«Հրապարակ»-ը գրում է․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը չի իջնում մամուլի էջերից՝ այստեղ վերջին ամիսներին գրեթե չկա օր, որ մի ուշագրավ դեպք չպատահի։
Մեզ պատմեցին, որ հիվանդանոցի նորանշանակ տնօրենը՝ Արման Հովակիմյանը, նոր կարգ է սահմանել, որ չվճարող հիվանդների փոխարեն պետք է վճարեն նրանց բուժող բժիշկները։ Այսինքն՝ բժիշկն է դառնում երաշխավոր, պայմանագրային կողմ, որ հիվանդը բուժումը ստանալուց հետո կվճարի՝ «չի թռնի»։
Ընդ որում, սա հատկապես վերաբերում է մահվան դեպքերին, երբ վիրահատության ժամանակ կամ բուժման ընթացքում մարդը չի ապրում, բայց հիվանդանոցը ծախսեր է արել՝ հիվանդասենյակի գումար, դեղորայք եւ այլն։ Այս տեղեկությունը մեզ հաղորդած աղբյուրը նշեց, որ կարծես թե հիվանդանոցի հայտնի բժիշկներից մեկը՝ թոքաբան Հովհաննես Սարկավագյանը, արդեն հայտնվել է նման իրավիճակում՝ իր գրպանից վճարել է մահացած հիվանդի փոխարեն, մինչդեռ անցյալում չվճարված գումարները մնում էին հիվանդանոցի վրա։
Փաստերը ճշտելու համար զանգահարեցինք տնօրենի ընդունարան, որտեղից չմիացրեցին տնօրենի հետ, առաջարկեցին զրուցել «վիրաբուժական բլոկի ղեկավարի հետ»։ Վիրաբուժական բլոկի ղեկավարը դեռ ամբողջությամբ հարցը չլսած՝ հանդիսավոր արտաբերեց․ «Ձեր ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»։ Մենք կապվեցինք Հովհաննես Սարկավագյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, ասաց․ «Լավ, եկեք թողնենք էդ խոսակցությունը։ Ներքին բաներ են, պետք չէ դրանց մասին խոսել։ Լավ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը