08 11 2018

«Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ»

«Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հավանաբար երբեք հայրենի պատմության մեջ չեն եղել իրավիճակներ, որ նման քանակության մարդիկ անբան լինեն։  

Երկիրը վերածվել է մի ահռելի, անգամ ոչ թե բանավեճային ակումբի, այլ տաղտկալի կոլեկտիվ պառավի, որը դատողություններ է անում ամեն ինչի մասին՝ կոնկրետ ոչինչ չիմանալով, եւ ուրախությամբ տալիս որեւէ դեղատոմս կյանքի բոլոր դեպքերի համար, բացի նրանցից, որոնք անմիջականորեն վերաբերում են գործունեության իր ոլորտին։   

Վերջին օրերին իշխանական ճամբարում բնակություն հաստատած անբաններին կատարյալ խուճապ համակեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին Հանրապետականի հնարավոր մասնակցության կապակցությամբ։ Մերթ փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀԿ-ն չի կարողանում թեկնածուներ գտնել ռեյտինգային համակարգով առաջադրվելու համար, մերթ անխուսափելի պարտություն գուշակում Հանրապետականին, մերթ հաղորդում, թե կուսակցությունն ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել ընտրություններին...  

Ականջաշարժ մկանները, որ սովորաբար այնքան էլ զարգացած չեն պրիմատների շրջանում, սույն «գործիչների» ու «վերլուծաբանների» պարագայում հոյակապ վիճակում են եւ թույլ են տալիս ականջներով կատարել երբեմն միանգամայն անհավանական շարժումներ։   Ելույթ է ունենում Հանրապետականին անխուսափելի պարտություն գուշակողը, ու երեւում է, թե ինչ հրեշավոր, աներեւակայելի ջանքեր են պահանջվում նրանից, որպեսզի զսպի իրեն ու չթափահարի ականջները հենց ելույթի ժամանակ։ Ովքեր չեն կարողանում հաղթահարել սեփական ֆիզիոլոգիայի այդ հատկանիշը, ականջները ֆիքսում են կպչուկով, իսկ կպչուկը՝ խնամքով քողարկում գրիմով։   

Իհարկե, Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ մյուս հիմնական խաղացողներին։   Ձեռնտու չէ Փաշինյանին։ Ոչ այն պատճառով, բնականաբար, թե վախենում է պարտվել։ Մեծամասնություն խորհրդարանում նա, իհարկե, կվերցնի։ Բայց ո՞ւմ է հաճելի օրենսդիրում ունենալ իրական ընդդիմություն, որը մշտապես կոշտ ու արդարացի կքննադատի եւ կբարձրացնի ցավոտ հարցեր։   Չէ՞ որ կան մոլորված ոչխարներ, բառացիորեն՝ հոտ։ Եվ նրան, անշուշտ, անհրաժեշտ է հովիվ։ Կամ չոբան. նայած ում ոնց է դուր գալիս։ Ըստ որում՝ ոչ թե պարզապես հովիվ, այլ հատկապես այս հովիվը, քանզի միայն նա կարող է տալ ոչխարներին պատշաճ բարեշարություն, վստահ քայլք եւ կարգուկանոն շարքերում։  

Առանց այդ հովվի ոչինչ, բառացիորեն ոչինչ չի կարող հետ պահել հոտից հեռացողներին, քանզի յուրաքանչյուրը գնում է՝ հետեւելով ուղղության եւ նպատակահարմարության սեփական ընկալմանը։   Եթե հանկարծ չլինի հենց այս հովիվը, ոչխարները կվախենան, կսկսեն դեսուդեն նետվել, կոխկրտել մեկմեկու եւ աչքի առաջ վերածվել խոտակերից գիշատչի։ Խառնաշփոթ կտիրի նրանց շարքերում, վախ ու չարացածություն, քանզի զրկվել են հովվից, որը կպաշտպանի, կուղղորդի, կբացատրի եւ խիստ, բայց արդարացիորեն կցուցանի։  

Իսկ այնտեղ դեռ մի բան էլ՝ թփերի միջից հակահեղափոխական գայլը։ Այն էլ՝ ոչ մենակ, այլ գայլերի մի ողջ ոհմակ, որոնք սպասում են միայն մի բանի. թե երբ հովիվը կհոգնի արածեցնել ոչխարներին ու կորոշի իր փոխարեն նշանակել հոտաղին։  

Գայլերն էլ հենց դրան են սպասում. ամբողջ հոտը կհոշոտեն, բոլոր մարգագետինները կսեփականաշնորհեն, բուրդը կխուզեն, միսը կխժռեն, իսկ հոտաղի եղջերափողը գինու գավաթ կդառնա խնջույքի ժամանակ։ Գայլերը նենգ ռազմավարներ են, նրանք ամեն ինչ հաշվարկում են։   Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ «Լուսավոր Հայաստանին» ու «Հանրապետությանը»։  

Պատահական չէ, որ Էդմոն Մարուքյանն արդեն իսկ բացահայտ հայտարարում է ապագա խորհրդարանում ընդդիմության տեղը գրավելու պատրաստակամության մասին։ Իսկ եթե խորհրդարանում լինի իրական ընդդիմություն՝ ի դեմս ՀՀԿ-ի, ապա արհեստական, կեղծ ընդդիմության փուչիկը ժամանակից շուտ կպայթի։  

«Հեղափոխականների» անկշտությունը պարզապես ապշեցնում է։ Վերցրին իշխանությունը, բայց այդքանը նրանց քիչ է, չեն կշտացել, հիմա էլ ուզում են սեփականաշնորհել նաեւ ընդդիմությունը։ Սրանք հաստատ հիվանդ են բուլիմիայով՝ սննդային պահվածքի խախտմամբ, որը հատկանշվում է հիմնականում շատակերության կրկնվող նոպաներով։ Բուլիմիայով հիվանդները կարճ ժամանակում խժռում են կալորիական սննդի ահռելի քանակ, այնուհետ փսխում կամ լուծողական ընդունում, որպեսզի դուրս բերեն ուտելիքն օրգանիզմից ու նորից խժռեն։  

Նկատենք, որ բուլիմիան կարող է ծանր հետեւանքներ ունենալ առողջության համար։   

Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ նաեւ «Բարգավաճ Հայաստանին»։   Վերջինս առանց այդ էլ աղետալի վիճակում է, ինչի վկայությունն էին Երեւանի ավագանու ընտրությունները։ Եվ, ի դեպ, այն 6 տոկոսի նշանակալի մասը, որ նա հավաքեց սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում, ապահովեցին ՀՀԿ կողմնակիցները։ Վերջիններս, դեմ լինելով Փաշինյանի թեկնածուին, պարզապես զրկված էին այլընտրանքից։  

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքն ու «բարեգործությունը» կբացառվեն, եւ ուրեմն ինչի՞ համար քվեարկել ԲՀԿ-ի օգտին։ «Գաղափարախոսությա՞ն», որի մասին ոչ ոք այս ավելի քան տասը տարիների ընթացքում այդպես էլ չլսեց։  

Ինչպես տեսնում ենք, Հանրապետականի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին ձեռնտու չէ հիմնական խաղացողներից ոչ մեկին։ Դրա համար էլ վերջին օրերին այդպիսի համերաշխ հաչոց բարձրացավ՝ ՀՀԿ-ի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։  

Ի դեպ, Լոս Անջելեսում գործում է օրենք, համաձայն որի շնատերերը պարտավոր են խստիվ վերահսկել իրենց խնամարկյալների հաչոցի տեւողությունը։ Այնտեղ շներին թույլատրված է անընդմեջ հաչել 10 րոպեից ոչ ավելի։ Յուրաքանչյուր հաջորդ րոպեն վճարովի է։ Սահմանված չափը գերազանցելու համար առաջին տուգանքը 250 դոլար է, երկրորդը՝ 500, իսկ երրորդ խախտման դեպքում տերերը ստիպված են վճարել 1000 դոլար։   

Սակայն Հանրապետականի մասնակցությունն ընտրություններին եւ նրա ծանրակշիռ ներկայությունը ապագա խորհրդարանում անտարակույս ձեռնտու է ինչպես բուն կուսակցությանը, այնպես էլ ընդհանրապես երկրին։ Եվ դա ամենակարեւորն է։   Հնարավորություններ ունի՞ Հանրապետականը անցնելու խորհրդարան։ Իհարկե, ունի։ Եվ այստեղ, որքան էլ տարօրինակ է, Հանրապետականին կարող է օգնել Փաշինյանի փորձը։ Վերջինս 2012 թվականի ապրիլին միտինգի հարթակից խրատում էր ընտրազանգվածին՝ հայտարարելով բառացիորեն հետեւյալը. «Մայիսի 6-ին՝ ընտրությունների օրը տնից, զորամասից դուրս եկաք, հանդիպեցիք ձեր գործատուին, թաղային կամ զորանոցային օլիգարխին. ժպտացեք նրանց եւ ասեք, որ գնում եք Հանրապետականի օգտին քվեարկելու։  

Բայց վերցրիք քվեաթերթիկը, մտաք քվեախուց, քվեարկեք ՀԱԿ-ի օգտին, քվեաթերթիկը նետեք քվեատուփ»։   

Այսօր պետք է պարզապես փոխել կուսակցությունների անվանումները, եւ հաջողությունն ապահովված կլինի։ Հեղափոխության դասականը վատ բան չի սովորեցնի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ