«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խմորումները շարունակվում են, եւ 15 հոգանոց վարչության նիստերից արտահոսքերը շարունակվում են անգամ Հովիկ Աղազարյանի անփառունակ հեռացումից հետո:
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ ՔՊ-ականներ շարունակում են մանրամասներ ներկայացնել ՔՊ ներքին գզվռտոցներից: Այսպիսով՝ հոկտեմբերի 31-ի նախաձեռնող նիստը, որը Նիկոլ Փաշինյանն անվանեց «ինքնաքննադատության օր», խոր արմատներ ունի: Պարզվում է, որ վերջերս՝ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ, իշխանականները փորձել են սեւացնել մեկը մյուսին ու իրար մասին բացահայտումներ անել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արփի Դավոյանը, երկրորդելով Անդրանիկ Քոչարյանին, հայտարարել է, որ թիմը թաթախված է կոռուպցիայի մեջ, որ «նախկիններից» ավելի վատ բարքեր են հաստատվել ՔՊ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պահանջել է անուններ հնչեցնել, փաստերով խոսել: ՔՊ-ական տիկնանց օգնության է եկել Անդրանիկ Քոչարյանը ու անուններ տվել. Սյունիքի ՔՊ-ական նախկին փոխմարզպես Նարեկ Բաբայան, որը 2022 թվականի փետրվարից նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ:
Շարունակվել է ցանկը՝ փոխքաղաքապես Արմեն Փամբուխչյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյան:
Անդրանիկ Քոչարյանը հերթով հիշեցրել է ԶԼՄ-ների հրապարակումները Ավինյանի վերաբերյալ, Դավոյանն էլ ասել է, թե նախկին կաշառակերներին հերթով պաշտոնների է նշանակում Ավինյանը, եթե կոռուպցիոն հակումներ չունի, ապա ինչու է դա անում:
Նիկոլ Փաշինյանն էլ խիստ բարկացել է ու ասել, որ հատ-հատ գնալու է բոլոր ահազանգերի հետեւից, իսկ այն ՔՊ-ականները, որոնց վերաբերյալ տեղեկությունները կհաստատվեն, ոչ միայն հեռացվելու են թիմից, այլ օրենքով պատժվելու են:
ԲԱՅՑ, տարօրինակ կերպով, մինչ օրս որեւէ մեկը պատժված չէ: ԱՎԵԼԻՆ՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ավինյանը սպառնալից մեսիջներ է ուղարկել Դավոյանին, թե՝ «Ոչնչացնելու եմ քեզ…»:
Շարունակելի….»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը