1in.am-ը գրում է․ «Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ թվով հինգերորդ հանդիպումը։ Այս պահին դժվար է ասել՝ ինչ արդյունքներ կարձանագրվեն դրա ընթացքում, ամենայն հավանականությամբ, մենք հանդիպումից հետո կլսենք դիվանագիտական ընդհանուր ձևակերպումներ պարունակող մի քանի հայտարարություններ, ոչ ավելին։
Հասկանալի է, սակայն, որ հանդիպման իրական արդյունքները հեռու են պահվելու հանրությունից, առավել ևս՝ եթե իրական են հայկական, ադրբեջանական, ինչպես նաև միջազգային փորձագիտական մի շարք շրջանակների կանխատեսումները, որ այս տարի կարող է բեկում տեղի ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Հեղափոխությունն ու Արցախի հարցը
Նախորդ տարվա մայիսի 9-ին՝ հեղափոխությունից գրեթե անմիջապես հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ ինքը՝ չլինելով ղարաբաղյան ծագմամբ գործիչ, իրեն իրավունք չի վերապահում բանակցելու Արցախի անունից, և որ Արցախն անպայմանորեն պետք է ընդգրկվի բանակցային գործընթացում։ Այն ժամանակ այս հայտարարությունն ընկալվեց որպես հեղափոխական իշխանության կողմից ղարաբաղյան խնդրի առնչությամբ հայտնված հեղափոխական դիրքորոշում։ Տրամաբանությունը հուշում էր, որ այդ հայտարարությանը պետք է հետևեր հայկական դիվանագիտության անդադար աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու ուղղությամբ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը իրավացիորեն գրեթե բոլորի կողմից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս որակվեց որպես բանակցային գործընթացի շարունակականության նախապայման։ Հնչեցին նաև քննադատական, մտահոգիչ գնահատականներ այն մասին, որ նման ձևակերպմամբ նախապայման ներկայացնելը հղի է բանակցային գործընթացը դադարեցնելու վտանգով, ինչի այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը։
Գուցե։ Հնարավոր է Նիկոլ Փաշինյանը հաշվի առավ այդ քննադատությունը և այլևս գրեթե չխոսեց Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու մասին։ Ոչ թե չխոսեց ընդհանրապես, այլ մեղմացրեց այդ մասին իր հայտարարություններն ավելի ընդհանուր ձևակերպումներով, որոնք գրեթե աղերս չունեին նրա ստեփանակերտյան թեզի հետ և որոնք գրեթե իդենտիկ էին նախորդ իշխանությունները համանման հայտարարություններին։ Բնականաբար, մենք ականատես չեղանք նաև հայկական դիվանագիտության ջանադիր աշխատանքին, որը սնուցվելով հեղափոխական էներգիայով, հանրային աննախադեպ լեգիտիմության տրանսֆորմացված այդ էներգիայի հնարավորություններով, պետք է աներ առավելագույնը՝ ղարաբաղյան հարցում, եթե ոչ թելադրողի, ապա առնվազն նախաձեռնողի, օրակարգ պարտադրողի կարգավիճակում հայտնվելու համար։
Չարեց։ Եվ անցած ինն ամիսների ընթացքում մենք ականատես եղանք հայկական դիվանագիտության արձագանքողական մարտավարությանը, երբ մեր արտգործնախարարը կամ ԱԳՆ-ն ղարաբաղյան հարցում որևէ դիրքորոշում էին ներկայացնում միայն ի պատասխան ադրբեջանական կողմից հնչող այս կամ այն հայտարարության։ Զոհրաբ Մնացականյանը՝ լինելով դիվանագիտական համակարգի երկարամյա ներկայացուցիչ ինչպես եվրոպական կառույցներում, այնպես էլ ՄԱԿ-ում (թեև երկու դեպքում էլ՝ և՛ ԵԽ-ում, և՛ ՄԱԿ-ում նա տարիներ շարունակ ապահովել է ռուսական շահին չհակադրվելու, ռուսական շահերին համահունչ քվեարկելու՝ նախկին իշխանությունների քաղաքականության իրականացումը), անցած ինն ամիսների իր աշխատանքով ցույց տվեց, որ լինելով գերբարեկիրթ և արարողակարգային տեսանկյունից գերներկայանալի դիվանագետ, նախաձեռնող չէ որպես արտգործնախարար։ Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մենք տեղյակ չենք Փաշինյան-Մնացականյան հարաբերություններին, դրանց սուբորդինացիային ու ոչ ֆորմալ պայմանավորվածություններին, գուցե Մնացականյանը արտգործնախարար է նշանակվել բացառապես Փաշինյանի գաղափարներն ու մոտեցումները սպասարկելու և սեփական ստեղծարարությունը չարտահայտելու պայմանով։
Բացի դրանից՝ անցած ինն ամիսներին Մնացականյանը ղեկավարել է ԱԳՆ-ն՝ նախկին ռեժիմի դիվանագիտական կադրերով, միայն վերջերս են սկսել դեսպաններ փոխվել։ Բայց անկախ այս հանգամանքներից, ցավով պետք է արձանագրել, որ հետհեղափոխական Հայաստանի դիվանագիտությունը անցած ինն ամիսներին գրեթե ամբողջությամբ զերծ է եղել ու է՛ ստեղծարարությունից, նախաձեռնողականությունից, նոր գաղափարների գեներացումից ու իրականացումից, ինչպես, ընդհանուր առմամբ, աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ ու առավել ևս՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Պատճառների մի մասը վերը նշվեց, սակայն ոչ պակաս կարևոր պատճառ է նաև այն, որ ՀՀ իշխանության ու հայկական դիվանագիտության ողջ ներուժը այսքան ամիսների ընթացքում ծախսվել ու ծախսվում է բացառապես ռուսաստանահաճ քաղաքականության իրականացման, արևմտյան աշխարհի հետ հարաբերություններում որևէ այնպիսի քայլի բացառման վրա, որը Ռուսաստանում չի ընկալվի որպես ինքնիշխանության դրսևորում։ Այս պայմաններում թերևս պետք է օրինաչափ համարել, որ հայկական դիվանագիտությունը ղարաբաղյան հարցում հանդես է գալիս մեծ մասամբ Մամեդյարովին պատասխանողի խղճուկ դիրքերից։
Բաց թողնված հնարավորություններ ու թուլացած դիրքեր
Ռազմավարական պլանավորման տեսություններում և պրակտիկայում արդեն մի քանի տասնամյակ լայնորեն կիրառվում է հայտնի SWOT մատրիցան (S-Strengths` ուժեղ կողմեր, W-Weaknesses՝ թույլ կողմեր, O-Opportunities՝ հնարավորություններ, T-Threats՝ սպառնալիքներ)։ Թույլ և ուժեղ կողմերը վերաբերում են դիտարկվող համակարգի ներքին, հնարավորություններն ու սպառնալիքները՝ արտաքին միջավայրերին։ Մատրիցայի նպատակն այն է, որ համապատասխան զուգորդումների (իրադարձության զարգացման այս կամ այն սցենարի) միջոցով ներքին միջավայրի ուժեղ կողմերն ու արտաքին միջավայրի հնարավորություններն օգտագործվեն թույլ կողմերի վերացման և սպառնալիքների հաղթահարման, վերացման նպատակով։ Այս մատրիցան իր ճկունության ու բազմագործունեության շնորհիվ կիրառելի է ոչ միայն բիզնեսի պլանավորման ու կառավարման, այլ նաև քաղաքական գործընթացների մոդելավորման համար։ Այդ թվում՝ արտաքին քաղաքականության։ Եվ ուրեմն, բոլոր գործոնների մեջ չխորանալով՝ (ծավալային սահմանափակության պատճառով) նշենք՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ մասնավորապես, հնարավորությունների լայն դաշտ էր ստեղծել արտաքին միջավայրում և ուժեղ կողմերի հավաքականություն էր ընձեռել ներքին միջավայրում։
Նույնկերպ ակնհայտ էր, որ որպես ներքին միջավայրի թույլ կողմ առաջին հերթին հանդես էր գալիս ու է՛ դիվանագիտական կադրային բազան և արտաքին քաղաքականության մշակման ու իրականացման մտքի, գաղափարների գեներացման կենտրոնների բացակայությունը (թե՛ մեկ, թե՛ մյուս ուղղություններով հեղափոխությունից հետո որևէ խորքային քայլ չի արվել, բացի ցուցանակային նշանակումներից)։ Ինչ վերաբերում է սպառնալիքներին, ապա դրանք հետհեղափոխական ինն ամիսներին ոչ միայն չեն նվազել, այլ ավելացել են՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խորացող անվստահություն (իսկ Ռուսաստանը անվստահելիներին պատժելու մի քանի մեթոդ ունի, որը մեր դեպքում կարող է արտահայտվել պատերազմով, ինչպես, օրինակ, 2016 թվականի ապրիլին կամ ղարաբաղյան բանակցություններում պրոադրբեջանական դիրքորոշմամբ), Եվրամիության հետ հարաբերությունների ակնհայտ պասիվացում (ինչը կարող էր զսպող գործոն լինել ռուսական վտանգների արտահայտման դեպքում), ԱՄՆ-ի հետ հարաբերություններում անորոշություն այն պայմաներում, երբ թուրք-ամերիկյան հակասությունների ֆոնին կարող է տեղի ունենալ ռուս-թուրքական հերթական մերձեցումը, իսկ Իրանի հարցում ամերիկյան քաղաքականության տեսանկյունից էլ Ադրբեջանի կարևորությունը աճում է մի քանի անգամ։
Ահա այս պայմաններում է տեղի ունենում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, որը մեծ հավանականությամբ հիմքեր է ստեղծելու դեռևս միայն «վերելակային դիվանագիտության» փորձ ունեցող Նիկոլ Փաշինյանի ու արդեն երեք ժամկետ նախագահի պաշտոնը զբաղեցնող Իլհամ Ալիևի միջև։ «Զրո նախաձեռնողականություն-զրո հնարավորություններ» պայմաներում։ Մինչդեռ անցած ինն ամիսը բավարար ժամանակ էր ղարաբաղյան բանակցություններում իրավիճակ փոխելու համար, ինչպես սիրում են ասել հեղափոխականները։
Մսխումների սարսափից
Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հայտարարությունը Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, անցած ինն ամիսներին կարող էր միս ու արյուն ստանալ այնպես, որ անգամ որպես նախապայման ներկայացվելու դեպքում ընդունելի լիներ աշխարհի համար։ Ընդունելի լիներ այնքան ու այնպես, որ աշխարհը, այդ թվում՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների նախաձեռնող ԱՄՆ-ն և դրանք մերժող ու «Լավրովյան պլանն» առաջ մղող Ռուսաստանը Ադրբեջանին դնեին դա ընդունելու անայլընտրանք վիճակում։ Բայց դրա համար պետք էր ինն ամիսներին աշխարհի հետ խոսել ոչ թե «ռուսերեն»՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, այլ աշխարհի լեզվով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանին՝ Զոհրաբ ՄՆացականյանի գործուն մասնակցությամբ կամ պասիվ հետևողականությամբ, հաջողվել է հեռանալ Եվրոպայից ու ԱՄՆ-ից՝ Կրեմլի դռները թակելու անփառունակ փորձերի շարունակվող պայմաններում։
Այսօր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մաիլյանը կարող էր նստած լինել Մնացականյան-Մամեդյարով հանդիպման բանակցային սեղանի շուրջ։ Բայց չէ՛։ Որովհետև ինն ամիսը բավական դարձավ հեղափոխության կապիտալն ու էներգիան ներքին շոուների ու արտաքին ողորմածության փնտրտուքի վրա մսխելու համար։
«Finita la commedia»-ն վրա հասավ շատ ավելի շուտ, քան թվում էր 2018 թվականի մայիսի 9-ին, երբ ստեփանակերտյան արևի ճառագայթների պես բոցկլտացող հեղափոխական հայացքով Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի կողքին հայտարարում էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 1in.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը