27 12 2018

Պոպուլիզմի տակ մնացին․ «Հրապարակ»

Պոպուլիզմի տակ մնացին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Պոպուլիզմը, ժողովրդական զանգվածներին ոտքի հանելը-ակտիվացնելը հաճելի, բայց ոչ անվտանգ գործ է։ Եթե ապրիլ-մայիսին մենք հիանում էինք փողոց փակողներով, ապա նոյեմբեր-դեկտեմբերին փողոց փակելը զարմանք, անգամ վրդովմունք է առաջացնում։ Եթե ժողովրդի ցասումն ամիսներ առաջ ազնիվ էր ու կառուցողական, ապա այսօր այդ ցասումը-դժգոհությունը տարակուսանքի տեղիք է տալիս։ Եթե առաջին փուլում հիանում էինք նոր իշխանությունների խոստումներով ու բոցաշունչ ելույթներով՝ ուղղված նախկին իշխանություններին եւ մեզանում արմատացած արատավոր երեւույթներին, ապա այսօր նրանց շուրթերից հնչող նման ելույթներն առնվազն տարօրինակ ու ոչ տեղին են հնչում։

Մարդիկ արդարացիորեն զարմանում են՝ մինչեւ ե՞րբ են փնովելու նախկիններին, ե՞րբ են սկսելու աշխատել եւ արատավոր երեւույթներն արմատախիլ անել մեր կյանքից։ Ինչ-որ պահից պոպուլիստական եւ հռետորական հարցադրումները դարձան ժամանակավրեպ եւ վտանգավոր։ Երբ ամիսներ առաջ իշխանության առաջին դեմքերն անարգանքի սյունին էին գամում տարբեր անձանց, ասենք՝ գեներալ Մանվելին, եւ հանրային վրդովմունքի ալիքն ուղղորդում դեպի Էջմիածին, մի նպատակ ունեին՝ նախ ցույց տալ, որ նոր իշխանությունների օրոք արտոնյալներ չկան, եւ կոռուպցիայի դեմ պայքարը բարձր մակարդակի վրա է, ապա՝ ազատվել հին իշխանությունների դրածոներից, ասենք՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից։ Բայց անցավ ժամանակ, եւ պարզվեց՝ գեներալ Մանվելին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, կամ պահելը ոչ իրավական է եւ ոչ հումանիստական։ Բայց չէ՞ որ մարդիկ լավ են հիշում Նիկոլ Փաշինյանի «լայվը», եւ գեներալն իրենց աչքին հրեշ է՝ նոր իշխանությունների կողմից կերտված։ Նրանք այսօր հաշիվ են պահանջում՝ ինչո՞ւ եք ազատ արձակել հրեշին, ինչո՞ւ եք հովանավորում նրան»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ