«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանն իր դեմ հարուցված «քրեական» հետապնդումը գնահատեց որպես «իրավական սյուրռեալիզմ»՝ ասելով. ճանապարհներ փակելով իշխանության եկած քաղաքական վերնախավը չէր կարող ավելի լավ նվեր մատուցել հարևան Ադրբեջանին, քան ԼՂՀ առաջին նախագահի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար սկսելը։
Հանրապետության երկրորդ նախագահը չէր սխալվում. Ադրբեջանում վաղուց խանդավառության այնպիսի ալիք չէր բարձրացել, ինչպես այս «պատմական» օրերին, երբ ՀՔԾ-ն կաշվից դուրս է գալիս պատժելու Քոչարյանին իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
Ալիևը, օրինակ, անչափ տպավորված է Հայաստանում ընթացող «ժողովրդավարական բարեփոխումներից»։
Օգոստոսի 1-ին, Բաքվի արվարձաններից մեկում ելույթ ունենալով՝ գոհունակությամբ արձանագրել է. «Օկուպանտ երկիրը ծանր օրեր է ապրում։ Հայաստանը 20 տարի ղեկավարող քրեական խունտայի ռեժիմը տապալվել է։ Նրանց օկուպացիոն քաղաքականությունը կրախի է ենթարկվել։ Հիմնական պատճառը, որ նրանք հայտնվել են այդ վիճակում, օկուպացիոն քաղաքականությունն էր»։
Հետո էլ քարոզ է կարդում օկուպացիոն ռեժիմը տապալած Հայաստանի «նոր իշխանությունների» գլխին. «Հենց իր օկուպացիոն քաղաքականության պատճառով է Հայաստանն այսօր հայտնվել նման ծանր վիճակում, մեկուսացման մեջ է և չունի տնտեսական զարգացման որևէ հեռանկար, քանի դեռ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված չեն։ Իսկ կարգավորման ուղին մեկն է՝ օկուպանտ երկիրը պետք է անհապաղ հեռանա մեր հողերից»։
Մի խոսքով, «մի քեփ, մի ուրախություն»... Այս շռայլ նվերը ոսկե սկուտեղի վրա մատուցել ենք հակառակորդին, նրանք էլ վայելում են, ինչպես կարող են։ Մնում է բարի ախորժակ մաղթել։
Եվ հույս հայտնել, որ Փաշինյանը և ՀՔԾ-ն այսուհետ ևս հուսախաբ չեն անի ադրբեջանական ժողովրդին ու նրա շահերն սպասարկողներին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը