«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ունեցվածքը: Պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է, երբ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը 8300 դրամից դարձավ 25 հազար դրամ: Ու հիմա սեփականատերերը պնդում են, որ դա այլևս շահութաբեր բիզնես չէ:
Մյուս կողմից նրանց առաջ նոր խնդիրներ են ծառացել. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել:
Հայաստանի միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան: Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Ու հիմա շատերը որոշել են այդ խնդիրներից զերծ մնալու համար պարզապես վաճառել ունեցվածքը:
Նշենք, որ վաճառքի համար նախատեսված ինտերնետային կայքերը հիմա հեղեղված են նման հայտարարություններով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը