03 11 2018

Իշխանությունը կարող է հայտնվել իր իսկ լարած թակարդում․ «Հայոց աշխարհ»

Իշխանությունը կարող է հայտնվել իր իսկ լարած թակարդում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Դե ինչ, կարելի է ասել, որ կատարվեց Նիկոլ Փաշինյանի, նրա մերձավոր զինակիցների եւ հուշարարների «վարդագույն երազանքը»: Գնում ենք ԱԺ արտահերթ ընտրությունների: Ակնհայտ է, որ քաղաքական դաշտը, ընդհանուր առմամբ, անպատրաստ է այդ արագացված ընտրություններին: Ու այս արագացումը, այս «ափալ-թափալությունը» դեռ տարբեր ու անախորժ երեւույթներով շատ կհիշեցնի իր մասին:   

Արագացումը, պետք է նկատել, կատարվեց մի իրավիճակում, երբ սկզբունքորեն ԱԺ արտահերթ ընտրությունները նախատեսված էին Փաշինյանի գլխավորած արդեն նախկին կառավարության ծրագրում, ըստ որում՝ Ազգային ժողովի հաստատա՛ծ ծրագրում: Ու չնայած կոնկրետ ժամկետ չկար, նշումից բացի՝ «մեկ տարվա ընթացքում», ենթադրվող հավանական ժամկետը մինչեւ եկող տարվա գարունն էր: Այսինքն՝ կարելի էր շատ ավելի կազմակերպված ու բնականոն հուն վերադարձած պայմաններում անցկացնել այդ ընտրությունները:   Սակայն փաստն այն է, որ իշխանափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը որոշեց արագացնել այդ ընթացքը, իսկ քաղաքական կոչվող դաշտը ի վերջո ընկրկեց գործադիր իշխանության ղեկավարի այդ կապրիզի առաջ:   

Այո, ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքն արագացնելու քմահաճույքը կատարվեց: Բայց դա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, «հեղափոխական» նախանշումների շարքում եզակիներից է, որ կատարվեց: Բանն այն է, որ նոր Ընտրական օրենսգիրք չի ընդունվել, կուսակցությունների մասին նոր օրենք չի ընդունվել: Ու էլի շատ բաներ չեն ընդունվել ու արվել:   

Մինչդեռ, հիշեցնենք, դեռեւս ապրիլի վերջերին, մայիսի սկզբներին, Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կրակոտ ելույթներում ու բոցաշունչ հայտարարություններում շարունակ ընդգծվում էին հետեւյալ շեշտադրումները, թե՝ իրենք կամ ինքը (էական չէ) խորհրդարանական արտահերթ ընտրությունների չեն գնա, քանի դեռ Ընտրական օրենսգիրքը չեն փոփոխել, կուսակցությունների մասին նոր օրենք չեն ընդունել եւ էլի նման բաներ:   

Բայց ո՞վ է հիմա դա հիշում: Առավել եւս՝ ո՞ւմ է դա հետաքրքրում: Կարեւորը, ինչպես դժվար չէ կռահել ու ինչը առաջիկայում դեռ կտեսնենք, այն է, որ մի քանի հազար հոգի հավաքվեն որեւէ հրապարակում ու միաբերան, հյուսիսկորեական շքերթայինների համաչափությամբ ծափահարեն, ձեռքերը տարածեն, արտաբերեն «դըմփ-դըմփ-հո՛ւ» եւ, իհարկե, հիանան «Իջեւան մոլորակից եկած» առաջնորդի իմաստուն ելույթի ելեւէջներով:   

Արտահերթ ընտրությունների ընթացքն արագացնող խթանիչներից մեկը, ինչպես հայտնի է, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն էին: Չունենալով քաղաքապետի ընկալելի թեկնածու, չներկայացնելով որեւէ լրջմիտ ծրագիր, զուտ Նիկոլ Փաշինյանի՝ մրցակիցներին պախարակող, պիտակավորող, «հեղափոխական» ելույթների ու համահունչ տրամադրությունների ալիքի վրա ստացան 81 տոկոս ձայն:   

Դա թերեւս բացահայտ հուշեց, որ «երկաթը տաք-տաք ծեծելով» ու նման ալիքի վրա արժե ու հնարավոր է արագորեն գրավել նաեւ օրենսդիր մարմինը, նախ՝ չեզոքացնելով միանձնյա իշխանության կամ անձնիշխանության վերջին պատվարը, երկրորդ՝ ասպարեզից դուրս հանել նախորդ իշխող ուժը՝ ՀՀԿ-ն: Ի լրումն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղմերձավորները լրջորեն մտահոգվեցին այն հանգամանքից, որ գարնանը իրենք կարող է եւ չունենան ո՛չ ներկայիս վարկանիշը, ո՛չ էլ, հասկանալի է, աջակցությունը:   

Հանգամանորեն կանգ առնենք խաղաղ տարբերակով իշխանափոխության հասած Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր զինակիցների՝ «ՀՀԿ-ն արմատախիլ անելու» (իրենց արտահայտություններից է) ցանկության եւ հիմնական թիրախ-նպատակի վրա: Անցած կես տարվա ընթացքում, ամենատարբեր ու նաեւ սպառնալիք պարունակող հայտարարություններով նորիշխանականները մեկ անգամ չէ, որ ընդգծել ենր իրենց այդ նպատակադրումը կամ ցանկությունը:  

Ձեւակերպումները տարբեր են եղել, սկսած «քաղաքական ինքնասպանության» մասին արտահայտությունից ու ՀՀԿ-ի բեկորումների, կազմաքանդման վերաբերյալ ուղղորդված քարոզչությունից, վերջացրած ՀՀԿ-ի գործունեությունն արգելելու, քաղաքական դաշտից հանելու մասին խոսակցություններով: Իսկ խորհրդարանից Հանրապետականին դուրս հանելը այդ «օպերացիայի» կարեւոր մասերից պետք է համարել:   

Արդեն իսկ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի այդ նպատակադրումը նույնպես ձախողվել է: ՀՀԿ-ն ոչ միայն չի դադարեցրել գործունեությունը, չի կազմաքանդվել ու լուծարվել, այլեւ հակառակը: Այս՝ «այլեւ հակառակը» ասվածը տարողունակ է, բայց՝ հետաքրքրական:  

Տվյալ պարագայում նկատի ունենք այն, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն փուլ առ փուլ ձերբազատվել է զանազան «կցված» անձանցից ու շրջանակներից, այն բալաստից, որն էլ, ի դեպ, հիմնականում ՀՀԿ-ի նկատմամբ բացասական հանրային տրամադրությունների պատճառն ու շարժառիթներից էր, եթե ոչ՝ հիմնականներից մեկը: Ահա այդ բալաստի մեծ մասից ՀՀԿ-ն բնականորեն ձերբազատվեց, ինչպեսեւ ազատվեց պատեհապաշտ, հացկատակ ու պարզապես տատանվող տարբեր սուբյեկտներից:   

Ավելի՛ն: Հենց այդ կատեգորիայի ներկայացուցիչների մի զգալի մասը, «պոկվելով» նախորդ իշխող ուժից, շտապեց կցվել նոր իշխանությանը, շատերը հասցրին ոչ միայն աջակցել արդեն Նիկոլ Փաշինյանին ու ողջունել արտահերթ ընտրությունների արագացումը, այլեւ ոմանք նույնիսկ փաշինյանական ցուցակում տեղ գտնելու ակնարկներ ու խոստումներ ստացան:  

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն իրական հնարավորություն է ստացել համախմբել իր որակյալ քաղաքական միջուկը, ձերբազատվել զանազան պայմանականություններից ու, ինչպես ասվում է, նոր դեմքով ու նոր թափով շարունակել պայքարը:   

Ամենից հետաքրքիրն ու կարեւորն այն է, որ ՀՀԿ-ն դաշտում եղած միակ ծանրակշիռ ընդդիմությունն է՝ հետեւողական ու դիպուկ իր քննադատության, հստակ ու ընկալելի՝ իր դիրքորոշումների մեջ, վերաբերեն դրանք ներքաղաքական զարգացումներին, անվտանգության խնդիրներին թե արտաքին հարաբերություններին:   

Ըստ որում՝ եթե հաշվի առնենք, որ ՀՀԿ-ն պահպանել է իր կուսակցական ենթակառուցվածքը, ապա կարող ենք ասել, որ ՀՀԿ-ն հիմա միակ կազմակերպված քաղաքական ուժն է, որը կարող է ու պետք է ձգտի ոչ միայն ներկայացված լինել հաջորդ Ազգային ժողովում, այլեւ այնտեղ ստանձնել «հեղափոխական» մեծամասնությանն իրականություն եւ պատասխանատվության դաշտ վերադարձնողի, զսպողի ու հակակշռողի ծանր գործը:   

Ըստ որում՝ իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ խորհրդարանում չհայտնվելու դեպքում (դա էլ է հնարավոր տարբերակ) առաջին ու հիմնական տուժողը լինելու է խորհրդարանը, տուժելու է օրենսդիր մարմնի որակը, իսկ ՀՀԿ-ն ամեն դեպքում կատարելու է իր առաքելությունը որպես հիմնական ընդդիմադիր ուժ:   

Ի դեպ, զուտ տեխնիկական մի նկատառում: Այս օրերին շատ են ամենատարբեր խոսակցությունները, այդ թվում՝ անընկալելի հորթային հրճվանքով բացականչությունները, թե՝ «ԱԺ-ն չկա, ԱԺ չունենք, ցրվեց, լուծարվեց...»: Անհեթեթ ու անկապ արտահայտություններ են:   Երկիրն ունի՛ օրենսդիր մարմին, ունի՛ խորհրդարան, որն, այո՛, համարվում է արձակված (չլուծարված, չցրված, չվերացված, այլ արձակված), բայց այն շարունակում է կատարել իր լիազորությունները մինչեւ արտահերթ ընտրություններով ձեւավորվելիք ԱԺ հաջորդ կազմի առաջին նիստը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ