21 11 2018

Ո՞ւմ են պետք կատարածի մասին հեքիաթները․ «Հայոց աշխարհ»

Ո՞ւմ են պետք կատարածի մասին հեքիաթները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանին, երեւում է, շատ է դուր եկել բանաձեւումը, թե, իրենք առնվազն մինչեւ ԱԺ ընտրությունները, կատարել են ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառության:  

Ինչ պարտավորվել են, լրիվ կատարել են՝ իշխանափոխություն, կոռուպցիայի ոչնչացում, մենաշնորհների, օլիգարխների վերացում, խորհրդարանական արտահերթ ընտրություններն էլ՝ վերադիր: Դա շատ դյուրին է արվում. ելնում-հայտարարում ես՝ կոռուպցիա չկա, մենաշնորհներ չկան, իսկ օլիգարխներն էլ սեփականատերեր են, ու՝ վերջ։   

Զուտ քարոզչական ու քաղաքական տեսանկյունից հասկանալի է գործող իշխանության մղումը՝ ընտրությունների նախօրեին ու փաստացի մեկնարկած քարոզարշավի շրջանակներում ներկայացնել պարտավորությունները 100 տոկոսով կատարած վիճակում: Բայց զուտ ողջախոհության ու իրատեսության առումով հարցեր են ծագում:   

Սկսենք ընտրությունները, այսպես ասած, առանց կեղծիքների ու խախտումների անցկացնելու պահից: Նիկոլ Փաշինյանն ասում է, թե այդ պարտավորությունը արդեն լրիվ կատարել են, ու Երեւանի ավագանու արտահերթ ու հոկտեմբերին մի շարք համայնքներում եղած ՏԻՄ ընտրությունները դա ցույց տվեցին:   

Ճիշտն ասած, այնքան էլ համոզիչ չէ: Մանավանդ եթե հաշվի առնենք տվյալ պահի փաստացի իշխանության ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «գլուխգործոց» հայտարարությունները՝ հակահեղափոխականների, ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին նախընտրական հանրահավաքի հարթակից հրամաններ տալը՝ «ասֆալտին պառկեցնելու» եւ «պատերին ծեփելու» մասին:   

Դե, իսկ Կապանի քաղաքապետի ընտրության՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին «ձեռք չտվող» արդյունքներին հաջորդած նրա նյարդային արձագանքը այնքան վաղուց չէր, որ չհիշենք: Ի դեպ, տեսնես ի՞նչ եղավ կապանյան «քրեաօլիգարխիայի» հարցը, լուծվե՞ց, չլուծվե՞ց...  

Տեղի կունենա՞ն խորհրդարանական արտահերթ ընտրությունները, դեկտեմբերի 10-ին կհնչե՞ն հատկապես եվրադիտորդների գնահատականները, կհաջորդե՞ն մասնակից ուժերի, հատկապես՝ ընդդիմադիր ուժերի գնահատականները, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել կատարված պարտավորության մասին: Իսկ այսպես, ամենից մեղմ տարբերակով կարելի է ասել՝ կապրենք, կտեսնենք:   

Լավ, ընտրությունների թեման հանգիստ թողնենք, մանավանդ որ այն առանց այն էլ շուտով բոլորին է անհանգստացնելու:  

Այ, ասում եք՝ պարտավորություններ: Արժե հիշեցնել, որ ընդդիմադիր գործիչ, կուսակցության ղեկավար եղած ժամանակ ոչ այլ կերպ, քան գրավոր խոստման կարգով ու ոչ այնքան վաղուց, քան 2017 թվականին, Նիկոլ Փաշինյանը, նաեւ իր հետ կառավարություն կազմած, հիմա արդեն նախկին դաշինքակից ուժեր պարտավորվում ու խոստանում էին վերացնել կուտակային կենսաթոշակային հիմնադրամի հետ կապված աշխատավարձից պարտադիր գանձումների բաղադրիչը: Այսպես ասած, կուտակայինի պարտադիր բաղադրիչը: Դա էլ է, իհարկե պարտավորություն:   

Եվ ահա, նման պարտավորություն ստանձնած ընդդիմադիրները դարձան իշխանություն ու առաջին քայլերից մեկը, որ արեցին, իրենց դատափետած այդ կուտակայինի պարտադիրը հաստատելն էր: Այսինքն՝ տրամագծորեն հակառակը:   

Ու այս նույն մարդիկ, գործիչները, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը, խոսում է կատարված պարտավորությունների մասին:    Ի դեպ, ամեն մի կառավարություն, այդ թվում ու առավել եւս «համաժողովրդական աջակցությամբ» արտահերթ իշխանության եկած «հեղափոխական կառավարությունը», նաեւ ինքնըստինքյան ստանձնած պարտավորություններ է ունենում եւ ունի:   

Այդ, երբեմն այնքան էլ չբարձրաձայնվող, բայց պարտադիր պարտավորություններից առաջինը ՀՆԱ-ի աճն ապահովելն է, բնակչության եկամուտների ավելացման հնարավորություններ ստեղծելը, կարճ ասած՝ կենսամակարդակի աճը: Եվ ինչի՞ համար շնորհակալություն հայտնել տակավին գործող «թավշյա» կառավարությանն ու հատկապես վարչապետի պաշտոնակատարին.   

Քաղաքացիների եկամուտնե՞րն են ավելացել, աշխատավարձե՞րն են բարձրացել, թե՞ գյուղմթերքը չի թանկացել: Թե՞ միսն ու հացն են սաստիկ էժանացել: Թե՞ էլեկտրաէներգիայի եւ գազի սակագներն են նվազել: Ո՞ր մեկն է կատարվել, որ մարդկանց ուսերին ու վանկարկումների վրա նստել եք կառավարության շենքում, առաջին հերթին հենց ա՛յդ կենսական խնդիրները լուծելու համար:   

Մարդիկ սեւսիրտ նայում են առաջիկա ձմռան եղանակային հնարավոր կանխատեսումներին, որ գոնե մոտավորապես հասկանան՝ ամբո՞ղջ աշխատավարձն ու թոշակն են կոմունալ վճար թողնելու, թե՞ կեսը, դուք գլուխ եք գովում, թե բա՝ «պարտավորությունները կատարել ենք»:    Լավ, ո՞ւմ են պետք «կատարած պարտավորությունների» մասին այդ հեքիաթները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ