«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանը պատերազմի մեջ է:
Պատերազմները տարբեր են լինում՝ պարտադիր չէ ճակատում զենքերը կրակեն: Բացի սովորական իմաստով պատերազմից, լինում են սառը պատերազմներ, լինում են տեղեկատվական, քարոզչական, տնտեսական, լինում են նաև, հին կրոնական լեզվով ասած՝ «երևոյթ և աներևոյթ թշնամիների» դեմ: Պատերազմը պայքարն է՝ այն իրավիճակն է, երբ կենտրոնացմամբ և պայքարով պետք է վճռվի խնդիրն այս կամ այն կողմ: Երբ իրավիճակի ներսում միշտ էլ առկա հակասությունները հասունանում են այն աստիճան, որ հարցերը դրվում են իրենց ամբողջ սրությամբ, երբ ընտրությունը կամ-կամ է, երբ երրորդի, չորրորդի հնարավորությունը հասնում է նվազագույնի: Պատերազմ է՝ երբ պետք է գործել համարձակորեն, վիճակը գցելով՝ ընտրել՝ առանց հետ նայելու և փոշմանելու, երբ հին, սովորական գործիքներն այլևս չեն աշխատում, և պետք է քաջություն ունենալ փորձել նորերը՝ նոր իրավիճակում, խաղադրույքներ դնել անհայտում, և վստահել սեփական բնազդին:
Հայաստանի պես երկրների կայունությունը, ներքին իրավիճակը բազմաթիվ թելերով կախված է արտաքին մթնոլորտից: 1994-ից Ղարաբաղյան ճակատում պահպանված համեմատաբար կայուն, համեմատաբար խաղաղ վիճակը խախտվեց երեք տարի առաջ՝ 2016 թվականին, որովհետև փոփոխության սկսեց ենթարկվել այն արտաքին մթնոլորտը, որի շնորհիվ գերազանցապես պահպանվում էր խաղաղությունը: Դա փոքր չափով էր կապված՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ: Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտ, որպես այդպիսին, վաղուց չկա ինքնին:
Միայն երկկողմանի լինելու դեպքում հակամարտությունը վաղուց լուծված կլիներ այս կամ այն կողմ: Կա համաշխարհային մեծ իրավիճակների մեջ ներգծված և միջազգային իսկ դարձած մի իրավիճակ, որն իր ակունքներով ու պատմությամբ իսկ երբեք չի եղել մաքուր հայ-ադրբեջանական: 2016-ին սկսած ապրիլյան պատերազմը միայն արտաքուստ ավարտվեց: Ավարտվեց միայն դրա ռազմաճակատային, տաք փուլը, բայց պատերազմը նախ՝ իր քաղաքական նպատակն է, իսկ ռազմականը՝ քաղաքական նպատակին հասնելու գործիք՝ մեկը գործիքներից, բայց ոչ միակը: Քանի կա քաղաքական նպատակը, հանուն որի սկսվել էր պատերազմը, չի ավարտվելու նաև անտեսանելի, աներևույթ, բայց դրանից ոչ պակաս իրական և նյութական պատերազմը:
Պատերազմի քաղաքական նպատակն էր և է՛ այսօր՝ «խաղաղապահ զորքի» տեղադրումը Ղարաբաղում, արտաքին վերահսկողության սահմանումը կոնֆլիկտի գոտում: Մնացածը սրա ածանցյալներն են: Քանի դեռ կա այդ նպատակը, պատերազմը շարունակվում է: Այդ նպատակն օդից չի ծնվել: Իհարկե, միշտ էլ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի գոյության ողջ ընթացքում, շոշափվել է «խաղաղ կարգավորման», այդ թվում՝ խաղաղապահ զորքի տեղադրման հարցը, որոշ դեպքերում էլ «լուծումը» բավականին մոտ է եղել կամ թվացել:
Բայց միշտ չէ սրան զուգահեռ՝ սրվել իրավիճակը նախ՝ ճակատում, ապա՝ ապակայունացել ներքինը: Տարածաշրջանային և միջազգային մեծ փոփոխությունները Ղարաբաղյան ճակատի շուրջ ձևավորեցին նոր մթնոլորտ: Իսկ Հայաստանը, հաշվի առնելով մանավանդ մեր չափերը, այլ բան չէ, քան մի տարածք Ղարաբաղյան ճակատի շուրջ: Այստեղ թիկունք եզրը շատ պայմանական է, այն փաստացի չկա:
Հին հավասարակշռությունը, որն էլ ապահովում էր համեմատաբար խաղաղ վիճակը ճակատում և համեմատաբար կայուն վիճակը «թիկունքում», խախտվել է՝ մինչև ձևավորվի նոր հավասարակշռություն և նոր կայունություն: Իսկ նոր հավասարակշռությունները ձևավորվում են ոչ թե՝ իրենք իրենցով, այլ կռվով, պայքարով: Արտաքին կռիվը շահելու համար պետք է վերափոխվի նաև ներսը: Ներքին վերափոխումը կարող է իրացվել գիտակցված ծրագրով, բայց նաև կիսագիտակցված ու նույնիսկ տարերայնորեն՝ առարկայական իրավիճակի դրդմամբ կամ բնազդով: Իհարկե, նախընտրելի էր առաջինը, բայց ավելի իրատեսական են թվում երկրորդ և երրորդ ճանապարհները:
Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա ղեկավարությունը, գիտակցությամբ թե բնազդով (տվյալ դեպքում էական էլ չէ), զգում են ներքին վերազինման, վերափոխման անհրաժեշտությունը: Նախորդ ներքին՝ «թիկունքային» համակարգը՝ հարմարեցված ճակատի նախորդ վիճակին, այլևս ի զորու չէ պատասխանել նոր մարտահրավերներին: Այստեղ այդքան էլ էական չէ զուտ կուսակցական, իշխանություն-ընդդիմություն և այլ մակերեսային «քաղաքականությունը»:
Նախորդ իշխանությունը փորձեց առաջ քաշել «ազգ-բանակ» կարգախոսը: Կարևոր չէ, թե այդ կարգախոսի տակ իրացված ո՛ր մի ծրագիրը, ընդհանրապես բովանդակությունը որքանով հաջող էին կամ անհաջող: Կարևորը հենց կարգախոսն էր, դրա ուժականությունը, և դրա առաջքաշման ժամանակը: Կարևոր էր դա՝ որպես ժամանակի, փոփոխության նշան: Դա արտահայտումն էր գիտակցության, որ «թիկունքում» պետք են նոր գործիքներ, նոր կենտրոնացում՝ համապատասխան նոր իրավիճակի: Ուշագրավ է, որ «ազգ-բանակն» ինքնին հեղափոխական կարգախոս է՝ գիտակցվա՞ծ, թե՞ չէ, բայց ֆրանսիական հեղափոխության գաղափարական զինանոցից է վերցված: Հետաքրքիր է նաև, որ իրական հեղափոխությունը շատ չուշացավ, որովհետև ազգ-բանակը և պահպանողական համակարգը իրար հետ այնքան էլ չեն բռնում:
Սա կարող է թվալ պատահական համընկնում, բայց կարևոր նշանների մեր ժամանակում ամեն պատահականություն էլ կարևոր է: Հեղափոխությանը մասնակցեցին նաև նրանք, ովքեր ակտիվորեն ընդդիմանում էին «ազգ-բանակ» կարգախոսին: Բայց ճակատագրի հեգնանքով՝ նրանք դարձան իրեն համախմբված զգացող ազգի մաս: Ու կողմ ու դեմը դարձավ ոչ էական: Որովհետև այսօր Հայաստանը կանգնած է նույն խնդրի առաջ: Նույն կռիվն է, որ շարունակվում է՝ անկախ քաղաքական ռեժիմների փոփոխություններից:
Այդ կռվում պետք է լուծվի ոչ միայն Ղարաբաղի խնդրի ապագան, այլև Հայաստանի ինքնիշխանության հարցն է դրված: Ինքնիշխանությունն ունի չափ: Այն չափը, որ ունեցել ենք ցայսօր, եղել է բավարար հին պայմաններում գոյատևման համար: Բայց այսօր դա հարցականի տակ է դրված: Մի կողմից՝ դրսից դրված է խնդիր՝ այդ չափը եղածից էլ իջեցնելու համար: Իսկ ներսից հակադիր միտումը պետք է ձգտի և բնազդաբար ձգտում է չափը նախկինի համեմատ է՛լ ավելի բարձրացնելու: Այսինքն՝ նախկին միջինը, այսպես թե այնպես, չի բավարարում ներկային՝ այն պետք է կամ իջնի, կամ բարձրանա: Եվ երկու դեպքում էլ դա ենթադրում է պայքար՝ հաղթանակ կամ պարտություն:
Արտաքին մարտահրավերները ոչ միայն կորուստների, այլև նոր նվաճումների առիթ կարող են լինել: Եվ «կորո՞ւստ, թե՞ նվաճում», ընտրությունն արդեն կախված է մեզանից, մեր հասունությունից, մեր մեծ միասնությունից և դիմադրողականությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը