«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Չասենք ողջ հայոց աշխարհում, բայց հայոց խորհրդարանում քաղաքական կյանքը որպես այդպիսին ավարտվեց։
Մի կողմից, իհարկե, դա անսովոր է։
-Ինչպե՞ս։ Չէ՞ որ, սկսած առաջին Գերագույն խորհրդից, հենց պառլամենտում էր կենտրոնացած ողջ քաղաքական կյանքը. կուսակցություններ, մեծամասնություն եւ փոքրամասնություն, բուռն բանավեճեր, բոյկոտներ, քվեարկություններ, բանակցություններ, երկխոսություններ, ելույթներ...
-Վե՛րջ... Չկա այլեւս։ Պրծա՛վ։
Նորընտիր խորհրդարանը, դատելով կազմից, ոչնչով չի տարբերվի Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն» հեքիաթում պատկերվածից։
Գլուպով քաղաքի բնակիչները մերթ խեցգետնին էին դիմավորում զանգերի ղողանջով, մերթ գայլաձկանը քշում ձկնկիթի մոտից, մերթ ցանկապատը բլիթներով խծուծում, մերթ լվին շղթայում, մերթ սատանային բանակ զորակոչում, մերթ ցցերով հենակ դնում երկնքին, իսկ հետո վերջապես հոգնեցին ու սկսեցին սպասել, թե ինչ կստացվի այդ ամենից։
Բայց ոչինչ էլ չստացվեց։ Գլուպով ուղարկված քաղաքապետերն ասես հատուկ ընտրած լինեին։
Մեկը գլխավորում էր ապառքապարտների դեմ արշավը, ըստ որում՝ հրկիզեց երեսուներեք գյուղ եւ սույն միջոցների օգնությամբ բռնագանձեց երկու ռուբլի հիսուն կոպեկ ապառք։ Մյուսի գլխում, ինչպես պարզվեց, խճողակ էր։ Երրորդը սիրում էր կանացի զգեստ հագնել, եւ ուշադիր զննությամբ պարզվեց, որ աղջիկ է...
Շտապում ենք հավաստիացնել ձեզ, սիրելի ընթերցողներ, որ Գլուպով դարձած խորհրդարանի կյանքը կանգ չի առնի ոչ մի վայրկյան։ Ճակատագիրը արդար է եւ ծաղրասեր։ Եվ բաց չի թողնում վրեժխնդրության առիթը։
Բայց քաղաքական կյանք այնտեղ հաստատ չի լինի։ Քաղաքական կյանքն անհնար է առանց ընդդիմության, իսկ այդպիսին նորընտիր խորհրդարանում, ցավոք, չկա։ «Լուսավոր Հայաստանը» կամ ԲՀԿ-ն ինչքան ասես կարող են հայտարարել իրենց ընդդիմություն, բայց ի՞նչ կփոխվի դրանից։
Վերջերս ամերիկացի գիտնականները բացահայտեցին լվի զարմանահրաշ ունակությունը։ Իր 3 մմ չափերով հանդերձ՝ նա կարող է ցատկել 30 սմ։ Այսինքն՝ սեփական հասակից 100 անգամ բարձր։ Ինչպիսի՜ գայթակղություն որպես խորհրդարանական ընդդիմություն հանդես գալու ցանկություն ունեցողների համար։
Վերջիններիս «ընդդիմադիր» ճառերը հազիվ թե կարողանան որեւէ մեկին խաբել։ Ֆալշի նկատմամբ լսողության զգայունությունն ավելի բարձր է, քան հոտառության զգայունությունը նեխահոտի հանդեպ։ Մարդու ներսում կամերտոն կա։ Նույնիսկ միամիտ աղջկան դժվար է խաբել, եթե նա լսի շինծու հնչերանգներ։ Իսկ փոքրիկ երեխային խաբելն ընդհանրապես անհնար է։ Ֆալշի հանդեպ նրա լսողությունը բացարձակ է։
Մարդը լսում է ֆալշը։ Եվ դրա համար խելք կամ փորձ չի պահանջվում։ Դա բնազդային «չեմ հավատում» է։ Այդ իմաստով «ընդդիմադիրների» ինտոնացիան ավելի վատն է, քան նրանց խոսքերը։
Նորընտիր խորհրդարանի կազմն իսկապես վշտացնում է իր ողորմելիությամբ։ 1814 թվականի մարտի 31-ին դաշնակիցների կողմից Փարիզի գրավումից հետո, Նապոլեոնին ժամանակին դավաճանած ու ծախած Շառլ Մորիս Թալեյրանը Սենատի նիստ հրավիրեց։ Այնտեղ հավաքվեցին իրենցից ոչինչ չներկայացնող ստվերներ։
Նայելով այդ ողորմելի տեսարանին, Թալեյրանի մտերիմներից մեկը հարցրեց նրան. «Իշխան, մի՞թե իրոք համարում եք, թե այս մարդիկ կփրկեն Ֆրանսիան»։
«Ո՜վ գիտե,- անվրդով պատասխանեց Թալեյրանը,- չէ՞ որ սագերը ժամանակին փրկեցին Հռոմը»։
Պատգամավորական մանդատներով սույն «սագերը» ոչինչ փրկել ի վիճակի չեն։ Այս խորհրդարանը շատ արագ կվերածվի իրական կյանքից մեկուսացած կղզու։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում կղզիների բնակիչների հետ։ Դա, բարեկամներս, անչափ հետաքրքիր ֆենոմեն է, եւ այդ մասին արժե պատմել հանգամանորեն։
Վերջերս Լոնդոնի Բնության պատմության թանգարանի գիտնականները կրկին ուսումնասիրեցին դեռեւս XX դարասկզբին Կրետեում հայտնաբերված փղի՝ իբր մի տարատեսակի ատամները եւ հանգեցին այն եզրակացության, որ դրանք պատկանել են չափերով շատ փոքր մամոնտների։
Բրդոտ մամոնտների նոր տեսակն անվանեցին Mammutհus cretcus՝ Կրետե կղզու պատվին։ Կենդանու հասակը ընդամենը 1,1 մետր էր, քաշը՝ մոտավորապես 300 կիլոգրամ։ Հիշեցնենք, որ մայրցամաքային մամոնտները հասնում էին 5 մետրի եւ կշռում տասը տոննայից ավելի։
Հետազոտողները պնդում են, որ Կրետեի մամոնտը կղզիաբնակների գաճաճության վառ նմուշ է։ Դեռեւս Դարվինի ժամանակներից հայտնի է կղզիների այդ կանոնը. մեծ օրգանիզմները կղզիներում զգալիորեն փոքրանում են՝ հավանաբար կապված էկոհամակարգերի սահմանափակ ռեսուրսների հետ։
Նույնը անխուսափելիորեն կկատարվի նաեւ խորհրդարանի բնակիչների հետ։ Առանց այդ էլ նորընտիր օրենսդիրը բաղկացած է քաղաքական գաճաճներից. պատկերացնո՞ւմ եք, թե իրենցից ինչ կներկայացնեն շուտով երեսփոխանները։
Իսկ իսկական քաղաքական կյանքը կընթանա խորհրդարանի պատերից անդին։ Ավելի ճիշտ, ոչ թե կյանքը, այլ պայքարը, քանզի դեռեւս Մաքս Վեբերն էր հավաստում, որ քաղաքականությունը միշտ էլ պայքար է կա՛մ թշնամիների, կա՛մ հիմնախնդիրների դեմ։ Այլապես թշնամիները չեն պարտվի, իսկ խնդիրները կավելանան՝ հասնելով անլուծելի ծավալների։
Ըստ Վեբերի, քաղաքական գործչի գլխավոր տարբերակիչ հատկանիշը «պայքարելու անհրաժեշտությունն է մշտապես ու անպայմանորեն»։ Քաղաքական առաջնորդի տարերքը մարտական կեցվածք ընդունելն է, կիրք դրսեւորելը։
Այնպես որ ընտրություններն ավարտվեցին, իսկ պայքարը շարունակվում է։ Ինչպե՞ս է զարգանում համաշխարհային քաղաքականությունը։
Մի պատերազմի ավարտին գործնականում միանգամից հաջորդում է նորի հասունացումը, մոտավորապես նույն կանոններով։ Երբեմն ընդհանրապես տերությունների կնքած խաղաղությունը լինում է ոչ ավելին, քան ժամանակավոր զինադադար՝ դաշնակիցների եւ հակառակորդների ընդհանուր առմամբ նույն դասավորությամբ։
Երբեմն դաշնակիցներն ու հակառակորդները փոխում են տեղերը, հաղթողները պառակտվում են, իսկ պարտվողները՝ միանում հաղթողներից մեկին։ Բախման զարգացման տրամաբանության համար դա այնքան էլ կարեւոր չէ։ Թե՛ վաղեմի թշնամու, թե՛ նորի պարագայում այն զարգանում է միանման՝ նորանոր տարաձայնությունների եւ հարաճուն ահագնացման ուղղությամբ, մինչեւ որ մի օր դուրս է գալիս վերահսկողությունից։
Մոտավորապես համանման են ընթանում նաեւ ներքաղաքական գործընթացները։ Այստեղ նույնպես պատերազմները խաղաղությամբ են ավարտվում, որպեսզի սոսկ նախադրյալներ ստեղծվեն նոր պատերազմների համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը