«Հայոց աշխարհ» թերթը գրում է․ «Մարդկանց, որոնց համար սկզբունքորեն միեւնույն է, թե ով է իշխանության ղեկին, պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի։ Առաջին եւ ամենամեծաթիվ խումբն ապրում է «Ես աջս քաշել եմ, դա ինձ չի վերաբերում» սկզբունքով։ Այս մարդիկ առանձնապես հակված չեն որեւէ բան պահանջել իշխանությունից, բայց փոխարենը՝ առանձնակի ոչ մի պարտավորություն էլ ո՛չ իշխանության, ո՛չ երկրի առջեւ չեն զգում։ Նրանք ընդամենը սովորել են ճկվել այն կողմ, որ ուղղությամբ ճնշում գործադրեն։
Ի՞նչ նշանակություն ունի, թե ով է իշխանության ղեկին, մտածում են այդ մարդիկ։ Ի՞նչ կփոխվի դրանից։ Կվերանա՞ն աղքատներն ու հարուստները։ Սրիկաներն ու խարդախները։ Այդ միայն թվում է, թե իշխանության ցոլքն ընկնում է յուրաքանչյուր անհատի ճակատագրի վրա։ Իրականում՝ քանի դեռ իշխանությունն ամրապնդվում է, նա գործընկերություն է խաղում քաղաքացիների հետ, իսկ վստահություն ձեռք բերելով՝ սկսում է ողջ ծանրությամբ ճզմել նրանց, ովքեր, չհասկանալով իրավիճակի փոփոխությունը, շարունակում են թպրտալ։
Նրա երկաթե կրունկը կտրորի յուրաքանչյուր անհնազանդին ու անհամամիտին։ Յուրաքանչյուրին, ով հավատացել է ազդարարված նպատակներին։ Ով չի հասկացել, որ կարգախոսներն ընտրվել են պահի, իրավիճակի, սպեկուլյատիվ խնդրի թելադրանքով, այլ ոչ թե երկրում համընդհանուր դրախտ կառուցելու ձգտումով։
Դրախտը միշտ էլ ընտրյալների մենաշնորհն է։ Մնացածները ինչպես եղել, այնպես էլ կմնան սոսկ աստիճաններ, որոնցով դեպի բարօրություն կգնան հատուկենտ մարդիկ։
Երկրորդ խումբը իշխանությանը, որպես այդպիսին, նվիրված մարդիկ են, անկախ նրանից, թե ով է ղեկավարում։ Իշխանության որեւէ գործողություն, առավել եւս ուղղված հենց իշխանության ամրապնդմանը, այս մարդկանց մեջ առաջացնում է հիացմունք։
Ճիշտ է, պատմական փորձը ցույց է տալիս, որ խաղաղ տարիներին այդ կարգի խանդավառ անհատները սաստիկ նյարդայնացնում են (ինչը անուղղակիորեն հարվածում է նաեւ իշխանությանը) անգամ ամենաօրինապաշտներին, իսկ նույնիսկ ոչ թե փոթորկի, այլ ընդամենը ուժեղ քամու ժամանակ սույն էնտուզիաստներին շներով էլ չես գտնի, քանզի նրանք տրվում են էքստազին միայն բացարձակ անվտանգ պայմաններում։ Ասենք, գահը սեփական կամքով է հենարան ընտրում իր համար։
Եթե անգամ երկրորդ խմբի ներկայացուցիչները վճռական պահերին փորձում են ինչ-որ կերպ ինքնադրսեւորվել, ոչ մի բան նրանց, որպես կանոն, չի հաջողվում։ Այդ դեպքը նկարագրել են դեռեւս մարքսիզմի դասականները. «Ազնվականությունը թափահարում էր պրոլետարիատի աղքատիկ քսակը՝ դրոշի պես, որպեսզի իր հետեւից տանի ժողովրդին։ Բայց ամեն անգամ, երբ վերջինս գնում էր նրա հետեւից, նկատում էր հետույքին ֆեոդալական հին զինանշաններն ու ցաքուցրիվ լինում՝ բարձրաձայն ու անհարգալից ծիծաղով»։
Վերջապես, սկզբունքորեն անտարբերների երրորդ խումբը ներքին վտարանդիներն են։ Նույնիսկ պարտադիր չէ, որ դրանք չարասիրտ մարդիկ լինեն, որոնք գործող իշխանության հետ միայն մի փոքրիկ հակասություն ունեն հողային հարցով. այսինքն՝ թե ով ում հողին կհանձնի։ Պարզապես ներքին վտարանդիները վստահ են, որ ոչ մի կարգին բան այս հողի վրա չի ծլի, ոչ մի լավ բան ոչ մեկից ակնկալել հնարավոր չէ։
Անտարբերների երրորդ կատեգորիան անկեղծորեն համարում է, որ կյանքում քեզ պիտի այնպես պահես, ասես շրջապատված ես վայրի գազաններով։ Քանզի մարդն իր էության մեջ ներառել է ընձառյուծի խորամանկությունը, կոկորդիլոսի դաժանությունը, բորենու անխտրությունը, առյուծի ուժը։
Ի՞նչն է միավորում անտարբերների այս երեք խմբերին։ Հավանաբար այն, որ նրանք լավ են յուրացրել, այսպես կոչված՝ Լենին-Պոպպերի սկզբունքը, համաձայն որի՝ արդի ժողովրդավարության պայմաններում քաղաքացիներն ընդամենը ընտրում են, թե բուրժուազիայի հատկապես որ խմբավորումը պիտի առաջիկա տարիներին խաբի ու ճնշի իրենց»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը