22 11 2018

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR. «Փաստ»

Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, եւ եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, որ իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասած անձինք կարող են CV–ներն ուղարկել կառավարություն:

Նախ, ինչ վերաբերում է իրենց ոլորտներում հաջողած մասնագետներին: Դժվար է պատկերացնել, որ իր ոլորտում հաջողած մասնագետը կարիք ունի աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական ուղարկելու եւ հարցազրույցներ անցնելու: Հատկապես, եթե մոտավոր պատկերացնենք, թե ովքեր են լինելու հարցազրույց վերցնողները՝ մարդիկ, ովքեր չնայած լեգիտիմ պրոցեսների արդյունքում հայտնվել են իշխանության, բայց դեռեւս չեն ապացուցել իրենց ոլորտային ու մասնագիտական կոմպետենտությունը, ավելին՝ շատերը հաջողել են այդ կոմպետենտությունը դնել կասկածի տակ:

Հետո՝ հաջողած մասնագետը, որը, դիցուք, աշխատում է մասնավոր սեկտորում, որեւէ կերպ մոտիվացված չէ հայտնվել պետական ապարատում: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ նաեւ ինքնաիրացման հնարավորության: Բոլորին էլ պարզ է, որ պետական ապարատը մասնագիտական հմտությունների իրացման ամենաբաց ու ստեղծագործ հարթակը չէ:

Հետեւաբար, եթե կա հաջողած մասնագետներ ներգրավելու խնդիր, ապա այդ խնդիրն առավելապես իշխանության խնդիրն է, ոչ թե հաջողած մասնագետների: Պետությունը պետք է գնա եւ խնդրի հաջողած մասնագետին թողնել իր բարձր աշխատավարձը, թողնել իր իրացման ու ստեղծագործական աճի ավելի ազատ հնարավորությունները ու գալ, լծվել պետական աշխատանքի: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագետները պետք է ինքնակենսագրական ուղարկեն, այլ կառավարությունը պետք է իր ինքնակենսագրականով ու մոտիվացիոն նամակով ներկայանա մասնագետներին ու խնդրի նրանց ներգրավվել պետական աշխատանքի:

Երկրորդ՝ ինչպես վերը նշեցինք, պետական աշխատանքն ամենահաճելիներից չէ, այն, անշուշտ պարտավորեցնող է, իր մեջ պարունակում է շատ հստակ պարտքի գիտակցում եւ պատասխանատվություն պետության հանդեպ, բայց միաժամանակ բավական ծանր է, բավական դանդաղաշարժ եւ կոնսերվատիվ իր էությամբ:

Հաճախ պետական ծառայության մեջ հաջողում են ոչ թե այն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտի կայացած մասնագետներ են, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական հմտությունների, թիմի հետ աշխատելու փորձառություն, ծանր ու հագեցած տեմպին դիմանալու բնավորություն: Ինչպե՞ս է, օրինակ, իշխանությունն իր խորհրդատվական խողովակներով տարբերակելու նեղ ոլորտային մասնագետին լավ կազմակերպչից, կամ ծանր տեմպի տակ աշխատելու ունակ մասնագետին՝ առավել ազատ, ստեղծագործական մթնոլորտում աշխատելու ունակ մասնագետից:

Երրորդ՝ երբ խոսվում է կադրային բանկի մասին, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա կրթական ու գիտական համակարգ: Իսկ այն կա, թեկուզեւ բովանդակային իմաստով ոչ հեռանկարային, բայց կա:

Այստեղից այնտեղից կադրեր փնտրելու, խորհրդատվական մարմիններ ստեղծելու փոխարեն պետությունն ընդամենը կարող է հստակ պատվեր իջեցնել կրթական ու գիտական ինստիտուտներին՝ պատրաստել կոնկրետ ուղղվածությամբ կադրեր, կոնկրետ ոլորտների մասնագետներ:

Փաստացի, սակայն, կրթության եւ գիտության ոլորտում մենք այժմ ունենք բացառապես օդի անվերջ տատանումներ, իսկ այդ ոլորտները բարեփոխելու փոխարեն, զբաղված ենք տարբեր տեղերից կադրեր որոնելով:

Եվ վերջում. պետությունը ՍՊԸ չէ, իսկ պետության գործառույթներն իրացնող կառավարությունն էլ HR չէ: Կադրային քաղաքականություն ունենալ չի նշանակում լինել պարզ գործատու ու առաջնորդվել՝ ուղարկեք ձեր CV–ները տրամաբանությամբ:

Պետության ֆունկցիոնալությունը շատ ավելին է, կադրային քաղաքականությունը այդ ֆունկցիոնալության հիմնական մեխանիզմներից մեկն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ