«168 ժամ»-ը գրել է. «ԱԺ արտահերթ ընտրություններում կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, և այն, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու: Սակայն հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ նպատակներով կամ Ռուսաստանից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով, սակայն այս կարծիքներն էլ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքներից հետո»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Սասնա Ծռեր» կուսակցության մասնակցությանը:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ քաղաքական դաշտի արմատականացումը դրական հանգամանք չէ: «Բոլորի համար պարզ է, որ առաջատարը լինելու է ներկայումս իշխող կուսակցությունը, և ևս մի քանի ուժ ստանալու է շատ ցածր տոկոսներ՝ դրանով իսկ ողջ պատասխանատվությունը լինելու է իշխող ուժի վրա: Չեմ կարծում, որ «Սասնա Ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»: Նրա խոսքով՝ խորհրդարանում կարող են լինել և´ արևմտամետ, և´ ռուսամետ ուժեր, սակայն գլխավոր թելադրողը լինելու է ներկայիս վարչապետը, որ, նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում որևէ բան չի փոխելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը