21 12 2018

Նախկին նախարարը՝ իր առօրյայի, Արսեն Թորոսյանի գործելաոճի և այլնի մասին․ «Հրապարակ»

Նախկին նախարարը՝ իր առօրյայի, Արսեն Թորոսյանի գործելաոճի և այլնի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնը թողնելուց հետո վերադարձել է իր բնական միջավայրը, քանզի «որպես պետական պաշտոնյա ո՛չ ծնվել էր, ո՛չ մեծացել»։ Իսկ նրա բնական միջավայրը ընկերներն են, աշխատանքն ու իր նախագծերը: Հիմնական նախագիծն էլ իր հիմնադրած «Վարդանանց» բժշկական կենտրոնն է, որտեղ էլ անցկացնում է օրվա ուղիղ կեսը՝ 12 ժամ։ «Մնացած 12 ժամը վայելում եմ կյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Ալթունյանը, ով կարծես թե շատ ուրախ է իր այս կարգավիճակի համար։

- Այն ժամանակ, երբ նախարար էիք, հասցնո՞ւմ էիք վայելել կյանքը։

- Այն ժամանակ օրական 12 ժամ զբաղվում էի առողջապահությամբ, մնացած 12 ժամը մտածում էի լրագրողների հարցերի վրա։

- Հիմա, փաստորեն, ազատվեցիք մեզանից։

- Այո։

- Ու դրանով երջանի՞կ եք։

- Ճիշտն ասած՝ հաշվի առնելով, որ ես սիրում եմ մարդկանց հետ շփվել, այդ թվում՝ լրագրողների, էսօր ես դա անում եմ ավելի հաճույքով, քան նախկինում։ Նախկինում ակնկալում էի ինչ-որ խաչաձեւ, ոչ պոզիտիվ էներգետիկայով հարցեր, հիմա ուղղակի հին ծանոթներ, որոնց հետ ինչ-որ ճանապարհ ես անցել, եւ ուղղակի հաճելի է ե՛ւ հիշել հին օրերը, ե՛ւ խոսել այսօրվա վիճակի մասին։

- Առողջապահության նոր նախարարի գործունեությանը հետեւո՞ւմ եք, որքանո՞վ է շարունակում Ձեր սկսած ծրագրերը, որքանո՞վ է նոր բան անում, կարողանում առողջացնել առողջապահության ոլորտը։

- Առողջապահության հիմիկվա նախարարի գործունեությանը հետեւում եմ այնքանով, ինչքանով որ հանդիսանում եմ բուժհաստատության ղեկավար։ Դա նշանակում է, որ եթե ինչ-որ փոփոխություններ լինեն, մեր բուժհաստատությունը, իհարկե, այդ վեկտորով կշարժվի եւ կփոխի իր ե՛ւ աշխատանքային ոճը, ե՛ւ մոտեցումները ֆինանսավորման։ Դեռեւս մենք, որ ասեմ՝ մեծ ինչ-որ ցնցումներ ենք զգում կամ դժվարություններ՝ չէ։ Ամեն ինչ ընթանում է իր հունով։

- Ձեր հայտնի ծրագրերի պատը, որը ես «չինական պատ» էի անվանում, եւ որտեղ Ձեր նախանշած ծրագրերն էին արտացոլված, ի՞նչ եղավ, թողեցիք Արսեն Թորոսյանի՞ն, թե՞ քանդվեց։

- Չգիտեմ ինչու էր ինքը չինական, այդ time table-ների գաղափարախոսությունը մի քիչ ավելի շատ անգլոսաքսոնական է եւ եվրոպական, քան թե չինական։ Էդ պատը ես թողեցի Արսեն Թորոսյանին, կանխատեսում եմ, որ այդ պատն արդեն պետք է հնացած լինի, որովհետեւ մի տարվա ծրագրեր էին այնտեղ արտացոլված։ Հիմա կա՛մ նոր պատ կա, կա՛մ չկա, չգիտեմ։

- Առողջապահության զարգացման հարցում Դուք շեշտը դրել էիք առողջապահության ապահովագրության վրա, բայց Արսեն Թորոսյանը կարծես այլ մոտեցում ունի այս հարցում՝ այդքան էլ չի ողջունում ապահովագրությունը։ Այստեղ մոտեցումների՞ տարբերություն է սոսկ, իսկապե՞ս ապահովագրությունն է խնդիրների լուծման բանալին, թե՞ կարելի է նույն խնդիրը լուծել նաեւ այլ ուղղությամբ, այլ ձեւով։

- Եթե իմանանք «այլ»-ը որն է, կարող ենք մտաբերել այդ «այլ»-ի վտանգները կամ դրական կողմերը, բայց քանի որ այդ «այլ»-ը դեռ չգիտենք, ես կարծում եմ՝ խոսելու թեմա էլ չունենք։

- Իշխանափոխությունից հետո գրեթե բոլորը լծվեցին կոռուպցիայի, չարաշահումների բացահայտման գործին, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը։ Արդեն մի քանի աղմկահարույց գործեր կան, հատկապես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գործը։ Սա ինչո՞վ է պայմանավորված, որ առաջ չէին անում, հիմա անում են, Ձեր մտքով չէ՞ր անցել ստուգումներ անցկացնել բուժհիմնարկներում, թե՞ քաղաքական խնդիր դրված չէր։

- Եկեք նոր նախարարի աշխատաոճը ես չմեկնաբանեմ։ Թե ինչու ես չէի անում, որովհետեւ ես առողջապահության նախարար էի, եթե խորը մտածենք դրա շուրջ, նորից եմ կրկնում՝ ես առողջապահության նախարար էի։

- Բայց նաեւ մենեջեր էիք, չէ՞, կառավարիչ, եւ այդ կառավարման մեջ կարող էին խնդիրներ լինել, չարաշահումներ, կոռուպցիոն դրսեւորումներ։

- Կարող էր։ Բայց ես համոզված եմ, որ եթե իմ գործունեության կամ անգործության մեջ ինչ-որ պաշտոնավարման խախտման էլեմենտներ լինեին, դրա մասին կբարձրաձայնեին։

- Իսկ եթե Ձեր ենթակաների կողմից լինեի՞ն։ Օրինակ՝ «Գրիգոր Լուսավորիչը» Ձեզ ենթակա պետական հիվանդանոց էր, եւ հիմա, ինչպես տեսնում ենք, այնտեղ չարաշահումներ են հայտնաբերվել։

- Մենք հիմա խոսում ենք մի գործի մասին, որի քննությունը գնում է։ Եկեք ավարտվի, նոր մեկնաբանեմ։

- Եթե քաղաքական խնդիր դրվեր այն ժամանակ ձեր կառավարության առաջ, Դուք կգնայի՞ք նման բացահայտումների ճանապարհով։

- Էլի քաղաքական խնդիրները դրված էին բոլորիս առաջ, արդարադատության նախարարի առաջ դրված էր արդարադատությունը նոր բարձունքի հասցնելը, էկոնոմիկայի նախարարության առաջ դրված էր տնտեսությունը զարգացնելը։ Իմ առաջ՝ որպես առողջապահության նախարարի, դրված էր համակարգը վերափոխելը եւ համապատասխանեցնելը ժամանակակից պահանջներին։ Միգուցե ես չգիտեմ՝ ինչ խնդիրներ եւ ինչ թիրախներ էին դրված ուժային եւ հետաքննչական կառույցների դիմաց, բայց իմ առջեւ դրված էր զուտ առողջապահական խնդիր»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ