01 03 2019

ՊԵԿ-ն ավելի շատ գումար վերադարձրել է, քան գանձել․ ինչո՞ւ․ «168 Ժամ»

ՊԵԿ-ն ավելի շատ գումար վերադարձրել է, քան գանձել․ ինչո՞ւ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Դեռևս անցած տարվա վերջին ակնհայտ դարձավ, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման առումով ինչ-որ բան այնպես չէ։ ՊԵԿ-ը հնարավոր ամեն ինչ արեց բյուջեի բարձր կատարողական ցույց տալու համար։

Մասնավորապես, դեկտեմբերի վերջին օրերին մուտքագրվեցին բավական խոշոր գումարներ, որոնց ծագումը լուրջ կասկածների տեղիք տվեց։ Ու որքան էլ ՊԵԿ-ը փորձեց որոշակի բացատրություն տալ դրան, այնուհանդերձ, կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև ավելի խորացան։ Դրանք պահպանվում են նաև այս տարվա սկզբի ցուցանիշներում։

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվարի կատարողականը։ Առաջին հայացքից նախորդ տարվա համեմատ՝ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են։ Այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Հավանաբար դա է եղել պատճառը, որ ՊԵԿ-ը խուսափել է փոփոխությունները ներկայացնել նաև անցած տարվա համեմատությամբ։ Այլապես կստացվեր, որ որոշ հարկատեսակների գծով մուտքերը մի քանի հարյուր տոկոսով նվազել են։

Դատելով հրապարակված ցուցանիշներից` շահութահարկի գծով այս տարվա հունվարին պետական բյուջեն ոչ միայն եկամուտ չի ստացել, այլև մինուսով է փակել։ Մուտքերն այս հարկատեսակի գծով կազմել են -1,4 մլրդ դրամ։

Սա ըստ էության նշանակում է, որ ՊԵԿ-ն ավելի շատ գումար է վերադարձրել հարկատուներին, քան գանձել է։ Բնականաբար, հարց է առաջանում` ո՞րն է դրա պատճառը։ Պատճառը հավանաբար պետք է փնտրել անցած տարվա վերջի ցուցանիշներում։

Դեկտեմբերին ՊԵԿ-ը շահութահարկի բարձր մուտքեր ապահովեց։ Այն հասավ գրեթե 34 մլրդ դրամի։ Սա այդ շրջանի համար ռեկորդային բարձր ցուցանիշ էր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերը շահութահարկի հաշվետու ամիս չէ։

Համեմատության համար ասենք, որ անցած տարի շահութահարկի ամենաբարձր կատարողականն ապահովվել էր ապրիլին. այդ ամսին մուտք էր եղել 36 մլրդ դրամ, ինչը միանգամայն բնական էր` հաշվի առնելով, որ ապրիլը հանդիսանում է շահութահարկի վճարման հաշվետու ամիս։ Միշտ էլ այդ ամսին մուտքերն անհամեմատ ավելին են լինում։ Բացառություն չէր նաև անցած տարին։

Տարօրինակ էր, սակայն, որ դեկտեմբերը ևս առանձնացավ շահութահարկի վճարման բարձր ակտիվությամբ։ Հատկապես այն բանից հետո, որ նոյեմբերին այս հարկատեսակի մուտքերը պակաս էին նույնիսկ 1 մլրդ դրամից։

Ինչո՞վ էր պայմանավորված անցած տարվա դեկտեմբերին շահութահարկի մուտքերի կտրուկ ավելացումը, այդպես էլ պատասխան չտրվեց։ Ամեն դեպքում, այս տարվա հունվարին այդ հարկատեսակի գծով գրանցված բացասական պատկերը որոշակի ենթադրությունների տեղիք է տալիս։ Ըստ ամենայնի, հունվարին Պետեկամուտների կոմիտեն հետ է վերադարձրել շահութահարկի գծով անցած տարվա դեկտեմբերին որոշ գերպարտաճանաչ հարկատուների կողմից ավելի վճարված գումարները։ Արդյունքում՝ մուտքերի ու ելքերի բացասական պատկեր է ստացվել։

Նշենք, որ 2018թ. հունվարին շահութահարկի վճարները գերազանցել էին 2,9 մլրդ դրամը։ Մինչդեռ այս տարվա հունվարին դրանք կազմել են -1,423 մլն դրամ։

Իհարկե, սա միակ հարկատեսակը չէ, որի գծով մուտքերը հունվարին բացասական նշանով են։ Այդպիսին է պատկերը նաև բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների դեպքում, որոնք ևս անցած տարվա դեկտեմբերին կտրուկ փոփոխություններ էին կրել։ Եթե նոյեմբերին բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի մուտքերը նույնիսկ բացասական նշանով էին, ապա արդեն դեկտեմբերին արձանագրվել էր բավական բարձր կատարողական` ավելի քան 9,2 մլրդ դրամ։

Այս տարվա հունվարին բնապահպանական հարկը և բնօգտագործման վճարը կազմել է -939 մլն դրամ։ Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում այս հարկատեսակի մուտքերը գերազանցել էին 1,9 միլիարդը։

Բացասական է նաև միասնական հաշվի մնացորդը։ Այս դեպքում տարբերությունը շատ ավելի մեծ է։ Եթե նախորդ տարվա վերջին այն հասնում էր ավելի քան 48 միլիարդի, ապա այս տարին մեկնարկել է -7,3 մլրդ դրամով։

Տարեսկզբին բյուջետային մուտքերի հետ կապված տարօրինակությունները միայն սրանով չեն սահմանափակվում։ Դրանք կապված են նաև մյուս հարկատեսակների հետ։

Այսպես՝ հունվարին ակցիզային հարկի գծով հավաքվել է 10,4 մլրդ դրամի հարկ։ Առաջին հայացքից վատ ցուցանիշ չէ։ Բայց այն էապես զիջում է անցած տարվա նույն ամսվա կատարողականը։ 2018թ. հունվարին ակցիզային հարկի մուտքերը կազմել էին 16,8 մլրդ դրամ։ Այլ կերպ ասած` 2019թ. պակաս է հավաքվել 6,4 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ անցած տարի ակցիզային հարկի բյուջետային մուտքերը տարվա կտրվածքով բավական կտրուկ` ավելի քան 32 տոկոսով աճ էին գրանցել։ Իհարկե, պայմանավորված նաև հարկային բեռի ծանրացմամբ։ Ինչպես հայտնի է, 2018թ. սկզբին բարձրացավ մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը։ Նույնը եղավ այս տարվա սկզբին։

Ի տարբերություն շահութահարկի` տարեսկզբին կտրուկ աճ է գրանցվել եկամտային հարկի գծով։ Այն կազմել է 38,3 մլրդ դրամ։ Դրա վրա, ըստ ամենայնի, դրական ազդեցություն է ունեցել թաքնված աշխատատեղերի և աշխատավարձերի բացահայտումը։ Ինչպես հայտնի է, իշխանափոխությունից հետո գրեթե 4 տասնյակով ավելացել են հայտարարագրված աշխատատեղերը, ինչը դրական գործոն է եկամտային հարկի մուտքերի համար։

Դրանով հանդերձ, տարօրինակ է եկամտային հարկի ավելի քան կրկնակի աճը։ Նույնիսկ դեկտեմբերի համատարած պարգևատրումների պայմաններում այդ հարկատեսակի մուտքերն ավելի քիչ են եղել, քան հունվարին։

Աշխատատեղերի հայտարարագրումը, ինչպես նաև կենսաթոշակային կուտակային համակարգին ամբողջական անցումը նպաստել է նաև սոցիալական վճարների ավելացմանը։ Դրանք գրեթե կրկնապատկվել են։

Կտրուկ շրջադարձ է արձանագրվել հատկապես շրջանառության հարկի գծով։ Հարկատեսակի մուտքերը հասնում են գրեթե 6,7 մլրդ դրամի։ Այնինչ նախորդ տարվա հունվարին դրանք կազմել էին ընդամենը 13-14 մլն դրամ։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ բոլորն անսալով վարչապետի հորդորին` սկսել են մասսայական ՀԴՄ կտրոն պահանջել, ինչն էլ հանգեցրել է շրջանառության հարկի մուտքերի նման կտրուկ ավելացման։

Իրականում, իհարկե, այդպես չէ։ Պարզապես անցած տարվա հունվարին ՊԵԿ-ը գրեթե շրջանառության հարկ չէր հավաքել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ