«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ համար սովորական է դարձել, որ մեր երկրի առաջին դեմքերն ամենակարևոր բաներն ասում են օտարերկրյա լրատվամիջոցներին: Ահա՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից հարցազրույց է տվել ռուսական ՌԲԿ հեռուստաընկերությանը և շատ ուշագրավ մտքեր է հայտնել: Արժե կարդալ: Բայց իմ ուշադրությունը գրավեց հատկապես տնտեսության և մասնավորապես՝ Դավոսի տնտեսական ֆորումին վերաբերող հատվածը:
Չէ որ ՀՀ վարչապետը 2019-ը հայտարարել է «տնտեսական հեղափոխության» տարի և խոստացել, որ իրենց ողջ ներուժը կենտրոնացնելու են տնտեսական զարգացման ուղղությամբ: Լրագրողի հարցին, թե «ինչ համաձայնություններ եք ձեռք բերել և բերել եք արդյոք Դավոսից ինչ-որ կոնկրետ պայմանագրեր Հայաստանի համար», Փաշինյանը պատասխանել է. «Ես այնտեղից բերեցի կոնկրետ գաղափարներ... մենք այժմ պետք է գտնենք կոնկրետ գործընկերներ հայաստանյան և ռուսաստանյան գործարարների թվում կամ այլ երկրներից գործարարների, քանի որ կան որոշ շատ լավ գաղափարներ»:
Լրագրողը, բնականաբար, հետաքրքրվել է՝ ինչ գաղափարներ են դրանք: Եվ ինչ, պարզվում է՝ ամենաուշագրավ գաղափարը «Իրանի հետ սահմանին մեծ «Մարիոթ» հյուրանոցի կառուցման գաղափարն է»: Եվ վարչապետը բացատրում է, թե որն է «Մարիոթ»-ի քաղաքականությունը, որ նրանք չեն կառուցում շենքը, այլ վարձակալում են, ուստի հիմա պետք է մեկը կառուցի, և դրա համար պետք է ներդրող գտնել, որը կհամաձայնի հյուրանոցի շենք կառուցել և այլն: Իսկ դուք ասում եք՝ տնտեսական աճ, տնտեսական հեղափոխություն, աշխատատեղեր, ՀՆԱ-ի աճ:
Պարզվում է՝ Դավոսից բերված միակ շոշափելի գաղափարը Հայաստանում, կարծեմ, երրորդ «Մարիոթ»-ի կառուցումն է, և հիմա կառավարությունը զբաղված է «Մարիոթ»-ի համար շինարար փնտրելով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը