11 12 2018

Անընդդիմություն և ուրեմն՝ անդեմ խորհրդարան․ «Հայոց աշխարհ»

Անընդդիմություն և ուրեմն՝ անդեմ խորհրդարան․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դե ինչ, հայտնի են դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքները, որոնք, նկատենք միանգամից, հակասական տպավորություն են թողնում եւ մտահոգությունների երկար շարանի տեղիք տալիս:  

Սկսենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անմիջական մասնակցության, այն է՝ քվեարկություններին մասնակցած ընտրողների ցուցանիշից՝ 48,67 տոկոս: Սա վկայում է իսկապես խայտառակ ցածր մասնակցության մասին: Ֆորմալ տրամաբանության ու թվաբանության տեսանկյունից ստացվում է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների փոքրամասնությունը որոշել է, թե ով է լինելու երկրի բնակչության մեծամասնության իշխանությունը:   

Հասկանալի է, իհարկե, որ չմասնակցածների մի մասը թեպետ գրանցված է, բայց հայրենիքից դուրս է գտնվում: Թե դա չմասնակցած քաղաքացիների ո՞ր մասն է, ստույգ, հավաստի որեւէ վիճակագրություն կամ տվյալ չկա:   

Նմանապես հասկանալի է, որ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մի այլ, հաստատ՝ նախորդից ոչ պակաս մասն էլ, վստահ լինելով, որ քվեարկության արդյունքները կանխորոշված են, այսինքն՝ «էսպես թե էնպես Նիկոլն ա անցնելու...» մտայնությամբ առաջնորդվելով, պարզապես չեն մասնակցել ընտրություններին:   

Մի փոքր մասը չի մասնակցել՝ թերեւս թեկնածուների շարքում չտեսնելով իր նախընտրած ուժը կամ անհատներին: Չմոռանանք, որ մոտ մեկ տասնյակի չափ տարբեր կուսակցություններ այս ընտրություններին չմասնակցեցին:   

Սկսած այն պահից, երբ հրապարակվեցին ընտրություններին մասնակցածների առաջին տվյալները, բնականաբար առաջին հերթին՝ իշխանամետ շրջանակները սկսեցին ամենատարբեր «բացատրություններ» ու պատճառաբանություններ շրջանառել, թե ինչու են ընտրողները նկատելիորեն պասիվ: Կային ֆանտաստիկ հիմնավորումներ, օրինակ, որ եղանակային պայմանները նպաստավոր չեն եղել:    Երբ տեսան, որ դա ծիծաղից բացի այլ արձագանք չի առաջացնում, շրջանառության դրվեց խուճուճ հիմնավորում, թե բա՝ այս անգամ ընտրողների մի որոշակի մասը նյութապես, պարզ ասած, ընտրակաշառքով մոտիվացված չէ: Այլ մեկնաբաններ սկսեցին հաշվարկներ անել, թե փաստացի որքա՞ն բնակչություն կա երկրում այս պահին, մոտավորապես որքան մարդ է «դրսերում», եւ ուրեմն՝ այնքան էլ պասիվ չէ մասնակցությունը, ցուցանիշն էլ՝ 48,6 տոկոս, խայտառակ չէ:   

Կարելի է այլազան մտավարժանքներ անել: Ու բնականաբար այդ հարցում առավել ակտիվ էին ու ակտիվ են իշխանական շրջանակների ներկայացուցիչները:   

Ինչո՞ւ բնականաբար: Շատ պարզ պատճառով՝ դեկտեմբերի 9-ին այլեւս արձանագրված պասիվությունը բացահայտեց պաշտոնակատար ու ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդման սին լինելը, թե ԱԺ արտահերթ ընտրությունները համաժողովրդական պահանջ են: Սիլլոգիզմների սիրահար գործչին հարկավոր է հուշել, որ 48,6 տոկոսը ոչ մի պարագայում չի խոսում «համաժողովրդական պահանջի» մասին իր մերկապարանոց պնդումների օգտին:   

Չէ, դեռ նախքան ընտրություններն էլ պարզ էր, որ չկա ոչ մի համաժողովրդական պահանջ, մեկ անձի քաղաքական շահից ու քմահաճույքից բացի: Պարզապես քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,6 տոկոսի մասնակցության ցուցանիշով փաստաթղթավորվեց հրապարակավ հնչեցված սուտը կամ, լավ, թե կուզեք՝ դատողության կեղծ լինելը:   

Ի դեպ, մեկ անձի մասին, բայց մի փոքր՝ «հեռվից»:  

Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները հայտնի են. Փաշինյանի «Իմ քայլը»՝ 70,4%, Փաշինյանի հետ հուշագրային համագործակցություն ունեցող խոշոր սեփականատեր Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը»՝ 8,27% եւ Փաշինյանի «Ելքից» այս ընտրությունների նախօրեին ելած Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ 6,37%:  

Դե ինչ, կարելի է շնորհավորել վարչապետի պաշտոնակատար եւ ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ «հպարտ քաղաքացիներին», առհասարակ բոլորիս... առանց ընդդիմություն խորհրդարան ունենալու կապակցությամբ:   

Հասկանալի է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կհայտարարեն, որ իրենք ընդդիմություն են: Ավելին՝ ենթադրելի է, որ ԱԺ պատգամավորների թվաքանակն էլ կավելացվի, որ պարոնայք Մարուքյանի եւ նրա «կլասիկ ցավը տանող» Ծառուկյանի գլխավորած կուսակցությունների մանդատակից ներկայացուցիչների թիվը խորհրդարանում հասնի 1/3-ի:   

Բայց, ախր, իրենք ի՞նչ ընդդիմություն: Ի վերջո խորհրդարանը բաղկացած է լինելու պորտֆելներ ունեցող մեծամասնության եւ պորտֆելներ չունեցող իշխանամերձ, առավել քան գրպանային փոքրամասնության ներկայացուցիչներից:   

Ավելին, կարծում ենք, արժե լրջորեն մի հարց քննարկել. մեր երկրի ու հարկատուների ինչի՞ն է պետք նման խորհրդարանն առհասարակ: Եթե այդ Ազգային ժողովի միակ դերը լինելու է այն, որ դակի Նիկոլ Փաշինյանի որոշումները, ըստ էության՝ քաղաքական ձեւ (ֆորմա) հաղորդի նրա անձնիշխանությանը, ապա իմաստը ո՞րն է՝ պետական միջոցների հաշվին 100-ից ավելի պատգամավոր պահել, բարձր աշխատավարձ տալ, չհաշված «պադավատների», անհաշիվ օգնականների ու մնացած անձնակազմի եւ շենքի ծախսերը:  

Պետական միջոցները, ի վերջո, պետք է խնայողաբար ծախսել, եթե հաշվի առնենք այն կանխատեսումները, որ առաջիկայում տնտեսական «նեղ օրեր» կարող են լինել:   

Ի լրումն, որքան էլ փորձենք իրադարձություններից առաջ չընկնել, բայց պարզորոշ տեսանելի է նաեւ, որ հաջորդ խորհրդարանի կազմը շատ ավելի ցածր որակ է ունենալու, հնարավոր է՝ ամենից ցածրորակը՝ անկախության վերականգնումից ի վեր:   

Սա պյուռոսյան հաղթանակ է: Միատարր, բացառապես իշխանության կողմնակիցներից կազմված խորհրդարանը առավելագույնը օրենսդրական «կույր աղիքի» վիճակում է լինելու:   

Ավելին՝ նման կացությունը հուշում է, որ արտահերթ ընտրություններով ձեւավորված Ազգային ժողովը նույնքան արտահերթ ընտրություններով էլ կարող է ավարտել իր առաքելությունը: Ըստ էության, երկրում ստեղծված են հիմնական նախադրյալները, որպեսզի արդեն վաղվանից ծավալվի քաղաքական պայքար՝ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ