«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՔՊ-ի «տանը կռիվ է գցել», իշխող ֆրակցիայի մի խումբ պատգամավորներ որոշել են անհետեւանք չթողնել այն փաստը, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած հայտնի աղմկահարույց լսումների ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին նստեցրել էին ԱԺ նախագահությունում: Ինքը` Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ նախագահի աթոռին նստած, նիստն էր վարում, կողքը տիկին Վարդապետյանն էր բազմել։
Հենց լսումների օրը մի խումբ պատգամավորներ ՔՊ-ի ներքին չաթում աղմուկ էին բարձրացրել, թե դատախազը մյուս ուժայինների հետ պետք է դահլիճում նստած լիներ, եւ անգամ Ալեն Սիմոնյանն էր Ժնեւից կապ հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ եւ հանդիմանել, թե ինչու է Վարդապետյանին նախագահությունում նստեցրել։
Լսումներից անցել է 2 շաբաթ, սակայն ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում: Մենք տեղեկացանք, որ նույն խումբը պատրաստվում է Քոչարյանի թեման բարձրացնել նաեւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ խմբակցության նիստում, որը նախատեսված էր երկուշաբթի, սակայն հետաձգվեց, քանի որ նույն Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում բյուջետային քննարկումները ձգվեցին մինչեւ ուշ երեկո։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներից շատերի համոզմամբ՝ Անդրանիկ Քոչարյանն այդ օրը միտումնավոր է ձգել փակ նիստը, որ երեկոյան 19.00-ին նշանակված նիստը տապալվի, քանի որ նիստը պետք է տեղի ունենար այն դահլիճում, որտեղ բյուջետային քննարկումներն էին։ Հենց այս խումբն էլ մտադիր է բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը:
Մեզ պատմեցին, որ նույն օրը ՔՊ-ի նեղ «կռուգով» չաթերից մեկում պատգամավորները Քոչարյանի վարած բյուջետային նիստն են քննադատել, մասնավորապես՝ թե ինչու է արծարծում ավտոմեքենաներում մանկական նստելատեղերի պարտադիր առկայության արդեն մոռացված թեման, ինչու է «բոչկա գլորում» ՆԳՆ-ի վրա, որ այդ հարցը ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին տվել էր ՔՊ-ական Սոնա Ղազարյանը, եւ նա էլ պատասխանել էր, որ դա կարեւոր հարց է, եւ ինքն ինքնուրույն է թեման բարձրաձայնել։
Լրագրողների հետ զրույցում իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն, երեկ հերքեց այդ տեղեկությունները, թե Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարց կա իրենց օրակարգում․ «Ես խմբակցության ղեկավարն եմ, երբ ասում եմ՝ նման օրակարգ չկա, դա համարվում է խմբակցության լեգիտիմ որոշումը»:
Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման համար խմբակցությունը պետք է ԱԺ որոշման նախագիծ ներկայացնի, որում նշված կլինեն նաեւ հիմքերը: Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցն ԱԺ նիստում քննարկվելուց հետո դրվում է փակ-գաղտնի քվեարկության։ Որոշումն ընդունվում է գաղտնի, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հայկ Կոնջորյանին հարցրինք, թե արդյոք ՔՊ-ում կա՞ն պատգամավորներ, որոնք հայտնի լսումներից հետո դժգոհություն են հայտնել տիկին դատախազի՝ ԱԺ նախագահությունում նստելու փաստից, եւ գուցե դա՞ է դառնալու Քոչարյանին պաշտոնանկ անելու հիմքը։ Կոնջորյանը չհերքեց դժգոհությունների փաստը։ «Այդ հարցերն արարողակարգային բնույթի հարցեր են, որոնք ես գիտեմ, որ կարգավորվում են «Արարողակարգի մասին» օրենքով։ Բայց քանի որ լսումները չէր կազմակերպել խմբակցությունը, թույլ տվեք ես այդ հարցին չպատասխանեմ, կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կպատասխանի։ Այո, դրանք արարողակարգային միջոցառում են՝ պետական շենքում կազմակերպված, եւ պետական արարողակարգի դրույթները նման դեպքերում պահպանվում են»,- ասաց նա։
ԱԺ երկարամյա աշխատակից, քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին հարցրինք, թե արդյոք խորհրդարանական լսումներն արարողակարգայի՞ն միջոցառում են, որը սահմանում է, թե ով որտեղ պետք է նստի, ով երբ եւ որտեղից ելույթ ունենա եւ այլ հարցեր։ Սողոմոնյանը պատասխանեց. «Ոչ, երբեք չի եղել, որ լսումներին պրոտոկոլը գործ ունենա»: Նաեւ պարզաբանեց. «Լսումներն ԱԺ մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստի մի տեսակ են, մնացածը հանձնաժողովն է որոշում արարողակարգը։ Լսումները հրավիրողն է որոշում այդ հարցերը, նրա փոխարեն մեկ ուրիշը չի կարող որոշել»։
Կոնկրետ դատախազի դեպքը հիշատակեցինք՝ Անդրանիկ Քոչարյանն ունե՞ր իրավունք՝ Աննա Վարդապետյանին իր կողքը նստեցնելու։ «Կրկնում եմ՝ դա արարողակարգային չէ, եւ, ընդհանրապես, ամեն միջոցառում չէ, որ պետք է արարողակարգով ներկայացվի։ Հիմա ի՞նչ եք կարծում, երբ հանձնաժողովի նիստ է լինում, որտեղ զեկուցողներ են գալիս, հրավիրյալներ․ մեկը սեղանի մի ծայրում է նստում, մյուսը՝ մեկ այլ կողմում… Դրանք արարողակարգային քննարկման հարցեր չեն, ամեն մեկն ինքն է որոշում, բայց, իհարկե, որոշակի տրամաբանություն պետք է լինի։ Սրա մասին է խոսքը»:
Արձագանքելով իր դեմ ծավալվող գործընթացի մասին հարցին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա»։
Երկու հակադիր թեւերից որեւէ մեկում չգտնվող ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ իր անունը չհրապարակելու պայմանով, մեզ ասաց՝ դեռ պարզ չէ, թե ուր է տանելու այս գործընթացը։ Հնարավոր է, որ ոչ թե պատգամավորների փոքր խումբ է Քոչարյանի դեմ դուրս եկել, այլ նրանց հետեւում թաքնված է վարչապետը, որը չի հանդուրժում, որ թիմում որեւէ մեկն ուժեղանում է, դիրքերն ամրապնդվում են, իսկ Անդրանիկ Քոչարյանը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը կյանքի կոչելուց հետո բավականին ուժեղ դիրքերում է, գուցե ժամանակն է նրան «երկնքից վար իջեցնելու»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը