, քեռուց է ստացել, կամ կինն է օժիտ բերել։ Նաեւ պարզվեց, որ Կոտայքի թեմի առաջնորդն էլ իր հայրն է, թեեւ մեր եկեղեցին արգելում է հոգեւորականի բարձր դաս ունեցողներին ամուսնանալ։ Բայց այս աղմուկը, պարզվում է, չի խանգարել Քյարամյանի ո՛չ նշանակմանը, ո՛չ էլ ծառայությունում նոր կարգեր հաստատելուն։
Նա այնքան է հարմարվել ՊՎԾ պետի պաշտոնին, անգամ կադրային ջարդ է փորձում իրականացնել։ ՊՎԾ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հրամանն ունենալու հաջորդ օրվանից Քյարամյանը զբաղեցրել է Դավիթ Սանասարյանի աշխատասենյակը, չնայած որ իր սեփականն ունի, եւ այնպես չէ, որ Սանասարյանն արդեն դատապարտվել է, կամ ինքն արդեն նշանակվել է։ Սա էլ ոչինչ․ մեր տեղեկություններով, նա ՊՎԾ աշխատակիցներին կանչում-հորդորում է դիմում գրել եւ հեռանալ։ Քյարամյանի առաջին զոհն էլ ՊՎԾ պետի աշխատակազմի ղեկավար-գործավար Հովհաննես Հարությունյանն է, ով արդեն դիմում է գրել ու հեռացել։
3 օր ջանքեր գործադրելուց հետո մեզ, ի վերջո, հաջողվեց կապ հաստատել Հարությունյանի հետ։ Վերջինս, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, ասաց, որ հարմար չէ խոսելը, քանի որ մեքենայի ղեկին է, իսկ 2-րդ զանգի ժամանակ էլ ասաց, որ իրեն այդ օրը չանհանգստացնենք։ Այնուամենայնիվ, համառեցինք ու հարցրինք, թե ինչպես է հեռացել, Քյարամյա՞նն է ստիպել իրեն աշխատանքից ազատման դիմում գրել։ Հարությունյանը մի պահ հապաղեց, ապա պատասխանեց․ «Չէ, չէ, չի ստիպում, չի ստիպում, հանգիստ թողեք ինձ», ապա անջատեց հեռախոսը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը