7or.am-ը գրում է.
«Սովետական տարիներին մի կարգախոս կար՝ «Կադրերն են ամեն ինչ որոշում»:
Ուզում էին ասել, որ ինչ ծրագիր ու նպատակ էլ դնես, միևնույն է վերջում դրանք պետք է կոնկրետ մասնագետներն իրականացնեն:
Սովետներն իրենց գաղափարախոսության շրջանակներում ստեղծել էին կադրային դարբնոց: Լավն էր այդ դարբնոցը, թե ոչ, կա և՛ դրական, և՛ բացասական պատասխան:
Կադրային սովի ժամանակաշրջան
Հետսովետական Հայաստանում կադրերի հարցը պետական համակարգում թիվ մեկ խնդիրներից է մնացել մինչև օրս: Սկզբում տարածվեց «Թող պոլի փեդ լինի, բայց ՀՀՇ-ից լինի»կարգախոսը: Այսինքն՝ առաջին պլան մղվեց թիմակից լինելը, այլ ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշները:
90-ականների կեսերից այդ սկզբունքին զուգահեռ այլ սկզբունքներ էլ շրջանառվեցին, բայց միևնույն է այպես կոչված թիմայինը դեռ գերակայում էր պրոֆեսիոնալին:
Պրոֆեսիանալ պետական ծառայողներ պատրաստելու և կադրային դարբնոց ստեղծելու ճանապարհին արվեցին ճիշտ քայլեր: Նախ ընդունվեց պետական ծառայողի մասին համապատասխան օրենսդրություն, ապա ստեղծվեց կառավարման դպրոց: Պետական կառավարման համակարգում միջին ու ստորին օղակներում հարաբերական կայունացում արձանագրվեց՝ կադրային բարձր հոսունությունից հետո, բայց վերևում դեռ «ավանդական»բարքերն էին: Այդ «ավանդական» բարքերի փոփոխության համար մեծ դեր պետք է վերցնեին արդեն կուսակցությունները, որոնք վոժդիզմից պետք է անցում կատարեին կադրային կուսակցությունների ձևավորման սկզբունքին, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դա տեղի չունեցավ: Արդյուքնում՝ իշխող ուժը բալանսավորում էր թիմայինն ու պրոֆեսիոնալը՝ նախապատվությունը տալով թիմայինին, բայց չանտեսելով նաև պրոֆեսիոնալ կադրերին, որոնք, սակայն, ամբողջությամբ ինքնաիրացվելու հնարավորություն չէին ստանում:
Թիմայինի ու պրոֆեսիոնալի բալանսի խախտումն էր նաև, որ հանգեցրել էր հանրային դժգոհության, և մենք նախորդ տարվա մայիսին ականատես եղանք զանգվածների ճնշման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխության:
Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նախկին սխալները պետք է հաշվի առնվեին ու բացառվեին թայֆայական մոտեցումները: Սակայն ստացանք շատ ավելի վատ պատկեր: Հիմա թայֆայական ու թիմային գործոնը ոչ թե գերակայում է պրոֆեսիանոլին, այլ գրեթե 100 տոկոսով գործ ունենք թիմայինի հետ: Պաշտոնի եկան համատեղ քայլածները, գոռացողները, գըմփ-գըմփ-հո՛ւ անողները, ասֆալտին պառկածները, փողոց փակածները, տնեցիները, բարեկամները, ծանոթները, ընկերները և սեփական «ես» չունեցողները: Եվ այս բոլորի մոտ ընդհանուրն այն էր, որ նրանցից գրեթե բոլորը ունեին զրո պատկերացում պետական կառավարումից:
Թիմով կառավարություն կազմելու և պատգամավորական մանդատները բաշխելու մեջ վատ բան չկա, բայց երբ թիմը չունի գիտելիք ու փորձ, իսկ նրանք, ովքեր այնքան էլ թիմի ներսից չեն, բայց պրոֆեսիոնալ են, ենթարկվում են հարձակումների ինչպես թիմի, այնպես էլ Փաշինյանի գիծը պաշտպանող լրատվամիջոցների կողմից, ապա պարզ է դառնում, որ նոր իշխանությունների կարգախոսն է «Կադրերը ոչինչ չեն որոշում»:
Այդ կարգախոսի գործնական դրսևորումը եղավ, մասնավորապես, պարգևավճարների աղմուկի հետ կապված: ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության թիրախավորումը խոսում է այն մասին, որ պոպուլիզմին կառավարությունում դեռևս ավելի շատ տեղ են տալիս, քան ռացիոնալիզմին ու պրոֆեսիոնալիզմին: Այսինքն՝ հանրահավաքները դեռ չեն դադարել. Դրանք պարզապես տեղափոխվել են կառավարության կաբինետներ ու ԱԺ սենյակներ: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն էլ է ընդունում, որ պրոֆեսիոնալ կադրերի առումով իրենք խնդիրներ ունեն:
Շատ լավ է, որ խոսվում է, թե կոռուպցիա չկա ու չի լինելու, բայց դա նաև պետք է նշանակի չինովնիկներին արժանապատիվ վարձատրության ապահովում: Այլապես բոլոր նորմալ կադրերը կգնան պետական համակարգից, ու մենք կմնանք կոկորդիլոսաբույծների ու 40 հազար հեկտար չափող կատարյալ դիլետանտների հույսին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը