02 11 2018

Պահի պատմականությունն ու․․․տնտեսականությունը․ «Հայոց աշխարհ»

Պահի պատմականությունն ու․․․տնտեսականությունը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Եթե սահմանադրական «ոլորանները» մեկով ավելին լինեին, քան կան, ապա հնարավոր է, որ չընտրվելու նպատակով երրորդ առաջադրման կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար ու թեկնածու Նիկոլ Փաշինյանը արդեն ծրագրային ելույթ ունենար: Երեկվա նրա ելույթը խորհրդարանում մի քիչ ավելի էր նման վարչապետի թեկնածուի խոսքի, բայց ինչ-որ տեղ զուրկ էր միտինգային տոնայնությունից:   

Փաշինյանն այս անգամ խորհրդարան էր ներկայացել տնտեսական ցուցանիշներով, տոկոսներով, թվերով ու տվյալներով, ինչպես ասվում է՝ զինված: Դա նախորդ ելույթների համեմատ նույնիսկ կարելի է նկատելի առաջընթաց համարել: Կարելի է անգամ ենթադրել, որ նախօրեին նա հանգամանորեն նախապատրաստվել էր, օրինակ, ԿԲ նախագահի եւ հատկապես՝ ֆինանսների նախարարի օգնությամբ։  

Բայց եթե հիմնական շեշտադրումներից մեկը նրա այն պնդում էր, որ Հայաստանի տնտեսության մեջ այսօր ոչ մի նեգատիվ երեւույթ տեղի չի ունենում, այլ, հակառակը, առողջացում է կատարվում, ի լրումն՝ տնտեսական տրանֆորմացիա, այն է՝ ագրարային-հանքահումքայինից անցում է կատարվում տեխնոլոգիականի, ապա ի՞նչ կարիք կար այդքան թիվ ու տոկոս «շալակած» գալ խորհրդարան: Մանավանդ որ չընտրվելու կամ ԱԺ արտահերթի անհրաժեշտությունն ապահովելու համար անգամ նորից առաջադրվելու կարիք չկար:   

Թերեւս յուրայինների հետ քննարկումների հանրագումարում հանգել էին այն տրամաբանական հետեւության, որ վարչապետը, ինչ էլ չլինի, ամենից առաջ պատասխանատու է երկրի տնտեսական վիճակի, ժողովրդի սոցիալական կացության, մի խոսքով՝ սոցիալ-տնտեսական քաղաքականության համար, որը իշխանափոխականների չսիրած թեման է: Եվ հետո, այս նախընտրական ժամանակահատվածում եւս մեկ անգամ ժամ-ժամուկես ելույթ ունենալու հնարավորությունը երբեք ավելորդ չես համարի:   

Ընդամենը ինչ-որ մի քանի ամիս կամ թեկուզ կես տարի, եւ Նիկոլ Փաշինյանն արդեն այնպես է ելույթ ունենում, այնպես է վիճակագրական տվյալներն ու տնտեսական տարբեր ցուցանիշներ «խաղացնում», որ մի պահ սկսում ես կասկածել, թե արդյոք նույն Փաշինյանն է ամբիոնի մոտ, դե, այն գործիչը, որ, օրինակ, 1 տարի առաջ քարը քարի վրա չէր թողնում զանազան նախարարների, նաեւ տարբեր վարչապետերի նմանօրինակ ելույթներից ու վկայակոչած ցուցանիշներից:   

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հիմա այնպիսի շեշտադրմամբ է խոսում տնտեսական տրանսֆորմացիայի մասին, որ անտեղյակներին կարող է թվալ, թե Հայաստանն իսկապես էլ մի կիսահանգած ու անպտուղ տնտեսությամբ երկիր էր, բացառապես ծիրանի ու մոլիբդենի խտանյութի արտահանման վրա «նստած», իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու մնացած ամեն ինչն էլ նոր-նոր են միայն տեղավորվել-տնավորվել մեր երկրի տնտեսության մեջ:  

Շատ հետաքրքիր էր հետեւել նաեւ, թե ինչպես է նա թեթեւորեն վերցնում ու մի կողմ դնում լեռնահանքային ոլորտը, դրա տվյալներով հանդերձ, բացատրելու համար, թե ինչու են տնտեսական ցուցանիշները վերջին հաշվետու ամսվա, այն է՝ սեպտեմբերի ընթացքում վատացել:   

«Մեղավորը», պարզվում է մեկ Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումն է, մեկ՝ Ամուլսարի շահագործման պահով «Լիդիան-Արմենիայի»՝ արհեստականորեն արգելակված վիճակը: Այ, եթե այն մեկը չհաշվենք, այս մեկը հանենք, ապա ընդհանուր առմամբ լավ է, անգամ, պարզվում է, հրաշալի:   

Ափսոս միայն, որ վարչապետերի ելույթները ու հատկապես վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը պարենային կամ թեկուզ՝ ոչ պարենային ապրանքների կամ թղթադրամների չի վերածվում, որպեսզի մարդիկ դրանք ձեռք բերեն, կամ եկամուտներն ավելանան:    Գիտեք, եթե մարդիկ ու հասարակության գոնե մեծ մասը սկսի իսկապես ավելի լավ ապրել, հատկապես սոցիալ-տնտեսական տեսանկյունից, ապա նման ելույթների կարիք ոչ մեկը չի ունենա: Այսինքն՝ կարիք չի լինի, որ որեւէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, ինչպես երեկ էր, գրեթե սկսի համոզել, թե որքան է լավացել կյանքը: Դե, հայտնի է, կոռուպցիա, ուրեմն, չկա, մենաշնորհներ չկան ու չկան, իսկ օլիգարխներ էլ՝ ասված է, որ չլինեն: Վերջ:   

Իրականության մեջ դաժան փաստն այն է, որ գյուղմթերքի ու ոչ միայն գյուղմթերքի գները բարձրացել են: Հիմնական էներգակիրների սակագներն ու գները նկատելիորեն չեն նվազել: Մյուս դաժան փաստն այն է, որ մարդկանց եկամուտները հիմնականում չեն ավելացել: Ու հաստատ՝ որակական փոփոխության հնարավորություն ստեղծող մեծ թվով աշխատատեղեր չեն բացվել:   

Նման իրավիճակում որքան ուզում ես ասա՝ «հալվա, հալվա», կյանքը դրանից շոկոլադապատ չի դառնալու: Փաշինյանի երեկվա ելույթը, որքան էլ թվերով ու տվյալներով հագեցած, հենց նման մի «հալվա, հալվա» ասել էր:   

Չգիտեմ, առաջիկայում, եթե կրկին նման հնարավորություն լինի, միգուցե եւս երկու-երեք փորձից հետո «վարչապետական ելույթ» կհնչեցնի նա։ Իսկ մինչ այդ, գնահատենք, ինչպես ասվեց՝ պահի պատմականությունը: Վարչապետի պաշտոնակատարը, օրինակ, հայտարարեց, թե ԱԺ գործող կազմի արձակմամբ եւ արտահերթ ընտրությունների գնալով, «հեղափոխությունը լրում է», իսկ իշխանությունն էլ լիարժեքորեն վերադարձվում է ՀՀ քաղաքացիներին, ժողովրդին: Եվ ժողովուրդը (ինչքան են սիրում այս բառը հոլովել), ուրեմն, «ամուր կպահի իշխանությունը իր ձեռքում եւ այլեւս բաց չի թողնի»:   

Նման հեղափոխականաշունչ հայտարարությունները գուցե զանգվածների համար հաճելի են հնչում: Բայց ընդհանուր առմամբ, ի՞նչ է նշանակում իշխանությունը վերադարձնել ժողովրդին, եթե հենց սահմանադրությամբ ամրագրված ու անփոփոխելի նորմ է, որ այն՝ իշխանությունը, էլի պատկանում է ժողովրդին:   

Փաշինյանի ասածի ենթատեքստը պարզից էլ պարզ է, իր ու ոչ միայն իր, տարիներով արծարծած այն դրույթն է, որ իշխանությունը ժողովրդից խլված է եւ այլն: Ասել կուզի՝ նախորդ բոլոր իշխանություններն անօրինական են եղել: Սակայն արի ու տես, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված հիմնարար օրենքները, փաստաթղթերը, որոշումները, կնքած պայմանագրերը, այդ թվում՝ միջպետական, միջազգային կառույցների հետ կնքված փաստաթղթերը, ի վերջո, չեղյալ չեն հռչակվել, ապօրինի չեն ճանաչվել:   

Ավելին՝ շատ ու շատ որոշումներ իրագործվում ու կիրառվում են, ինչպես նախորդ կառավարությունների ինչ-ինչ տնտեսական ծրագրեր (ի վերջո, միայն կոռուպցիան կամ Հյուսիս-հարավը չէ, այսինքն՝ միայն բացասականը չէ, գործեր ու արդյունքներ էլ կան):  

Հավելենք, որ Ազգային ժողովը որքան էլ որ արձակված է համարվում իրավունքի ուժով, իր լիազորությունների ժամկետն ավարտվում է հաջորդ ԱԺ կազմավորումից հետո: Սա, իմիջիայլոց, քանզի շատերը կարծում են, թե արդեն Ազգային ժողով էլ չունենք, ինչը, իհարկե, այդպես չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ