20 09 2018

Թորոսյանի պատճառով 10 մլն եվրոյի ներդրումային ծրագիրը տապալվում է․ «Փաստ»

Թորոսյանի պատճառով 10 մլն եվրոյի ներդրումային ծրագիրը տապալվում է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել: Հակածխախոտային պայքարի անվան տակ նախարար Թորոսյանը արշավ է սկսել «Ֆիլիպ Մորիս» ընկերության և iQos էլեկտրոնային ծխախոտների դեմ, որի արդյունքում ընկերության ղեկավարությունը պատրաստվում է չեղարկել Հայաստանում իրականացվելիք շուրջ 10 միլիոն եվրո արժողությամբ ներդրումային ծրագիրը:

Բանն այն է, որ շվեյցարական «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համաձայնության էր եկել գիտահետազոտական կենտրոն հիմնելու շուրջ, որում ներգրավվելու ու վերապատրաստվելու էին 400-ից ավելի հայ գիտնականներ: Ընկերությունը պատրաստվում էր առողջապահական ոլորտի համար չափազանց կարևոր ուսումնասիրություններ անել, այդ թվում՝ կապված ծխախոտի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապի բացահայտման շուրջ: Ու թեև Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները աջակցություն էին հայտնել ծրագրին, սակայն ՀՀ առողջապահության նախարարի գործողությունների արդյունքում շվեյցարական ամենամեծ ներդրումային ծրագիրը տապալման եզրին է:

Մեր տեղեկություններով, «Ֆիլիպ Մորիս»-ի սեփականատերերի ձեռքի տակ հայտնվել են փաստեր այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակային և ոչ հրապարակային գործողություններով վարկաբեկում է ընկերության արտադրանքն ու արատավորում գործարար համբավը: «Ֆիլիպ Մորիս»-ի սեփականատերերին վրդովեցրել է այն փաստը, որ հակածխախոտային քաղաքականության պատրվակով նախարար Թորոսյանը իրականում պայքարում է իրենց արտադրանքի դեմ:

Նրանք ունեն տվյալներ, որ Արսեն Թորոսյանն անձնական շահագրգռվածություն ունի iQos-ի դեմ արշավի հարցում և գործարքի մեջ է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերության հետ, որի վաճառքները կտրուկ անկում էին գրանցել հայկական շուկայում iQos-ի հայտնվելուց հետո: Եվ հիմա նպատակը iQos-ը հայկական շուկայից դուրս մղելն է: Նշենք, որ «Ֆիլիպ Մորիս»-ի ղեկավարությունը Հայաստանի կառավարությանն ազդակներ է ուղարկել, որ Արսեն Թորոսյանին չզսպելու պարագայում իրենք կչեղարկեն ներդրումային ծրագիրը՝ այն տեղափոխելով Վրաստան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ