«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը մոտ 4 ժամ տեւած ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը մանրամասն ծրագրային ելույթ է ունեցել, որի հիմնական թեզը՝ ընդդիմություն դառնալու մասով, հետեւյալն է եղել․ իրենք կեղծ ընդդիմությունից տարբերվելու են նրանով, որ իշխանությունների ցանկացած ասածին չեն հակադրվելու․ «Եթե երկրի շահի տեսանկյունից իշխանությունը քայլ է անում, միանշանակորեն պաշտպանվելու է մեր կողմից, եթե՝ ոչ, քարը քարին չի թողնվելու»։
«Քարը քարին»-ը հիմնականում առնչվել է ղարաբաղյան խնդրին։ «Էստեղ մենք լինելու ենք անզիջում, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- շեշտել է Սերժ Սարգսյանը։
«Ինչի արտացոլումը Դավիթ Շահնազարյանի ներկայությունն է մեր ցուցակում․ հիշենք, որ նա եղել է ղարաբաղյան հարցով հատուկ դեսպան»,- ասաց մեր աղբյուրը։ Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականում է լինելու։
Երեկվա դրությամբ եւս դեռ բաց էր առաջին կին թեկնածուի հարցը․ Արփինե Հովհաննիսյանը բոլոր դեպքերում պնդել է, որ պատրաստ չէ ռեյտինգային կարգով առաջադրվելու, ցուցակը ղեկավարող Վիգեն Սարգսյանը վերջինիս առաջարկել է կարգը չխախտել, առաջադրվել, սակայն ընտրարշավի ժամանակ ասել, որ շատ զբաղված է շտաբային աշխատանքներով եւ նպատակահարմար է համարում, որ իր ընտրողներն իրենց ձայնը տան Երեւանի կենտրոնում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուին։
Ի դեպ, նույն պատճառով համամասնական ցուցակում չի լինի նաեւ Դավիթ Հարությունյանը․ նա կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը։ Երեւանի շտաբը կղեկավարի Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը