30 03 2019

Հափշտակություն կատարած անձը պաշտոն է ստացել ԲԷՑ-ում․ «Փաստ»

Հափշտակություն կատարած անձը պաշտոն է ստացել ԲԷՑ-ում․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակեր­պության Արևմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ար­սեն Գաբրիելյանը: Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել է ՀՀ քննչա­կան կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով:

Բանն այն է, որ փաստացի Գաբրիելյանին պատկանող ՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրա­կան ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը երեք տարի շարունակ ներկայացվել է շատ ավելին: Արդյունքում, ըստ ՔԿ հաղորդագրության, հափշտակվել է 95 մլն դրամ: Այնուհետ գործը կարճվել է, քանի որ վնասն ամբողջությամբ հետ է վերադարձվել ՀԷՑ-ին:

Այդ ժամանակահատվածում Գաբրիելյանը զբաղեցրել է «Հայաս­տանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալի պաշտոնը և ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտ­րաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման աշխատանքները:

Ուշագրավ է, որ այդ տարիներին նույն ՀԷՑ-ը խոսում էր կորուստների 14 տոկոսի նվազեցման անհնարի­նության մասին, մինչդեռ այսօր դրանք 9 տոկոս են կազմում:

Փաստա­ցի «նոր Հայաստանում» պետական կառույցում պաշտոնի է նշանակ­վում անձ, ով, ըստ էության, ժամանակին օգտագործելով իր պաշտո­նեական դիրքը՝ առանձնակի խոշոր չափերի հափշտակությամբ է զբաղվել:

Իսկ Պետական վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմինները մշտապես խոսում են կոռուպցիայի ու արատավոր այլ երևույթների դեմ պայքարի մասին, այդ թվում, ի դեպ, ԲԷՑ-ում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ