20 11 2018

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքն ու ազատությունը». «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի «Կյանքն ու ազատությունը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի: Սկզբում կհրատարակվի Մոսկվայում՝ ռուսերեն, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգմանվի հայերեն, արդեն թարգմանիչներն աշխատում են: Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատություն»:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ գրքում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավականին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ: Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը:

«Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին: Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»:

Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա: Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին: Բանտում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել: Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը:

Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ