10 01 2019

Գազի թանկացումը կարժենա լրացուցիչ 30 մլն դոլար. Ո՞վ պետք է վճարի․ «168 Ժամ»

Գազի թանկացումը կարժենա լրացուցիչ 30 մլն դոլար. Ո՞վ պետք է վճարի․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Գազի թանկացումը Հայաստանի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Դա այն գումարն է, որը պետք է վճարվի ներմուծման գինը 15 դոլարով բարձրացնելու դեպքում։ Անկախ նրանից, թե ով կվճարի այն, գումարը դուրս է գալու Հայաստանից։ Մինչդեռ 30 միլիոնը քիչ ռեսուրս չէ ներքին տնտեսության ու տնտեսական ծրագրերի իրականացման համար։

Տարվա կտրվածքով Հայաստանը Ռուսաստանից ներկրում է շուրջ 2 մլրդ խորանարդ մետր գազ։ Դրա դիմաց նախկինում վճարվում էր յուրաքանչյուր 1000 խորանարդի համար՝ 150 դոլար։ Գումարը կազմում էր տարեկան շուրջ 300 մլն դոլար։ Վերջին թանկացումից հետո այն կհասնի 330 մլն դոլարի։

Գին չբարձրացնելն այս փուլում ընդամենը ժամանակավոր լուծում է։ Ամեն ինչ կապված է լինելու «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ Հայաստանի կառավարության կողմից վարվող բանակցություններից։ Դրանց նպատակը մեկն է՝ գտնել միջոցներ ռուսական գազի ներմուծման գնի բարձրացման պայմաններում ներքին սակագներն անփոփոխ թողնելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ռուսական գազը Հայաստանը ստանում է 1000 խորանարդ մետրը՝ 165 դոլարով։

Թե կառավարությանը որքանո՞վ կհաջողվի լուծել այդ խնդիրը, ցույց կտա ժամանակը։ Հնարավոր է համարվում, որ բանակցությունները գազի ներքին գների վերաբերյալ կարող են ամիսներ տևել։ Այդ ընթացքում, ինչպես հավաստիացնում է փոխվարչապետի պաշտոնակատարը, գազամատակարար ընկերությունը պատրաստակամություն է հատնել չդիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հայտով։

Այդ ընթացքում թե ո՞վ պետք է վճարի գազի ներմուծման գնի բարձրացված մասի համար, առաժմ պարզ չէ։ Բայց որ ինչ-որ մեկը վճարելու է, կասկած չկա։

Կառավարությունը մտադիր է գազի ներմուծման գնի բարձրացման ծանրությունը դնել գազամատակարար ընկերության վրա։ Հիմնական հույսը համակարգի ծախսերի օպտիմալացումն ու կորուստների կրճատումն է։

Այստեղ, իհարկե, որոշակի ռեսուրսներ կարող են լինել, բայց դրանք նախ պետք է բացահայտել և հիմնավորել։ Ու դեռ հարց է, թե այդ գումարները որքանով թույլ կտան փոխհատուցել առաջացող ֆինանսական ճեղքվածքը, ինչը բավական լուրջ գումար է։ Առավել ևս, որ ներմուծման գնի բարձրացման հետևանքով ավելացել է նաև ընկերության հարկային բեռը։

Թանկացած մասի դիմաց ավելացված արժեքի հարկի տեսքով «Գազպրոմ Արմենիան« ստիպված է լինելու վճարել յուրաքանչյուր 1000 խորանարդի համար, կոպիտ ասած, հավելյալ 3 դոլարին համարժեք հարկ։ Տարեկան կտրվածքով այն կազմելու է շուրջ 6 մլն դոլար։

Ակնհայտ է, որ գազի մատակարարման թանկացման հետևանքով սակագնային ճնշումը բավականաչափ մեծացել է։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ։

Ներմուծման գնի բարձրացման հետևանքով գազամատակարարման համակարգում կարող է ի հայտ գալ լրացուցիչ 55-60 մլն դոլարի փոխհատուցման խնդիր։ Եթե դա պիտի վճարի սպառողը, ապա այն ենթադրում է բավական լուրջ ճնշում սակագների վրա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ