«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին եւս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի եւ ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը եւ խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, եւ Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաեւ այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաեւ շարժման առաջիկա անելիքները:
Բագրատ սրբազանը եւ ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման եւ պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը