24 11 2018

Սև–սպիտակն ու քաղաքական դալտոնիզմի վտանգները. «Փաստ»

Սև–սպիտակն ու քաղաքական դալտոնիզմի վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․« Նախօրեին հայտնի դարձավ ոչ միայն ՀՀԿ–ի նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին», այլև կուսակցության քարոզչական պաստառի գույնը՝ ընդգծված սևը: Ընդ որում՝ սև հատվածը ներառված էր ավելի մեծ սպիտակի մեջ, որտեղ զետեղված էր կարգախոսի «եթե մտահոգ ես» հատվածը, իսկ սև հատվածում՝ «ընտրիր Հանրապետականին» ձևակերպումը: Կարգախոսներն ու պաստառներն, անշուշտ, չեն կարող վճռել ընտրությունների արդյունքները: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ընտրությունների արդյունքների վրա ազդում են այլ հանգամանքներ, էսթետիկական դաշտից դուրս գտնվող հանգամանքներ:

Բայց կարգախոսն ու պաստառը, ընդհանրապես քարոզարշավային խորհրդանիշները կարող են որոշակի ազդակներ հանդիսանալ՝ պատկերացնելու տվյալ ուժի քաղաքական տողատակը, նրանց մասնակցության մարտավարությունն ու քաղաքական գործունեության առաջիկա տրամաբանությունը: Այս կոնտեքստում ՀՀԿ–ի ընտրած կարգախոսը, առավել ևս պաստառի սև գույնը որոշակիորեն թույլ են տալիս հասկանալ այդ կուսակցության թե՛ քարոզարշավային ընթացքը, թե՛ հետագա գործունեության էությունը:

Փաստացի հանրապետականները մտնում են Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի կողմից սահմանված խաղի կանոնների դաշտ: Խոսքը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ակտիվորեն շրջանառվող սև–սպիտակ քարոզչության մասին է, որը քաղաքական դաշտը բաժանում էր հեղափոխականների և հակահեղափոխականների, յուրայինների և օտարների: Չնայած այն հանգամանքին, որ այս անգամ իշխանություններն ընտրությունների են գնում այլ հռետորաբանությամբ ու տոնայնությամբ, սև–սպիտակի տրամաբանությունը որոշակիորեն շարունակելու է ներկա լինել: Հանրապետականները, ըստ էության, դիրքավորվելով սև՝ շարունակում են Փաշինյանի սկսած խաղը այդ իսկ խաղի կանոններով:

ՀՀԿ–ին, անշուշտ, չի կարելի մեղադրել: Նրանք չէ, որ սահմանել են այդ խաղի կանոնները, նրանք ընդամենն այդ կանոնների շրջանակում դիրքավորվել են ըստ իրավիճակի՝ նախընտրելով ինքնադրսևորվել որպես սև: Սա ոչ միայն մարկետինգային իմաստով է ճկուն քայլ, այլ բավականին հեշտացնում է ՀՀԿ–ի գործը, ի տարբերություն մասնակից շատ այլ ուժերի: Խոսքը թիրախային լսարանի սահմանները առավել հստակ ուրվագծելու մասին է: Լսարան, որն անշուշտ այժմ փոքրամասնություն է, բայց լսարան, որի առկայությունն անհնար է նաև չնկատել:

Սակայն մարկետինգային ու քարոզարշավային հանգամանքներից զատ, ՀՀԿ–ի այս մոտեցումը հղի է վտանգներով՝ շարունակելու Փաշինյանի սահմանած խաղի կանոններն ու դրանից բխող հետևանքները: Դաշտը բաժանելով սևի ու սպիտակի՝ իշխանույունները ոչ միայն շանս են տալիս հեղափոխության թիրախ ՀՀԿ–ին ռեաբիլիտացվելու, այլև, ըստ էության, հիմքեր են դնում Հայաստանում քաղաքական դալտոնիզմի ամրապնդման: Դալտոնիզմ, որն առավել քան անթույլատրելի էր հեղափոխության, հատկապես սիրո և համերաշխության հեղափոխության տեսանկյունից, երբ կար քաղաքական դաշտի առողջացման ու բազմազանեցման խորքային խնդիր: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ ՀՀԿ–ն պետք է կապիտուլացվեր ու արհեստականորեն ստեղծվեր դաշտ՝ բաղկացած բացառապես կողմնակիցներից: Խոսքն այն մասին է, որ սև–սպիտակ գիծ քաշելով մի ընտրությունների ժամանակ, որին նոմինալ սևերը չէին մասնակցում, իշխանություններն, ըստ էության, փակեցին քաղաքական այն ուժերի ճանապարհը, որոնք ժամանակի ընթացքում կարող էին հավակնել բազմազանեցնել Հայաստանի քաղաքական դաշտը՝ միաժամանակ խախտելով անցյալի դառը ավանդույթն ու կոտրելով ընդդիմադիր լինելու համար պատեհ–անպատեհ իշխանություններին քննադատելու բարդույթը:

Իշխանության սահմանած խաղի կանոններով, փաստորեն, շահում են իշխանություններն ու ՀՀԿ–ն: Արդյո՞ք սա արվել է միտումնավոր, թե՞ պարզապես Երևանի ավագանու ընտրություններում ամեն գնով բարձր տոկոսներ ստանալուն միտված քարոզչական կարճատեսության հետևանք է, դժվար է ասել: Բայց արդեն իսկ կան անհանգստացնող ազդակներ առ այն, որ ՀՀԿ–ին ընդդիմության տիտղոսը հանձնելով՝ իշխանությունը փորձում է փակել իրական քննադատությունների հնարավորությունը՝ միաժամանակ ձեռքի տակ քավության նոխազ պահելով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ