02 05 2019

Մեքենա ներկրելն աղջիկ ուզելուց թանկ է լինելու. «168 Ժամ»

Մեքենա ներկրելն աղջիկ ուզելուց թանկ է լինելու. «168 Ժամ»

2020 թվականի հունվարից ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային նոր դրույքաչափերը, ինչը ենթադրում է, որ ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքը բարձրանալու է մոտ 10 անգամ:

Ավտոներկրողների փոխանցմամբ ՝ քննարկումները շարունակվում են Պետական եկամուտների կոմիտեի հետ:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հիմա երկու կարևոր հարց կա՝ մաքսազերծման գումարն ու իրենց, ոչ թե՝ ուրիշների անունով մեքենա բերելը:

«ԵԱՏՄ անդամ-պետություններն ասում են՝ մեր գործարաններից գնիր, իսկ եթե դրսից բերես՝ թանկ է: Հիմա, եթե մի մեքենայի մաքսազերծման համար վճարում ենք 400.000 ՀՀ դրամ, 2020 թվականից դա կարող է թանկանալ 10 տոկոսով ու դառնալ 4 միլիոն դրամ: Մի խոսքով՝ մեքենա ներկրելն աղջիկ ուզելուց թանկ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Տիգրան Հովհաննիսյանը:

«Հարկային դաշտն ենք ուզում ապահովագրել, որ չընկնենք ապօրինությամբ զբաղվենք, սրա-նրա անձնագրով ու անունով մեքենա չբերենք, կոնկրետ մեր անունով բերենք, ԱՁ, ՍՊԸ, տարբեր կարգավիճակներ լինի, ով ոնց ցանկանում է, որովհետև ֆիզիկական անձով բերում ես, ոչ թոշակ կա, ոչ էլ մարդատեղ են դնում. տաքսին էլ այդպես արեցին: Իսկ իրավաբանական անձերի կարգավիճակը որ փոխեն՝ մարդ կկարողանա բիզնես կառուցի, վարկեր, թոշակ ստանա:

ԱԺ-ում քննարկումներն ընթանում են, Հարկային օրենսգրքում փոփոխություն պետք է լինի, հիմա աշխատում ենք, որ հօգուտ մեզ լինի, որպեսզի մեր կարգավիճակը կարողանանք օրենքով ամրագրել, հասկանանք, թե ովքե՞ր են ավտոներկրողները: Մինչև հիմա ավտոներկրող հասկացություն չկա Հայաստանում, բռնում, տուգանում են՝ վերջ, ուրիշ բան չեն անում, անունները դրել են դալալ, սպեկուլյանտ: Սովետը պրծել ա, հլը մեզ դալալ են ասում»,- հավելել է Տիգրան Հովհաննիսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ