«Փաստ»-ը գրում է․ «Վերջին շրջանում հացը կրկին 10-20 դրամով թանկացել է: Նախորդ թանկացումը մոտ 6 ամիս առաջ էր տեղի ունեցել: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ վերջին 6 ամիսների ընթացքում հացը թանկացել է 20-30 դրամով, ինչը, համաձայնեք, որ բավականին մեծ հարված է միջին և ցածր եկամուտ ունեցող սպառողների համար, որոնք կազմում են ազգաբնակչության մոտավորապես 70 տոկոսը:
Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում և ինչու է հանկարծ մեկ գիշերվա մեջ հացը կրկին սուսուփուս թանկացել, «Փաստը» փորձեց կապ հաստատել հաց արտադրող մի քանի ընկերությունների հետ: Մարտունու «Արև -1» հացի գործարանից մեզ տեղեկացրին, որ իրենք մշտապես տեղական ալյուրից են հաց թխել, և վերջին շրջանում իրենց հացի գինը երբեք էլ չեն թանկացրել: Այսինքն՝ ալյուրի միջազգային գներից կախված չեն եղել: Ինչ վերաբերում է փռի գործունեությանը, ապա ընկերության հաշվապահը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջիկայում իրենք դադարեցնելու են հացի արտադրությունը, քանի որ այն այլևս եկամտաբեր չէ:
«Ամբողջ եկամուտը հոսանքի ու գազի վարձը վճարելուն ենք ուղղում, տակը ոչինչ չի մնում, քանի որ մեր ապարատները հին են, շատ են հոսանք ծախսում»,- ասաց գործարանի հաշվապահը:
Փորձեցինք նաև կապ հաստատել «Բոքոնիկ» հացաբուլկեղենի ցանցի տնօրինության հետ, սակայն տեղեկատվական բազայում նշված՝ ընկերության մասնաճյուղերի հեռախոսահամարների մի մասին պատասխանող չկար: Մասնաճյուղերից մեկից մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ հացի գինը չի թանկացել: Չնայած, մեր լրագրողը այստեղ հացաբուլկեղենի թանկացում, այնուամենայնիվ, արձանագրել էր: Հարցին, թե ալյուրն իրենք ինչ գնով են ձեռք բերում, հեռախոսին պատասխանող մատակարարման բաժնի աշխատակիցն ասաց, որ ինքը նման հարցերի պատասխանել չի կարող:
«Մոտեցեք մասնաճյուղերի մենեջերներին, իրենց նման հարցերով դիմեք: Ես իրավասու չեմ նման հարցերի պատասխանել»,- ասաց աշխատակցուհին:
«Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի հետ նույնպես կապ հաստատել չհաջողվեց, չնայած, որ հացի տեսականու թե՛ առաջարկը, թե՛ վաճառքն ամենաշատն այնտեղ է: Մեր բոլոր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան, թեև մեր լրագրողական դիտարկումները ցույց են տվել, որ առաջինը հենց այս խանութների ցանցում է հացամթերքը թանկացել. լավաշը 25 դրամով, հացը՝ 10:
«Սևանի հացի գործարան» ՓԲԸ տնօրեն Աշոտ Ավետիսյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենց արտադրատեսակներից միայն լավաշի գինն է թանկացել, քանի որ ալյուրի գնի թանկացման պայմաններում հնարավոր չի եղել լավաշի գինը նույնը պահել:
«Հացի թանկացման պատճառն այն է, որ ալյուրն է թանկացել: Մեկ պարկի գինը 3 դոլարով թանկացել է: Եթե նախկինում այն 21 դոլարով էինք ձեռք բերում, հիմա այն դարձել է 23 դոլար: Բայց ալյուրի գինը կարող է ավելի թանկանալ, քանի որ Ռուսաստանում արդեն թանկացել է»,- ասաց Ա. Ավետիսյանը:
Ստացվում է, որ այս թանկացումը դեռ վերջինը չէ, ավելին՝ առաջիկայում կարող է էլ ավելի թանկանալ: Այնպես որ, մեզ մնում է կա՛մ հաց ուտելուց հրաժարվել, կա՛մ քանակը պակասեցնել: Երկու դեպքում էլ կրկնակի կշահեք՝ և՛ չեք գիրանա, և՛ գումար կխնայեք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը