«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Եթե մի երկու տարի առաջ պետության ղեկավարն ասեր, թե իրեն ժամանակին չեն զգուշացրել կամ հիշեցրել Գյումրի քաղաքի տարեդարձի տոնակատարության ամսաթիվն ու այդ պատճառով չի կարողացել ներկա լինել, ապա հայտարարության հեղինակին, մեղմ ու պատկերավոր ասած, «կխաչեին»: Ամոթանքի հեղեղ կլիներ, ու ցասման գետեր կհոսեին: Ու բանը դրանով չէր ավարտվի:
Բայց մենք երկու տարի առաջվա սահմաններում չենք: Մենք ներկայում ենք, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման բան է հայտարարում ու... ի վերջո ոչինչ: Նույն հաջողությամբ նա կարող է Էրեբունի-Երեւան-2800 տոնին էլ չմասնակցել, սակայն հարցը վարչապետը չէ, այլ այն հազար-հազարները, որ անմիջապես ու ագրեսիվ կեցվածքով կնետվեն նրան արդարացնելու եւ պաշտպանելու (ումի՞ց):
Չնայած Գյումրի իզուր չգնաց Նիկոլ Փաշինյանը: Գոնե իր արձանը կտեսներ: Ամենայն լրջությամբ: Գյումրի-Վանաձոր ճանապարհի սկզբներում, Շիրակի մարզկենտրոնին ավելի մոտ: Այն ճանապարհին, որտեղով անցել է իր քայլարշավ-իշխանափոխության մեկնարկին: Ու հենց այդպես էլ նրան պատկերել է գյումրեցի Ա.Դավթյանը՝ կեպիով, կարճաթեւ շապիկով, ուսապարկով, ճամփեզրով քայլելիս:
Չար լեզուներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանի արձանի երկու ոտքն էլ, կներեք, աջ է քանդակված: Համենայն դեպս արձանի դիմահար լուսանկարից այդպես է երեւում:
Մի գյումրեցի վարպետ քանդակագործ էլ նկատեց, որ «կոշիկ քանդակելը կատակ բան չէ, բայց կարող է կատակի բան դառնալ»: Մեր զրուցակիցը խոստացավ անպայման գնալ, ինչպես ասվում է՝ մոտիկից զննել քաղաքի մուտքի մոտ տեղադրված արձանն ու իր մասնագիտական կարծիքը հայտնել: Քանդակը, ի դեպ, բրոնզագույն է, բայց հասկանալի է, որ բրոնզից չէ: Ըստ երեւույթին կա՛մ բրոնզագույն ներկված կավ է, կա՛մ «պապյա-մաշե»:
Ոմանք ասում են՝ նման է բնօրինակին, մյուսները այլ կարծիքի են: Բայց դա մանրուք է: Կներեք, բառախաղի համար, խոշորուքն այն է, որ բուն երեւույթն է վրդովեցնող ու մտահոգող:
Կարելի է, իհարկե, ամեն ինչ փաթեթավորել սոցցանցային՝ «ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին սիրո՜ւմ է...» կաղապարով: Կարելի է ինչ ասես ու ինչպես ասես փորձել արդարացնել, գովերգել նույնիսկ կատարվածը:
Սակայն դա անձի ամենաիսկական պաշտամունքի դրսեւորում է: Առաջինը չէ, ոչ էլ, չկասկածեք, վերջինը կլինի: Ուղղակի քանդակի տեսքով է, միանգամից է աչքի զարնում: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանին նվիրված, նրան փառաբանող երգեր կան, արդեն մի համերգի երգացանկ կարելի է կազմել դրանցից: Չհաշված նկարները դպրոցական օրագրերի վրա, ու ոչ միայն: Սրբապատկերի տեսքով պատրաստված նկարներն էլ՝ ձեզ փեշքեշ:
Հիշյալ քանդակի հեղինակի դուստրը պատմել է, որ սկզբում հայրը փոքր արձանիկ է պատրաստել, որոշել է այն Փաշինյանին փոխանցել, բայց չի ստացվել: Ափսոս, որ չի ստացվել... Բայց հեղինակին կարելի է խորհուրդ տալ, որ փոքր արձանիկների «գործ դնի», հաստատ մեծ արձանի վրա արված ծախսերը կհանի իրացումից, դեռ մի բան էլ՝ եկամուտ կստանա: Միեւնույն է, այդ գաղափարն ուրիշները կթռցնեն-կանեն, ինչպես «դուխով» գրություններով կեպիներն ու շապիկները:
Էականն այստեղ այն է, որ անձի պաշտամունքի նման դրսեւորումները որոշակիորեն խրախուսվում են: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը մի անգամ գոնե իր ոչ դրական վերաբերմունքը կհայտներ: Ի վերջո, լռությունը համաձայնության նշան է: Ու նա լռում է, չի ասում՝ «Հայաստանի հպարտ քաղաքացինե՛ր, էս ի՞նչ եք անում...»:
Չի ասում՝ «ախր, մենք պայքարում էինք նաեւ, որ պետության ղեկավարի նկարները դպրոցներից ու պետհիմնարկների աշխատասենյակներից հանվեն, իսկ դուք ինձ կենդանության օրոք արձա՞ն եք դնում...»:
Այս ամենը, մյուս կողմից, թույլ է տալիս նկատել նաեւ, որ կաթսայազարկ մեծամասնությանն իրականում կամ բուն խորքում ոչ ժողովրդավարական ինչ-ինչ զարգացումներ են պետք, ոչ երկրի զարգացմանն ուղղված ինչ-ինչ քայլեր, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական բարենորոգումներ, այլ կուռք էր պետք, որին կուրորեն պաշտեն, համեմատեն (մեղա, Տեր), Քրիստոսի հետ, սրբապատկեր սարքեն, առջեւը մոմ վառեն։
Մարդիկ փողոց էին ելել, դժգոհում էին, որ Վաղարշապատն ու մերձակա շրջանը ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն «իրենով է արել», որդուն էլ Էջմիածնի քաղաքապետ դրել:
Ազատամարտի մեկ այլ նկատելի մասնակից, ԱԺ պատգամավոր ու Փաշինյանի «Քաղպայմանագրի» ղեկավար ներկայացուցիչ Սասուն Միքայելյանն, ասում են, կարող է ԵԿՄ նախագահ դառնալ: Բայց դա դեռ մի կողմ: Իրավիճակի ողջ հմայքն այն է, որ Սասուն Միքայելյանի որդին ինքնառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու: Ու կարծեք, միակ թեկնածուն է:
Եվ հետո դեռ ոմանք իբրեւ թե սրտնեղում են, երբ ապրիլ-մայիսին կատարվածն արտահերթ իշխանափոխություն ես բնորոշում: Եվ հանուն ինչի՞ էր պայքարը: Անձի պաշտամունքի՞: Հանուն նեոֆեոդալիզմի՞, որի համար կարծեք ներկաները խստորեն քննադատում էին նախորդներին, երբ վերջիններս դեռ թամբին էին:
Ինչ ուզում եք, ասեք, բայց Վիշապի մասին չինական պատումը, իր վարիացիաներով հանդերձ, մշտարդիական է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը