«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ 168.am-ին հասած լուրերի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը տրոհվելու եզրին է։ Խոսքը, մասնավորապես, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանին է վերաբերում, որը մտադիր է հեռանալ ՔՊ-ից և նոր կուսակցություն հիմնել։ 168.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանից։ Հարցը վերջինիս ծիծաղը հարուցեց։
«Լուրջ եք ասո՞ւմ»,- իր հերթին հարցրեց Սիսեռյանը՝ շտապելով «թարմ նորությամբ» անմիջապես կիսվել Ավինյանի հետ։
«Իհարկե, չկա նման բան»,- հավաստիացրեց Վ. Սիսեռյանը՝ հերքելով, որ անգամ որեւէ նման քննարկում չի եղել։
Դիտարկմանը, որ ըստ նույն լուրերի, նոր կուսակցության գաղափարն Ավինյանը մտմտում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, Վ. Սիսեռյանը արձագանքեց. «Օ՜, սա էլ ասեմ, խնդրում եմ»։
«Ոչ, ոչ, լուրջ՝ չկա նման բան։ Երդվում եմ, եթե լինի, առաջինը ձեզ կասեմ»,- հավելեց նա։
Հարցին՝ ՔՊ-ում Ավինյանն ինչ-որ տարաձայնություններ ունի՞, որ կարող էին նման լուրերի հիմք դառնալ, Վ. Սիսեռյանը պատասխանեց, որ բոլորը տարաձայնություններ ունեն, եւ դա նորմալ ու շատ լավ է, նշանակում է՝ մթնոլորտն առողջ է։ Նա նկատեց, որ քննադատությունները, թե միակուսակցական համակարգի վտանգ կա, ջախջախվեցին երեկվա ընտրությունների արդյունքներով՝ Կապանում ՔՊ-ն պարտվեց»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը