07 09 2018

Սա հետաքննություն չէ, այլ հաշվեհարդար․ «Հայոց աշխարհ»

Սա հետաքննություն չէ, այլ հաշվեհարդար․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՔԾ-ն տեղեկացրեց «Մարտի 1»-ի շրջանակներում նոր քրեական գործի հարուցման մասին։ Հիշյալ գործը առնչվում է մարտի 1-ի առավոտյան Թատերական հրապարակում ոստիկանության գործողություններին։ Համաձայն ՀՔԾ հաղորդագրության, 2008-ի մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, «ոստիկանության տարբեր ստորաբաժանումների առնվազն 1300 ծառայողներ Երեւան քաղաքի Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները»:   

Այսինքն՝ երգի շարունակություն, որը նեոբոլշեւիկներից լսում ենք արդեն ավելի քան տասը տարի։ 2008 թվականի մարտի 1-ի ձախողված հեղաշրջման կազմակերպիչները իրենց էությամբ երկնային հրեշտակներ էին, ինչպես նաեւ երդվյալ ժողովրդավարներ ու մարդու իրավունքների ջատագովներ, իսկ սահմանադրական կարգը պահպանել փորձողները՝ իսկական հրեշներ։    

Երբ կարդում ես ՀՔԾ հաղորդագրությունը, դժվար է ձերբազատվել տպավորությունից, թե Թատերական հրապարակում գտնվողները անմեղ թիթեռներ էին։ Իսկ երբ հիշում ես, թե ինչ արեցին նրանք այնուհետ, ապա չես կարողանում ազատվել այն տպավորությունից, որ գործ ունեինք արդեն վամպիրների հետ։   

Ուրեմն վամպիրնե՞ր, թե՞ այնուամենայնիվ թիթեռներ։ Իսկ գուցե վամպիր-թիթեռնե՞ր։ Ի դեպ, պարզվում է, որ նման բան հնարավոր է։ Ֆլորիդայի համալսարանի միջատաբանները ժամանակին Ռուսաստանում հայտնաբերեցին արյունարբու թիթեռների տեսակ, որն ապրում է Ուսուրի գետի հովտում՝ Վլադիվոստոկից ոչ հեռու։ Վամպիր թիթեռն արտաքուստ չորացած տերեւ է հիշեցնում եւ ունի երկար կնճիթիկ, որն էլ օգտագործում է արյուն ծծելու համար։  

Հետաքրքիր է, որ սա արդեն առաջին դեպքը չէր, երբ գիտնականները հանդիպում են թիթեռների վամպիրիզմին։ Դրանից առաջ այդպիսիք հայտնաբերվել էին Ֆինլանդիայում եւ Շվեդիայում։ Եվ ահա, խնդրեմ, նաեւ հայոց աշխարհում։ Անիմանալի են ճանապարհներդ, Տեր։  

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել հետեւյալը։ Մենք, բնականաբար, հեռու ենք այն մտքից, որ պնդենք, թե իրավապահները 2008 թվականի մարտի 1-ին գործել են բացառապես օրենքի շրջանակներում։ Ոչ, իհարկե, նրանք կատարել են նաեւ հակաիրավական գործողություններ եւ դրա համար պետք է պատժվեն։  

Սակայն հակաիրավական գործողություններ են թույլ տվել նաեւ «խաղաղ ցուցարարները»։ Այսինքն՝ մեղավորներ կան երկու կողմից էլ, եւ նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սա անվիճելի փաստ է։ Բայց այդ դեպքում ինչո՞վ բացատրել ՀՔԾ-ի միակողմանի մոտեցումը։ Մեղադրանքներ ներկայացվում են բացառապես մե՛կ կողմին։  

Կարծում ենք, ՀՔԾ ղեկավարությունը պետք է շտապ գնի հիշողությունը բարելավող հատուկ դեղամիջոցների խմբաքանակ։ Փառք Աստծո, արդի գիտությունն այդ ուղղությամբ հասել է նշանակալի հաջողությունների։  

Գերմանացի գենետիկները, մասնավորապես, գտել են մարդկանց հիշողության կորուստը կանխելու նոր միջոց։ Նեյրոկենսաբանության Եվրոպական ինստիտուտի մի խումբ գիտնականներ՝ Անդրե Ֆիշերի գլխավորությամբ, հայտնաբերեցին, որ տարիքի հետ լաբորատոր մկների գլխուղեղի քրոմոսոմային բջիջներում տեղի են ունենում քիմիական փոփոխություններ։   

Հետազոտության ընթացքում մկներին տեղադրում էին հատուկ լաբիրինթոսում։ Ոլորաններից մի քանիսում նրանք ենթարկվում էին էլեկտրական թույլ հոսանքահարման։ Գիտափորձերը կրկնելիս մկները նորից ու նորից հայտնվում էին վտանգավոր հատվածներում, փոխարենը երիտասարդ կրծողներն արագ սովորում էին խուսափել դրանից։  

Պարզվեց, որ հասուն կենդանիների պարագայում հիստոնների (քրոմոսոմների բաղադրության մեջ մտնող սպիտակուցներ) մոլեկուլները զուրկ են, այսպես կոչված, ացետիլային խմբերից, որ ունեն շատ ավելի երիտասարդները։ Մկների օրգանիզմ ներարկելով հիստոնների ացետիլացում առաջացնող ֆերմենտ, գիտնականները հասան նրան, որ մկները մտապահեցին, թե ուր չպետք է գնալ։ Այդ կերպ գիտնականները ստեղծեցին մարդկանց հիշողությունը բարելավող դեղամիջոցներ։  

Հուսով ենք, հիշողությունը բարելավող դեղամիջոցի ձիու դոզան պետք է որ օգնի ոմանց օբյեկտիվ հետաքննություն վարել։ Մեղավո՞ր են իրավապահներն ու նախկին իշխանության ներկայացուցիչները. մեղադրանք ներկայացրեք եւ փորձեք ապացուցել։  

Մեղավո՞ր են «խաղաղ ցուցարարներն» ու նրանց առաջնորդները. մեղադրանք ներկայացրեք նաեւ նրանց։ Սակայն վերջինը մենք չգիտես ինչու չենք տեսնում։ Ինչո՞ւ։ Նրանց մեջ մեղավորներ չկայի՞ն։ Սպանված ոստիկանները ինքնասպանությո՞ւն են գործել։ Վիրավորված տասնյակ իրավապահները մազոխիստներ էին եւ ենթարկում էին սեփական անձը անդամախեղությա՞ն։ Քաղաքի կենտրոնը ավերվեց ուժեղ քամու պատճառո՞վ։   

Եվ այս ամենը իշխանության եկածներն ու նրանց սպասարկողներն անվանում են «օբյեկտիվ հետաքննությո՞ւն»։   Իսկ առաջիկայում մեզ խոստանում են հարուցել նաեւ նոր քրեական գործեր։ Ակամայից մտաբերում ես Մ.Ե.Սալտիկով-Շչեդրինի «Անձնուրաց նապաստակը» հեքիաթը։ «Մի անգամ նապաստակը մեղանչեց գայլի առջեւ։ Վազում էր նա գայլի որջից ոչ հեռու, իսկ գայլը տեսավ նրան ու գոռում է. «Նապաստա՛կ։ Հապա կա՛նգ առ»։ Իսկ նապաստակը ոչ միայն չկանգնեց, այլեւ ավելի թափ հավաքեց։  

Ահա գայլը երեք ցատկով բռնեց նրան ու ասում է. «Այն բանի համար, որ դու իմ առաջին խոսքից կանգ չառար, ահա քեզ իմ որոշումը. դատապարտում եմ քեզ մահվան՝ պատառոտման միջոցով։ Իսկ քանի որ հիմա ես կուշտ եմ, իմ գայլուհին նույնպես կուշտ է, եւ մեր պաշարներն էլ դեռ մի հինգ օր կհերիքեն, ապա նստիր այ այս թփի տակ ու սպասիր հերթի։ Մեկ էլ տեսար... հա՜-հա՜... ներում շնորհեցի քեզ»։  

Տեսականորեն գուցեեւ ներում շնորհեն։ Տեսականորեն հնարավոր է աշխարհում ամեն ինչ։ Ե՛վ այն, որ մենամարտող երկու հակառակորդների արձակած գնդակները թռիչքի ընթացքում կբախվեն իրար։ Ե՛վ որ կկոտրեք ատամը այն մատանու վրա, որը վեց տարի առաջ կորցրել էիք ծովում եւ որը կուլ է տվել այսօր ձեր սեղանին մատուցված ձուկը։ Ե՛վ որ քաղաքի պաշարման ժամանակ խոհանոցային սպասքի պահեստում երեք քառորդ տեմպով կհնչի Չայկովսկու սի-բեմոլ մաժոր սոնատինան՝ բեկորների կատարմամբ, որոնք զարկվում են մեծ ու փոքր կաթսաներին ճիշտ եւ ճիշտ ըստ պարտիտուրայի։  

Բայց ակնկալել «Մարտի 1»-ի գործերով օբյեկտիվ հետաքննություն՝ անհնար է նույնիսկ տեսականորեն։ Քանի որ սա հետաքննություն չէ, այլ հաշվեհարդար։ Վենդետա, ինչպես ընդունված է այսօր ասել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ