11 09 2018

Պրոբլեմները լուծելու փոխարեն․ «Հայոց աշխարհ»

Պրոբլեմները լուծելու փոխարեն․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Հայտնվել ենք դրանց ջրապտույտում․․․ Դեռ չէին ավարտվել սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Վ.Պուտին-Ն.Փաշինյան հանդիպման արդյունքները պարզելու փորձերը, երբ Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Մ.Բախտաձեն։ Վրա հասավ մեզ համար խիստ կարեւոր մեկ այլ երկրի հետ հարաբերություններում առաջ եկած խնդիրները լուսարձակելու պահը։  

Քանի որ մոսկովյան բանակցությունների վերաբերյալ հայտնի է միայն Հայաստանի վարչապետի տեսակետը, իսկ ռուսական կողմը համառորեն շարունակում է լռություն պաշտպանել, մենք եւս առայժմ ձեռնպահ կմնանք վերջնական գնահատականներից։ Ի վերջո, «Կոմերսանտին» տրված վարչապետի հարցազրույցում այնքան շատ են ընդհանուր արտահայտություններն ու հակասությունները, որ տեղ չեն թողնում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խիստ կոնկրետ խնդիրների լուծման հեռանկարները հստակեցնելու համար։    Անշուշտ նույնը չի կարելի ասել հայ-վրացական հարաբերություններում տեղ գտած խնդիրների մասին, որ ստեղծվել են վերջին շրջանում։ Սակայն այստեղ էլ մեր իշխանության մոտեցումներում գերակայում են ոչ թե հստակ առաջնահերթությունները, այլ բարի ցանկությունները։   

Ավելին՝ այս առումով նույնպես հայկական կողմը ակնհայտորեն խնդրարկուի կրավորական դերում է, քանի որ երբ Վրաստանի վարչապետն առաջադրում է երկկողմ ապրանքաշրջանառությունը մեկ միլիարդ դոլարի սահմանին հասցնելու հավակնոտ ծրագիրը, մերոնք մտահոգված են սոսկ Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրության եւ դեպի Ռուսաստան տանող հաղորդակցության ուղիների բազմազանեցման խնդրով։  

Սկզբում թվում էր, թե ի տարբերություն հայ-ռուսական հարաբերությունների, որոնցում կուտակվող խնդիրները մեծապես պայմանավորված են 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխության հետեւանքներով, նոր իշխանությունների օրոք հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ իդեալական է լինելու։ Ի վերջո՝ Հայաստանում իշխանության է եկել մի այնպիսի քաղաքական թիմ, որին Վրաստանում վաղուց էին սպասում։   

Բայց արի ու տես, որ այստեղ էլ հարցեր են առաջացել, որոնք կապված են Վրաստանի կառավարության տրանսպորտային-կոմունիկացիոն նոր առաջնահերթությունների հետ։ Անկախ նրանից, թե ինչ պատճառներ ունի դրանց որդեգրումը, նպատակներն ակնհայտ են՝ թեթեւացնել Վերին Լարսով իրականացվող տրանսպորտային հաղորդակցության ծանրաբեռնվածությունը, միաժամանակ՝ ծանրաբեռնել Վրաստանի նավահանգիստները, որոնց աշխատողները դեպի Ռուսաստան ու Թուրքիա տանող հաղորդակցության ուղիների գործարկման պարագայում կարող են հայտնվել գործազուրկի կարգավիճակում։  

Առաջ եկած խնդիրը, որ կարող է հանգեցնել Հայաստանում հացահատիկի ու հացի թանկացման, կապված է նաեւ Ռուսաստանից դեպի Վրաստան ավտոմոբիլային զբոսաշրջության աննախադեպ աճի հետ։ Սրանք օբյեկտիվ պատճառներ են, որոնք նրբորեն քողարկվում են արհեստական բնույթ ունեցող այն պնդումներով, թե իբր աշնան ամիսներին Ռուսաստանից Հայաստան ցորեն տեղափոխող հայկական ու ռուսական բեռնատարները կարող են վնասել Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհները։   

Հասկանալի է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վրաստանը ճգնում է Հայաստանին տրամադրել երկրորդական կոմունիկացիաներ՝ դրանով ընդգծելով իր գերակա դիրքը երկկողմ հարաբերություններում։ Ով երբեւէ երթեւեկել է վրացական ճանապարհներով, մանավանդ՝ երկաթուղով, լավ գիտի, որ հայկական գնացքները միշտ էլ վերջինն են սպասարկվում։   

Նույնն է նաեւ այժմ, բայց դա դեռ ոչինչ։ Կարեւորն այն է, որ վրացական երկաթուղին դարձել է նաեւ ադրբեջանական նավթի արտահանման գործընթացի հիմնական սպասարկողներից մեկը։   

Ռուսական զբոսաշրջային հոսքերի եւ Վրաստանի «նուրբ» ճանապարհները չվնասելու պատճառաբանության հետեւանքով զրկվելով հացահատիկի ներմուծման հարմար երթուղուց՝ վաղը կարող ենք կանգնել նաեւ դեպի Սեւ ծովի նավահանգիստներ արտահանվող ադրբեջանական նավթամթերքով բեռնված գնացքների մրցակցության փաստի առաջ։ Այս պայմաններում վրացական կողմի հետ աշխատելու մեր հնարավորությունները հետեւողականորեն սահմանափակվելու են ադրբեջանական «Սոկարի» ու նրա ազդեցության տակ գտնվող տեղական պաշտոնյաների ջանքերով։   

Ստացվում է, որ Վրաստանում ուժեղացող ռուսական ու ադրբեջանա-թուրքական թափանցումների պայմաններում մեր տրանսպորտային հնարավորությունները ավելի ու ավելի են սահմանափակվելու։ Նման խաչաձեւվող շահերի հանգույցում վերջնականապես չխճճվելու համար պարտավոր ենք արագացնել Թուրքիայի սահմանի երկայնքով Բաթումից մինչեւ Իրանի սահման հասնող այլընտրանքային մայրուղու շինարարությունը։  

Եվրոպայից Իրան տանող Վրաստան-Հայաստան կոմունիկացիաների համակարգի գոյությունը կարող է հակակշռել թուրք-ադրբեջանական եւ ռուսական ուղղությունների գերծանրաբեռնվածությանն ու դրանից բխող բազում պրոբլեմներին։  

Դրան զուգընթաց կարեւոր նշանակություն է ձեռք բերում հացահատիկի սեփական նվազագույն պաշարներ ավելացնելու խնդիրը, ինչը կարող է լուծվել միայն ու միայն Արցախի ու ազատագրված տարածքների ցանքատարածությունների ընդլայնման միջոցով։ Այստեղ այնքան մեծ չիրացված հնարավորություններ ունենք, որ ճիշտ աշխատելու պարագայում մի քանի տարվա ընթացքում կարող ենք լուծել պարենային անվտանգության հետ կապված այս կարեւորագույն խնդիրը եւ բեռնաթափելով վրացական երկաթուղիները՝ նրանց դնել ոչ թե թելադրողի, այլ խնդրողի վիճակում։  

Այսօր Վրաստանը թերեւս հերթական «լավությունը» կանի մեզ՝ ինչ-որ չափով իջեցնելով իր երկաթուղով հացահատիկի բեռնափոխադրման գները։ Բայց լուրջ զեղչեր կարող են լինել միայն այն պարագայում, երբ մենք ինքներս նվազեցնենք մեր կախվածությունը նրա ներկա հաղորդակցություններից ու միաժամանակ դրանց բազմազանեցման սխեմաների մեջ նախընտրենք Եվրոպա-Իրան ուղղությունը՝ որպես ամենաձեռնտու այլընտրանք։  

Եվ ամենակարեւորը. այս բոլոր խնդիրների լուծման համար հարկավոր է ունենալ ռազմավարական մտածողություն եւ գործնական հատկանիշներ, ոչ թե պաշտոններ տալ սոսկ սելֆիներ անելու հարցում վարժված երիտասարդներին, իսկ վերջում էլ նրանցից ազատվելու գործընթացը մեր հանրությանն ու ռազմավարական դաշնակցին մատուցել որպես «բարեգործական ակցիա»»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ