Zham.am-ը գրում է․ «Մնացականանյան - Մամեդյարով վերջին հանդիպումը լուրջ հույսեր է առաջացրել միջնորդների մոտ` Ղարաբաղի հարցի լուծման հարցում: Հետաքրքիր է, որ այս հանդիպումից անմիջապես հետո հատուկ հայտարարությամբ հանդես եկան միջնորդները: Բացի այդ, Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում միջնորդների մեսիջը կրկնեցին Թրամփն ու Մոգերինին:
Բայց այստեղ ամենակարևորը այդ մեսիջների ոչ թե ձևն է, այլ` բովանդակությունը: Նախկինում էլ էին այդպիսի հորդորներով հանդես գալիս միջնորդները: Սակայն նախկինում նշվում էր, թե ինչ սկզբունքների հիման վրա էին միջնորդները պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը: Խոսքը գնում էր երեք հայտնի սկզբունքների մասին՝ տարածքային պահպահման, ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման վերաբերյալ: Ադրբեջանը միշտ դժգոհ էր մնում այս մոտեցումից, քանզի ամրագրված այս սկզբունքները իրեն չէին բավարարում: Ավելին, Բաքուն մեղադրում էր միջնորդներին երկակի ստանդարտների կիրառման մեջ, քանզի Ղրիմի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հարցում նույն ամերիկացիներն ու եվրոպացիները ընդունում էին երկու սկզբունքները՝ ուժի չկիրառումն ու տարածքային ամբողջականության սկզբունքը, սակայն բացակայում էր ազգերի ինքնորոշման դրույթը: Ղարաբաղի հարցում, ադրբեջանցիների կարծիքով, թե ռուսները, և թե ամերիկացիները կիրառում են երկակի ստանդարտներ: Եվ հենց դրա համար էլ, ըստ Բաքվի, այս հարցում առաջխաղացում չէր արձանագրվում:
Բոլորովին այլ է այսօրվա փաշինյանական Հայաստանի հետ բանակցային գործընթացի տրամաբանությունը: Այսօրվա «Նոր Հայաստանի» ղեկավարներից ադրբեջանցիները գոհ են: Բանակցությունները ընթանում են «շատ հաջող», իսկ այդ սկզբունքների վրա էլ, արդեն միջնորդները հղում չեն կատարում:
Այսօր արդեն նոր ձևակերպում է առաջ եկել՝ «սեփական հասարակություններին պատրաստել խաղաղության»: Ընդ որում, այս բանաձևից հատկապես գոհ են ադրբեջանցիները: Քանզի համոզված են, որ այս բանաձևը հիմնականում վերաբերվում է Փաշինյանին ու իր «հպարտ քաղաքացիներին»: Քանզի հենց Հայաստանից է ակնկալվում, փաստացի միակողմանի զիջումների գնալը, և ուրեմն Հայաստանի հասարակությանը պետք է պատրաստել, որպեսզի հնարավոր լինի այն իրականացնել:
Հետաքրքիր է, որ վերջին օրերին դիվանագիտական սկանդալ էր առաջացել Մոսկվայի ու Բաքվի միջև այն պատճառով, որ Բաքուն մերժել էր հերթական անգամ երկիր մուտք գործել հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին, արդարանալով, թե իբր քանի դեռ Ղարաբաղյան հարցը լուծված չէ, հայերի մուտքը Ադրբեջան փակ կլինի:
Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ խաղաղության պետք է պատրաստվի Հայաստանի հանրությունը: Ճիշտ կլիներ, որ այս հարցի շուրջ իր հերթական «լայվերից» մեկում պարզաբաներ Փաշինյանը: Թե չէ անհարմար բան է ստացվում, խաշի մասին նպատակահարմար է համարում խոսել, իսկ Ղարաբաղի վերաբերյալ՝ ոչ: Եթե մենք այդքան հաջող պայմանավորվածության ենք եկել ադրբեջանցիների հետ, ապա ինչու՞ ենք լռում այդ մասին:
Եվ վերջապես, ո՞րն է այն բանաձևը, որը այդքան ոգևորել է ադրբեջանցիներին այս հարցում, որ իրենց պայմանները կատարելու դեպքում, նրանք սիրահոժար թույլ կտան հայերին այցելել Բաքու:
Կարծում ենք, որ Փաշինյանի այս «լայվի» ժամանակը հասունացել է, և դրան սպասում են բոլորը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք Zham.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը