«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ամրագրել, որ Կառավարությունը կազմավորվում է ԱԺ ընտրության արդյունքով կայուն խորհրդարանական մեծամասնություն ձեւավորած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից, իսկ կայուն մեծամասնությունը կոալիցիա կազմելու միջոցով ձեւավորվելու դեպքում` կոալիցիայի մեջ մտնող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի պատգամավորների կազմից:
Իր հիմնավորման մեջ Հարությունյանը նշում է. «Չի կարող որևէ կուսակցություն իր նախընտրական խոստումներն իրականացնել, եթե իր կազմում չունի դրանց իրականացնողներին, այսինքն՝ իր Կառավարության պոտենցիալ անդամներին: Ուստի, հարկ է առաջնորդվել այն պարզ քաղաքական թեզով, որ Կառավարությունը պետք է ձևավորվի քաղաքական մեծամասնության կազմից»:
Պատգամավորն առաջարկում է, որ կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդգրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մասում: Նա առաջարկում է, որ այս պայմանը գործի նաեւ հետընտրական կոալիցիայի ձեւավորման դեպքում, եւ կնպաստի, որպեսզի կոալիցիոն գործընկերները կառավարության պորտֆելները բաշխելիս առաջնորդվեն` նախարարի այս կամ այն թեկնածուի վերաբերյալ նախընտրական փուլում ձեւավորված հանրային կարծիքը հաշվի առնելով: Հավելենք, որ նախագծի վերաբերյալ փորձաքննություն դեռեւս առկա չէ, եւ մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունների ավարտը հազիվ թե հասցնեն այն ընդունել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը