20 03 2024

Իշխանություններն անհանգստացած են արցախցիների համախմբմամբ ու այսօրվա հանրահավաքով. «Ժողովուրդ»

Իշխանություններն անհանգստացած են արցախցիների համախմբմամբ ու այսօրվա հանրահավաքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության այսօրվա հանրահավաքը, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, ժամը 15:30-ին, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական տեղեկատվական ու քաղաքական դաշտում:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որոշակիորեն անհանգստացած են և տարբեր ձևերով փորձում են կանխել արցախցիների համախմբումը, իսկ այս նախաձեռնությունը արդեն բավականին ներքին համախմբում է ապահովել արցախցիների շրջանում:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ակնկալվում է, որ հազարավոր արցախցիներ ու հայաստանցիներ են մասնակցելու հանրահավաքին՝ իրենց ձայնը բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեզ հետ մասնավոր զրույցում որոշ արցախցիներ նշել են, որ նույնիսկ 10,000-ից ավելի մարդ կարող է մասնակցի հանրահավաքին:

Նշենք, որ բացի տարբեր ճնշումների վերաբերյալ տեղեկություններից, հանրահավաքի մասին հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները մի քանի էական զիջման գնացին բնակարանային ու սոցիալական ծրագրերի՝ նախօրոք հայտարարված մոտեցումներում:

Ըստ որոշ տեղեկությունների հայրենի իշխանությունները սպասում են հանրահավաքին, որ ըստ մարդկանց քանակի ու ստացված ազդակների, վերջնականացնեն իրենց մոտեցումները ոչ միայն բնակարանային, այլև՝ արցախցիներին առնչվող այլ ծրագրերի մասով: Ուստի, վճռորոշ միջոցառում է այսօր արցախցիների համար, որից էլ կախված կլինեն հաջորդ զարգացումները:

Ի դեպ, թեև իշխանությունները փորձում են ներքաղաքական «պիտակ» կպցնել այս շարժմանը, բայց, մեր տեղեկություններով, նախաձեռնության բոլոր անդամները հենց սկզբից պայմանավորվել են, որ այն պահելու են լրիվ հեռու հայաստանյան ներքաղաքական գործընթացներից և զբաղվելու են բացառապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ ու կարիքների ապահովմամբ:

Բացի դրանից, նախաձեռնության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենց գործողություններով չպետք է նպաստեն հայ ժողովրդի մեջ պառակտման ու Արցախի Հանրապետության պետական մարմինների չեզոքացման ջանքերին, ինչի ուղղությամբ հետևողականորեն աշխատում են հայրենի իշխանությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ