«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր առաջ մեր գրած լուրը՝ Արցախի բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանի պաշտոնանկության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Կարեն Աբրահամյանին նշանակելու մասին երեկ հաստատվեց։ Ճիշտ է՝ մինչ այդ մեզ մի լավ նախատեցին «ապատեղեկատվություն տարածելու, իրավիճակն ապակայունացնելու» համար, թեեւ մենք բոլորովին նման մտադրություն չենք ունեցել։
Բայց բոլորը հասկանում են, որ առանց որեւէ շոշափելի պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելը ոչ մի լավ բանի մասին չի վկայում։ Ավելին, տարբեր արցախյան աղբյուրներ պատմում են, որ այս պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանի եւ մի շարք զինվորականների սուր արձագանքն էր Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ 2018-ի հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լեւոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին, նա հրաժարվել էր եւ հայտնվել ՀՀ իշխանությունների սեւ ցուցակում։
Այն իշխանությունների, որոնք ասում են, թե՝ Արցախի հարցը կարգավորվելու է բացառապես Արցախի մասնակցությամբ եւ նրա ժողովրդի կամքով։ Պարզվեց, որ այդ ժողովուրդն իր կամքը հայտնելու իրավունք ունի, իսկ նրա զինվորական հրամանատարները՝ ոչ։ Պարզվեց, որ փոքրիկ ընդվզումը, քննադատությունը թիմակից հասցեին կարող է պաշտոնանկության պատճառ դառնալ։ Պատմում են նաեւ, որ նախօրեին Երեւան շտապած Բակո Սահակյանը փորձել է հաշտության եզր գտնել եւ համոզել ՀՀ վարչապետին, որ «ներում շնորհի Ռիժի Լյովին» ու մյուս «հանդուգն» գեներալներին, որոնք Սասունի քեֆին կպել են, սակայն չի հաջողել։ Բարեբախտաբար՝ նորանշանակ գեներալի մասին բացառապես դրական կարծիքներ են հնչում։ Հուսանք, Արցախն ու բանակը կշահեն այս նշանակումից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը