12 03 2019

Լազարևյան ակումբի 2-րդ նիստը բավականին ներկայացուցչական էր. Վիկտոր Սողոմոնյան. «Հրապարակ»

Լազարևյան ակումբի 2-րդ նիստը բավականին ներկայացուցչական էր. Վիկտոր Սողոմոնյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 5-ին և 6-ին Մոսկվայում տեղի է ունեցել Լազարևյան ակումբի երկրորդ նիստը, որին Հայաստանից բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ ԱԺ պատգամավորներ, ակումբի անդամներ, իշխանական և ընդդիմադիր դեմքեր, այդ թվում՝ պատգամավորներ ԱԺ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից։ Առաջին նիստն անցկացվել է Երևանում՝ անցյալ տարվա նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին։

Նիստի առաջին օրը քննարկվել են տնտեսական թեմաներ, օրակարգում եղել է Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության հարցեր, երկրորդն ազատ ամբիոն էր՝ ով ինչից հասցրել և ցանկացել, նրանից էլ խոսել է։ Առանձնապես մի դարակազմիկ, խիստ կարեւոր հարցեր չեն քննարկվել, ընդամենը մտքերի փոխանակում է կատարվել։

«Հրապարակ»-ին ասել են, որ քննարկմանը մի քանի անգամ շեշտադրում է արվել ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների վրա։ Մասնավորապես այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք պետք է մեր դիտակետում պահենք տրանսպորտային հանգույցների միացումը, կարծիքներ են հնչել, որ պետք է Իրանից դեպի Ռուսաստան ելքն իմաստավորվի՝ Հայաստանի՞ տարածքով պիտի մտնեն, թե՞ Ադրբեջանով, հատկապես, որ ԵԱՏՄ-ն Իրանի հետ սերտացրել է համագործակցությունը։ Այսինքն՝ Ռուսաստանը շահագրգռված է ավելի շատ Ադրբեջանո՞վ կապը պահի Իրանի հետ, թե՞ Հայաստանով։ Այսպիսի հարցադրումներ ու մտքերի փոխանակություն է եղել։

Ակումբի նիստին մասնակցել է նաև ֆինանսների նախկին նախարար, այժմ «Վալեքս» ընկերությունների խմբի ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։ Նա ասել է, որ այդ հարթակների նպատակն այն է, որ ցույց տան՝ ռուս-հայկական բարեկամական և տնտեսական հարաբերությունները միշտ օրակարգային հարցեր են եղել։ «Ես քանի որ էստեղ «նովիչոկ» եմ, առաջին անգամ եմ մասնակցում, չեմ կարող ասել՝ նախկինում ինչ թեմաներ են քննարկվել, բայց այս անգամ ավելի շատ տնտեսական ուղղվածություն ուներ օրակարգը՝ Ռուսաստան-Հայաստան ընդհանուր տնտեսական զարգացումներ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական եւ բացասական էֆեկտները»,- ասել է պարոն Արամյանը։

Ակումբի հիմնադիր անդամ է և այս անգամ էլ ակումբի հավաքին մասնակցում էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։ Նշենք, որ նախորդ նիստին Երևանում մասնակցել է նաև ինքը՝ Քոչարյանը, բայց այս անգամ նա ֆիզիկապես չէր կարող, քանզի կալանավորված է։ Նա էլ իր կողմից ասել է․ «Կարծում եմ՝ դեռ շատ աշխատանք կա անելու, և ակումբը պետք է գտնի դեռ այդ մաքսիմալ արդյունավետ աշխատելու ճանապարհներն ու ֆորմատները»։

Նրա խոսքով՝ նիստը երկրորդ անգամվա համար բավականին ներկայացուցչական էր։ «Քանի որ ակումբը հռչակել է սկզբունք, որ իր նիստերին պետք է հրավիրի ե՛ւ իշխանությանը, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նման հրավերներ ուղարկվել էին, մի մասն ընդունվել էր, մի մասը չէր ընդունվել, հայկական կողմից, օրինակ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կային, այդ թվում՝ ՀՅԴ-ի։ Ռուսական կողմից մասնակցում էր ՌԴ նախագահի խորհրդական Գլազևը, հայկական կողմից ամենաբարձր ներկայացուցիչը ՌԴ-ում ՀՀ դեսպանն էր։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ նոր-նոր իր աշխատանքներն սկսող հարթակի համար կազմը բավականին ներկայացուցչական էր»,- ասել է Սողոմոնյանը։

Նաև ասել է, որ ինքը չէր ուզենա կանգ առնել ինչ-որ մի կոնկրետ ելույթի կամ կոնկրետ մի շեշտադրման վրա՝ նշելով, որ շուտով ակումբի կայքում կհրապարակվեն ամբողջական նյութերը նիստից»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ