06 06 2024

«Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները․ «Փաստ»

«Ժողվարչապետային» բեմադրության նոր արարները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկրում ծավալվող ժողովրդական պայքարի ու ընդվզման խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր «փիարային խորդանոցում» գտավ փոշեկալած յուր հեծանիվը ու սկսեց քշել: Ինքնին հասկանալի է՝ թիկնազորով շրջապատված: Դե, առավոտյան այնքան շուտ, որ փողոցներում գրեթե մարդ չլինի: Ու էլի հասկանալի է՝ նկարահանելով, մոնտաժելով, հրապարակելով: Այս տեմպերով Փաշինյանը միգուցե հիշի նաև կարկանդակի կամ եգիպտացորենի կողրի մասին: Զուգահեռ, տեսանյութեր են շրջանառվում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի տիկինը քայլում Երևանի ինչ-որ փողոցահատվածում, սրճում Վանաձորում... Դե, փիարը փիար է, ու միայն վարչապետի օրինակը պիտի տարածվեր «շարքերում»:

Ասում են՝ կարկառուն քպականներից մեկն էլ հիշել է, որ ստորգետնյա փոխադրամիջոց կա, և անգամ, օ՜, հրաշք, երթևեկել է մետրոյով (թեպետ իր պնդումից բացի, դրա այլ վկայություններ չկան): Իսկ այս ամենն իրականում մի տեսակ «հետիշխանափոխական» օրերի դեժավյուի է նմանվում, որ կարելի է պայմանականորեն բնորոշել որպես «ժողվարչապետ» ներկայացման հերթական արարներ: Իսկ ինչի՞ համար է այս ամբողջ ներկայացումը: Իրենց թիմին ու փոքրաթիվ կողմնակիցների՞ն են ուզում ցույց տալ, թե՝ ամեն ինչ OK է (Շամշադինի բարբառով ասած), առանձնահատուկ ոչինչ չի կատարվում, վիճակը վերահսկելի է: Հնարավոր է:

 

Բայց «դառը հաբն» այն է, որ թիմի ներսում էլ կույր չեն, հրաշալի տեսնում են, թե ինչ է կատարվում, անկախ այն բանից, թե ինչ «հունանավետիսյանական» խոսքեր են արտասանում տեսախցիկների առաջ: Իրականում Փաշինյանն ու յուր մերձավոր զինակիցները ամենադիտողունակ քաղտեխնոլոգից էլ լավ են հասկանում, որ իրենց իշխանության վարկանիշը զրոյական է, որ իրենք գործնականում կորցրել են իշխանությունը, իսկ որ ամենից վատն է իրենց համար՝ կորցրել են օրակարգ ձևավորելու հնարավորությունը: Հենց միայն այն, որ այս օրերին նորից հիշել են փոշեկալած արարները «ժողվարչապետության» մասին, ինքնին խոսում է այն մասին, որ այսօր, ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, օրակարգ թելադրում է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը:

Ընդ որում, օրակարգ՝ նաև այս պահի իշխանությունների համար: Այսինքն, իշխանություններն իրենց քայլերով բացահայտ մատնում են, որ «ամեն ինչ OK» չէ: Թե բա՝ շարժումը մարում է, շարժումից իշխանություններն անհանգստացած չեն: Այդ դեպքում այս ամբողջ թատրոնն ինչի՞ համար է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ