14 12 2018

Երբ «ծառաները» վճռում են «տերերի» ճակատագիրը․ «Հայոց աշխարհ»

Երբ «ծառաները» վճռում են «տերերի» ճակատագիրը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այս օրերին որոշվում է ապագա կառավարության կազմը։ Որոշվում է բացառապես մեկ մարդու կողմից, քանզի չկա նույնիսկ կոալիցիա, որպեսզի ընթանային գոնե ինչ-ինչ բանակցություններ ու խորհրդակցություններ։  

«Այսուհետ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն է ամեն ինչ որոշելու» կարգի հեքիաթները եկեք թողնենք նախադպրոցականներին ու մտավոր հետամնացներին, լա՞վ։ Չափորոշիչները, որոնցով ընտրվում է այս կամ այն պաշտոնյան, հայտնի են միայն այդ մարդուն։ Կադրային քաղաքականություն, որպես այդպիսին, Նոր Հայաստանում գոյություն չունի։ Ափսոս, քանզի հարցերն առաջանում են ինքնաբերաբար։ Եվ դրանք շատ են։  

Եթե հեռացնում են Պողոսին եւ նշանակում Մարտիրոսին, ապա մարդկանց հարկավոր է բացատրել. ինչո՞ւ։ Պողոսին հեռացրին այն պատճառով, որ ձախողե՞լ է աշխատանքը, գողացե՞լ է, չի՞ գոհացրել որեւէ այլ պատճառով։   Իսկ ինչո՞ւ նշանակեցին հենց Մարտիրոսին։ Ո՞ր հատկանիշներն ու արժանիքները հաշվի առան։ Հասկանում եք, չի կարելի նախարար նշանակել այնպիսի մարդու, որի անունը լսելով, ողջ երկիրը տարակուսած թոթվի ուսերը. «Աստվա՜ծ իմ, է՞ս ով էր»։   

Մեզանում հաճախ է օգտագործվում «ժողովրդի ծառաներ» արտահայտությունը։ Բայց բավական է տերեր ձեւանանք։ Կարո՞ղ է ժողովուրդը աշխատանքից հեռացնել նախարարին. դե, թեկուզ մեկին, ամենից վատին։ Ո՛չ։ Ուրեմն այդ ի՞նչ տեր է, եթե չի կարող հեռացնել ծույլ ու անպետք ծառային։ Ստացվում է, որ ծառանե՞րն են վճռում տերերի ճակատագիրը։  

Ինչ-որ բարձր պաշտոնի նշանակվելու համար ե՛ւ նախկին իշխանության օրոք, ե՛ւ նոր, գլխավորը յուրային լինելն է, ինչպես խորհրդային ժամանակներում։ Այն ժամանակ նույնպես այդ հարցում ամեն ինչ խիստ էր ու հստակ։ Հիշո՞ւմ եք, երբ Սպասկին սկսեց պարտվել Ֆիշերին, նրա ազգանունը ընդհանրապես դադարեցին հիշատակել։ Պարզապես գրում էին. հաղթեցին սպիտակները, ու վե՛րջ։   

Իսկ ութսուն թվականին, երբ Սպասկին արդեն փախել էր Շվեյցարիա, եւ այդ վիժվածքի դեմ խաղում էր մեր Կարպովը, ողջ երկիրը բան ու գործ թողած մտածում էր նրա հետ միասին։ Իսկ երբ հաղթեց, պարգեւատրեցին շքանշանով ու Բրեժնեւի համբույրով։   

Այնպես որ՝ ոչ յուրայիններին Նոր Հայաստանում էլ խորհուրդ է տրվում ձեւանալ ոստիկ, ինչպես Բուրատինոյի մասին հեքիաթի միջատը։    Բերենք մեր այսօրվա իրականությանն ավելի հոգեհարազատ զուգահեռ։ Ինչպես հայտնի է, առնետների ոհմակի ներսում լուրջ խնդիրներ են առաջանում միայն այն ժամանակ, երբ հայտնվում է օտար առնետ։ Դա ամենատպավորիչ, ամենասարսափելի եւ ամենանողկալի տեսարաններից մեկն է, որին հնարավոր է ականատես լինել կենդանիների միջավայրում։  

Մեկ րոպե, երբեմն էլ քիչ ավելի, օտար առնետը կարող է վազվզել՝ չկռահելով իրեն սպառնացող սարսափելի ճակատագիրը, իսկ տեղացիները կարող են նույնքան երկար զբաղվել իրենց սովորական գործերով, մինչ այն պահը, երբ վերջապես օտարն այնքան կմոտենա նրանցից մեկին, որ վերջինս կզգա դրա հոտը։   

Այդժամ նա ցնցվում է՝ ասես էլեկտրաշոկից, եւ նույն վայրկյանին ողջ գաղութը համակվում է տագնապով՝ տրամադրության փոխանցման շնորհիվ։ Գորշ առնետները դա իրականացնում են արտահայտիչ շարժումներով, իսկ սեւ առնետների պարագայում՝ նաեւ ականջ ծակող, դիվական-աղեկտուր ճիչով, որին ձայնակցում են մյուսները։  

Դուրս պրծած աչքերով, բիզ-բիզ կանգնած բրդով առնետները սկսում են օտարի հետապնդումը։ Նրանք այնպիսի մոլեգնության են հասնում, որ եթե երկուսը պատահաբար բախվում են իրար, ապա նախ կատաղի կծոտում են եւ հետո նոր միայն բաժանվում։ Ի վերջո օտարին պարզապես պատառ-պատառ են անում։   

Այնպես որ՝ օտարներն ավելի լավ է հեռու մնան, քանի դեռ ոհմակը բաժանում է պաշտոնները։  

Ճիշտ է, բավական շատ պաշտոններ, դատելով ամենից, այս անգամ կստանան նաեւ Տեր-Պետրոսյանի շրջապատից մարդիկ։ Բայց դրանք ամենեւին էլ օտար չեն, այլ նույն ոհմակն է։ Պարզապես մարդիկ քսան տարի անցկացրել են անշարժ, լոտոսի դիրքով նստած, սպասելով իրենց ժամին եւ կրկնակի գերազանցելով բենգալացի դերվիշ Ագաստիայի ռեկորդը։  

Վերջինս, ինչպես հայտնի է, փառաբանվեց նրանով, որ տասը տարի շարունակ՝ 1902-1912 թվականը անցկացրեց լոտոսի դիրքով նստած, աջ ձեռքը վեր բարձրացրած։ 

Պատմում են, որ առաջին երեք ամիսներին Ագաստիան ահավոր տառապում էր։ Սակայն արիաբար դիմանում էր ցավին, քանզի, ըստ հինդուսների հավատալիքների, ֆիզիկական տառապանքները ոչ ավելին են, քան մայա, այսինքն՝ պատրանք։  

Հետզհետե արյան շրջանառությունը վեր բարձրացրած ձեռքում խախտվեց, եւ վերջապես Ագաստիան իսպառ դադարեց զգալ այն։ Նրա ափի մեջ մի թռչուն բույն հյուսեց, բայց դա չէր խանգարում դերվիշին մնալ մեդիտացիայի վիճակում։   

Ոմանք կարող են ասել, որ Տեր-Պետրոսյանի շրջապատի մարդիկ արդեն քսան տարի է, ինչ չեն զբաղվել կառավարման գործերով եւ բազմաթիվ առումներով կորցրել են անհրաժեշտ հմտությունները. ասենք, բացի ամենայնից՝ նաեւ պարզապես ծերացել, եւ նրանց ուղեղը կորցրել է ճկունությունը։  

Ինչ վերաբերում է վերջին հանգամանքին, ապա մտավախությունները, կարծում ենք, անտեղի են, քանզի ամերիկացի գիտնականները զգալի հաջողությունների են հասել ուղեղի ծերացման դեմ պայքարում։ Յեյլի համալսարանի մասնագետները ծեր կապիկներին տվեցին գուանֆացին պատրաստուկը, որը նախկինում հայտնի էր միայն որպես արյան բարձր ճնշումը բուժելու միջոց, եւ կենդանիների ուղեղի բջիջների ակտիվությունը դարձավ գրեթե այնպիսին, ինչպիսին երիտասարդների պարագայում է։   

Փաստորեն նեյրոքիմիական ճիշտ միջավայրը վերականգնում է բջիջների գործառույթները։ Դա որոշակի լավատեսություն է ներշնչում նաեւ մեր տարեց կապիկների պարագայում։   

Բացի դրանից, եթե այդ մարդիկ արդեն քսան տարի շարունակ չեն զբաղվել կառավարման գործերով եւ մեծապես կորցրել են անհրաժեշտ հմտությունները, ապա ամենաբարձր պաշտոններն այսօր զբաղեցնող փողոցային ակտիվիստները կառավարման գործերով չեն զբաղվել կյանքում երբեք, իսկ անհրաժեշտ հմտությունները նրանց շրջանում իսպառ բացակայել են ի սկզբանե։  

Բայց ոչինչ, աշխատում են մարդիկ։ Ճիշտ է, աշխատում են ծայրաստիճան վատ եւ ութ ամսում հասցրել են երկիրը գրեթե ճգնաժամի։ Բայց դե ե՞րբ է հայը վախեցել ճգնաժամից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ