«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս:
Օրինակներով: Փաշինյանն ասում է՝ ինչ է, մենք մարդ չե՞նք, չե՞նք կարող աշխատանքից ազատ ժամանակ խաշ ուտել: Առաջին հայացքից ճիշտ բան է ասում: Բայց հենց այստեղ մատնում է ռիթմի դանդաղեցումը:
Ուրեմն, սովորական վիճակում, սովորական քաղաքական ադմինիստրացիայի ներկայացուցիչը իրավունք ունի ազատ ժամին խաշ ուտել, լանչի ժամին դուրս գալ լիարժեք մեկ ժամով, վեցից հետո տուն գնալ, շաբաթ և կիրակի չաշխատել, իսկ աշխատելու դեպքում՝ ստանալ հավելավճար: Բայց արդյո՞ք վիճակը սովորական է:
Գոնե հայտարարված մակարդակում վիճակն արտահերթ է, հեղափոխական: Չի կարող ընտրությունը լինել արտահերթ, բայց դրանով ձևավորված գործադիրն ու օրենսդիրը՝ հերթական:
Չի կարող իրավիճակը լինել հեղափոխական, բայց դրա արդյունքում ձևավորված ադմինիստրացիան՝ սովորական: Ուրեմն, կամ հայտարարությունների մեջ չեն անկեղծ, կամ էլ իսկապես չեն ըմբռնում ռիթմը: Ըմբռնման դեպքում խաշի ժամանակ չէր լինելու, գոնե չէր լինելու դրա մասին խոսելու ժամանակ:
Ռիթմից հետո ինձ համար այս իշխանությունների հիմնական մարտավարական սխալը ռեսուրսի, թիմի կոնսերվացումն է: Ի՞նչ նկատի ունեմ սրա տակ: Ապրիլ-մայիս ամիսների պրոցեսների մեջ ներգրավված էին հասարակության տարատեսակ խավեր: Առաջնագծում, հարթակում ՔՊ-ն էր, փողոցային քաղակտիվը, դաշտում հայտնի ՀԿ-ները: Բայց հրապարակում կազմն ավելի բազմազան էր, ու ավելի, այսպես ասած, անկաշկանդ:
Ի պատիվ Փաշինյանի, նա տեղի ունեցողը անվանեց համաժողովրդական շարժում: Շատերի համար համաժողովրդականը թարգմանվում է որպես ամբողջ ժողովուրդ, բայց այն առավել որակական թարգմանություն է՝ ժողովրդի բոլոր շերտերը: Իսկ այն, որ բոլոր կամ գոնե բոլոր շերտերը ներգրավված էին, փաստ է:
Հեղափոխությունը, սակայն, երբ մտավ ադմինիստրատիվ տրանսֆորմացիայի փուլ, սկսեց ինքն իրեն կառուցել ոչ թե հրապարակում, այլ հարթակում եղած ռեսուրսով: Այն, ինչ կար ձեռքի տակ: Այդ պահի համար, երբ կարիք կար պարզապես լցնել նախարարական պորտֆելները, փոխնախարարներ նշանակել, հագեցնել գործադիրը, բնականաբար, կայացվեց պահի որոշում՝ օգտագործվեց ձեռքի տակ եղածը: Ավելին, ձեռքի տակ եղածն այնքան քիչ էր, որ կարիք եղավ ներգրավել նաև այլ ուժերի՝ անունը դնելով անցումային կառավարություն:
Սակայն հեղափոխության իշխանության գալու հաջորդ ամիսներին, ընդհուպ մինչև ԱԺ ընտրություններ և դրանից հետո, իշխանությունը շարունակեց մնալ կայացված պահի որոշման շրջանակներում՝ թիմի ձևավորումը շարունակելով հարթակից: Սովորական այլ իրավիճակում, կրկին, սա նորմալ կլիներ: Սովորական վիճակ կարող էր լինել ընտրություններով փոխված իշխանությունը, որտեղ ՔՊ–ն միայնակ կամ քաղակտիվի ու այլոց հետ դաշինքով կվերցներ իշխանությունը: Բայց իրավիճակը, ինչպես գիտենք, սովորական չէր: Իրավիճակը սովորական չէր, բայց դրա ընկալումը սովորական է, ընդ որում՝ հենց իշխանության մոտ:
Իհարկե, լրիվ հետ կանգնել համաժողովրդականության հանգամանքից չէր ստացվի: Մանավանդ, որ ՔՊ–ն ու հարթակի ադմինիստրացիան իրենք իրենցով չէին «ծածկում» գործադիրը, օրենսդիրն էլ հավել յալ խնդիր էր դառնալու կադրային սովի պայմաններում: Ըստ այդմ, տարբեր հարթակներից՝ Ֆեյսբուքից, մեդիադաշտից, իրավական, ուժային, սպորտային ոլորտներից ներգրավվեցին մարդիկ:
Ներգրավվեցին, սակայն ոչ թե հրապարակի ռեսուրսի բնական ընտրության միջոցով, այլ պոպուլ յարության: Ո՞վ կա տնտեսագետ՝ էսինչյանը, ո՞վ կա սպորտից հայտնի՝ էսինչյանը, ո՞վ կա մեդիադաշտ-շոուբիզնես խաչմերուկից՝ էսինչյանը: Ներթիմային հավաքներում ասել-խոսելով, անուններ տալով: Ահա այսպես՝ պարզ ու կենցաղային:
Եկեք մոռանանք
Ո՞րն է այդ դեպքում խնդիրը, եթե ամեն բան բացատրություն ունի, հատկապես ունի օրինաչափություններով հաստատված ավանդույթ մեր դեպքում: Խնդիրը ակնկալիքի և իրականության բախումն է, սահմանված և իրական ռիթմերի միջև խզվածքը, առիթմիան: Սահմանվել են հեղափոխական անելիքներ, բայց չկա այդ անելիքների տակից դուրս գալու պատրաստ թիմ, որովհետև թիմը կազմվել է ոչ թե անելիքների տակից դուրս գալու, այլ իշխանությունը պահելու և լոյալության սկզբունքով: Սահմանվել է ակնկալիքների իրականացման կարճ ժամկետ, թռիչքաձև զարգացում և այլն, բայց իշխանության ռիթմն ակնհայտորեն դանդաղ է, լավագույն դեպքում՝ սովորական:
Օբյեկտիվորեն, եթե, իհարկե, մոռանանք հեղափոխության հանգամանքը ու ենթադրենք, թե իշխանությունը փոխվել է, ասենք, ընտրություններով, ամեն ինչ նորմալ է:
Հայաստանի հասարակական օրգանիզմը «նստած» է սպառման ասեղի վրա, այն արտադրում է մոտավորապես այնքան, ինչքան սպառում է, ու դժվար թե այդ օրգանիզմից ծնվի այնպիսի մի ադմինիստրացիա, էլիտա, որ կարողանա արագընթաց կերպով մեզ առաջ տանել:
Սովորական իշխանություն է, իր ներքին բարքերով, խաշով, ծնունդով, պարգևավճարներով, դեռևս քիչ կոռուպցիայով, անզգույշ հայտարարություններով, բայց հիմնականում իրավիճակին տիրապետող, իշխանություն պահող, թափուր պաշտոններին մարդկանց նշանակելու ունակ: Խնդիրն էլ հենց այն է, որ այս ամենը սովորական ընկալելու համար պիտի մոռանանք հեղափոխության հանգամանքը: Ես պատրաստ եմ այն մոռանալ, որպեսզի պատկերը լիարժեք ու ներդաշնակ ընկալեմ: Բայց պատրա՞ստ են, արդյոք, հեղափոխության շահառուները և վստահորդները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը