27 09 2018

Yerevan.Today-ում խուզարկությունը մի շարք օրենքների և միջազգային կոնվենցիաների դրույթների խախտում է. «Հայոց աշխարհ»

Yerevan.Today-ում խուզարկությունը մի շարք օրենքների և միջազգային կոնվենցիաների դրույթների խախտում է. «Հայոց աշխարհ»

«Հայոց Աշխարհ»-ը գրում է․ «Երեկվա համարում իրազեկել էինք, որ Yerevan.today կայքի սեփականատերն ու խմբագիրը երկու օր առաջ Վերաքննիչ դատարանում բողոքարկել են կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին իրավապահների կողմից խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը:   

Հիշեցնենք, որ խուզարկությունն իրականացվել էր ՀՔԾ եւ ԱԱԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակման աղմկահարուց գործի առնչությամբ: Լրատվական կայքի խմբագրությունը հետախուզելու պատճառն, ըստ դատարանի տված թույլտվության, կայքի կողմից գաղտնալսման ձայնագրությունն առաջինը հրապարակելու փաստն է, ինչը, սակայն, հերքվել է:   

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Yerevan.today-ի ներկայացուցիչների փաստաբան ԱՐՄԵՆ ՖԵՐՈՅԱՆԸ, իրենք վերաքննիչ են դիմել մի քանի հիմքով եւ լուրջ փաստեր ունեն, որ առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն տրամադրելով՝ խախտել է ոչ միայն մի շարք օրենքներ, այլեւ մարդու հիմնարար ազատությունների մասին միջազգային կոնվենցիաների դրույթները.   

«Երբ ուսումնասիրեցինք խուզակություն կատարելու թույլտվություն տալու մասին դատարանի որոշումը, ակնհայտ դարձավ, որ այն տալու համար միայն մեկ փաստական հանգամանք է հիմք ծառայել: Ոստիկանությունը քննչական մարմնին տրամադրել էր տեղեկատվություն այն մասին, թե գաղտնալսումը առաջինը համացանցի տեղական տիրույթում տեղադրել է Yerevan.today լրատվական կայքը, եւ այդ գրությունը հիմք է դարձել դատարանի համար:   

Նախ՝ այդ տեղեկությունը ամենեւին իրականությանը չի համապատասխանում, մինչեւ Yerevan.today-ի տեղադրելը այլ լրատվական կայքեր վաղուց ձայնագրությունը հրապարակել էին եւ հանրայնացրել, դրա ապացույցներն առկա են համացանցում՝ ժամանակագրական առումով: Մյուս կողմից էլ՝ առաջին ատյանի դատարանն իրավունք չուներ զուտ ոստիկանների տրամադրած տեղեկության, գրության հիման վրա խուզարկության թույլտվություն տրամադրել, քանի դեռ այդ տեղեկությունը ճշգրտված եւ հաստատված չէ»:  

Փաստաբանը տեղեկացրեց, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի կայուն ձեւակերպված իրավական որոշում, որն ընունվել է դեռ 2015 թվականին, եւ որի համաձայն՝ միայն օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի խախտել անձի բնակարանի կամ գրասենյակի անձեռնմխելիության իրավունքը:   

Ոստիկանների տրամադրած տեղեկությունը պետք է խորությամբ ուսումնասիրվեր ու ապացույցներով հիմնավորվեր, որից հետո դատարանը կարող էր խուզարկության թույլտվություն տալ. «Անկախ այն բանից՝ ոստիկանների հաղորդած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը թե ոչ, դատարանը չէր կարող թույլտվություն տրամադրել խուզարկություն կատարելու միջնորդությամբ:   

Ժամանակին այդ արատավոր երեւույթը բավականաչափ տարածված էր, եւ ոստիկանությունը ում բնակարանը ցանկանում էր, հանգիստ խուզարկում էր՝ ընդամենը տեղեկանք պատրաստելով, թե կասկածներ կան տվյալ մարդու բնակարանում ապօրինի զենք կամ այլ իր պահելու վերաբերյալ: Անձամբ ինքս նման գործեր ժամանակին բողոքարկել եմ:   

Բարեբախտաբար 2015թ. Վճռաբեկ դատարանը դատապարտեց այդ արատավոր երեւույթը եւ արգելեց միայն ոստիկանության տրամադրած օպերատիվ տեղեկանքի, գրության հիման վրա խուզարկության թույլտվություն տրամադրելը: Դա որակվեց որպես մարդու իրավունքների ոտնահարում: Բայց տարիներ անց, փաստորեն, այդ նույն պրակտիկան գործադրվեց, ինչն արդեն օրենքի խախտում է եւ ոչ միայն, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով է դա նաեւ ագելված, միջազգային այլ դաշնագրերով»:  

Առաջին ատյանի դատարանն, ըստ փաստաբանի, նաեւ հաշվի չի առել, որ գործ ունի լրատվական ընկերության հետ, եւ խմբագրությունում պահվում է լրատվական գաղտնիք պարունակող մեծ ծավալի տեղեկատվություն: Իսկ քննչական մարմնի աշխատակիցները, օգտվելով նրանից, որ դատարանը հատուկ չի սահմանել, թե ինչ առարկաներ ու նյութեր կարող են առգրավել, տարիների ընթացքում ստեղծված ողջ իֆորմացիոն բազան տարել են իրենց հետ՝ համակարգիչների ու հիշողության կրիչների առգրավմամբ:   

Այնինչ նրանք իրավասու են առավելագույնը վերջին վեց ամիսներին կուտակված տեղեկատվությունը ստուգելու: Սա եւս օրենքի խախտում է դիտարկվում: Դա նաեւ խոչընդոտել է լրատվամիջոցի բնականոն գործունեությունը այն ծավալով, որով միշտ աշխատանքներն իրականացվել են:  

Արմեն Ֆերոյանը նշեց, որ իրենց բողոքարկման համար հենց այս հանգամամքներն են հիմք դարձել, եւ իրենք ակնկալում են, որ Վերաքննիչ դատարանը կդատապարտի խուզարկության ապօրինի լինելու փաստը. «Մեր բողոքարկումը հետադարձ որեւէ արձագանք չի կարող ունենալ, խուզարկությունն արդեն իրականացվել է: Եթե մինչեւ այդ բողոքարկվեր, հնարավոր կլիներ կանխել խուզարկությունը:   

Բայց գոնե այդպես ի վերջո մեր երկրում հնարավոր կլինի այդ արատավոր երեւույթն արմատախիլ անել վերջնականապես եւ փաստել, որ լրատվական կայքում իրականացված գործողություններն ապօրինի են եղել: Դա նաեւ զգոնության մղող քայլ կլինի իրավապահների եւ մյուս կառույցների համար։   

Ակնկալում ենք, որ Վերաքննիչ դատարանը քննության կենթարկի մեր բողոքը իր իսկ արտահայտած դիրքորոշման լույսի ներքո։ Չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանը կորդեգրի առաջին ատյանի դատարանի քաղաքականությունն ու կանտեսի այդ կարեւոր հանգամանքը»:  

Անդրադառնալով գործի ընթացքին՝ նա նշեց, որ քննությունը դեռ չի ավարտվել, արդեն իսկ հարցաքննվել է կայքի սեփականատերը, իսկ խմբագիրը մոտակա ժամանակ նույնպես կկանչվի հարցաքննության:  

Մեր ունեցած տեղեկություններով, խուզարկությունից երկու-երեք օր անց ՀՔԾ հարցաքննության են հրավիրվել նաեւ «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամները, որոնց գրասենյակում նույնպես սեպտեմբերի 17-ին նույն գործով խուզարկություն էր իրականացվել:  

Նախաձեռնության անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ հաստատեց այդ տեղեկությունը՝ հավելելով, որ իրենք հարցաքննվել են որպես գործով վկաներ, քանի որ իրենց նկատմամբ որեւէ հանցակազմ չի հայտնաբերվել: Ըստ նախաձեռնության ներկայացուցչի՝ իրենց նկատմամբ այսօրվա դրությամբ որեւէ կարգավիճակ սահմանված չէ՝ ո՛չ կասկածյալ են, ո՛չ էլ մեղադրյալ:   

Չնայած քննությունը դեռ շարունակվում է, եւ հետախուզության ժամանակ առգրավված տեխնիկական սարքերը, համակարգիչները դեռ չեն վերադարձվել, այնուհանդերձ Հայկ Այվազյանը վստահեցրեց, որ այդպես էլ իրենց մեղավորության որեւէ ապացույց չի հայտնաբերվի, քանի որ իրենք որեւէ առնչություն չունեն գաղտնալսման հետ.  

«Մենք այս գործով անմեղ ենք, ուստի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր դեմ որեւէ ապացույց պարզապես հնարավոր չէ գտնել: Մենք վախենալու բան չունենք եւ արդեն մեր նախաձեռնության կարծիքը հայտնել ենք խուզարկության վերաբերյալ, թե ինչու ենք հենց մենք հայտնվել այդ ծառայությունների թիրախում:   

Ենթադրում ենք, որ պատճառը մեր գրասենյակի կողմից իրականացվող գործունեությունն է ազգային ու քրիստոնեական արժեքների պահպանության եւ հակաքրիստոնեական բարքերը մեզանում մերժելու, դրանց ներխուժումը Հայաստան թույլ չտալու ուղղությամբ»:  

Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք այդ խուզարկությունն ու կասկածները անհարմարություններ չե՞ն առաջացրել նախաձեռնության համար եւ արդյոք չե՞ն վտանգում նրանց հեղինակությունը, Հայկ Այվազյանն ասաց, որ միակ անհարմարությունն այն է, որ քանի օր է՝ չեն կարողանում շարունակել իրենց գործունեությունը, քանի որ տեխնիկան եւ նյութերը դեռեւս առգրավված են: Իսկ հեղինակության վրա չեն կարող անդրադառնալ, քանի որ ի վերջո կապացուցվի իրենց անմեղությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ