«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Դավիթ Սանասարյանը դեռ ամիսներ առաջ որոշ տեղերում հոխորտացել է, որ եթե «էսպես շարունակվի, դուրս եմ գալու, դառնամ ընդդիմություն»: Թե ինչ է նկատի ունեցել՝ «էսպես շարունակվի» ասելով՝ աղբյուրը չի մանրամասնում, բայց վկայում է, որ խոսակցությունը հասել է Նիկոլ Փաշինյանի ականջին։ Սրանից հետո, թեև այդ մասին որոշում է եղել, որոշվել է, որ Դավիթ Սանասարյանը չի գնալու խորհրդարան, այլ մնալու է նշանակովի պաշտոնում, որտեղից նրան հնարավոր լինի ազատել։ Այնպես որ, մութ սև ամպեր ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գլխին նոր չէ, որ կուտակվել են։
Ի վերջո, չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը Վերահսկողական ծառայության պետին մշտապես փորձել է զգուշացնել․ նշանակման ժամանակ հայտարարում էր, որ հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում, վերջերս էլ ԱԺ-ում, թերևս, հնչեց մի վերջին նախազգուշացում։
Նկատի ունենք՝ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի ուղղված քննադատություն-ակնարկը, որի հասցեատերը, շատերի գնահատմամբ, հենց Սանասարյանն էր։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է և պետք է շարունակեն գործել այնպես, ինչպես նախկինում՝ սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Ասեն, փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։
Իր աշխատանքային գործունեությունը պահնորդից սկսած Դավիթ Սանասարյանը մինչև իր կյանքի երկրորդ՝ իշխանական շրջանը և ամենազոր վերահսկողական ծառայության պետի թանկարժեք կոստյումները հագնելը քաղաքացիական-քաղաքական հարուստ կենսագրության տեր մարդ էր, ում լրագրողները հարգում էին ոստիկանների հետ դուխով կռիվ տալու, տղամարդկային կեցվածքի ու նաև՝ ի նշան բողոքի տարբեր առիթներով արվող հացադուլների համար։
Դավիթ Սանասարյանն էլ այն ժամանակ տարբերություն չէր դնում ՝«սև ու սպիտակ» լրատվամիջոցների միջև, մեծ սիրով հարցազրույցներ էր տալիս «կլասիկ սև»-երի լրագրողներին, նրանց անգամ կոչում էր՝ ընկեր, և ամենակարևորը, բարևում էր։ Հիմա չի բարևում, չի պատասխանում ֆեյսբուքյան գրություններին, ոչ էլ հեռախոս է վերցնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը