28 10 2023

«Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին․ «Փաստ»

«Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Հայաքվեի» նախաձեռնած՝ Արցախի վերաբերյալ օրինագիծը օրեր առաջ պաշտոնապես մուտքագրվեց ԱԺ: Նախագիծը օրենքով սահմանված 50 000 ստորագրությունից ավելի էր հավաքել՝ 58000, իսկ ԿԸՀ-ն հաստատել էր ներկայացված ստորագրությունների վավերականությունը: Մոտ մեկ ամիս շրջանառության մեջ մնալուց հետո կքննարկվի գլխադասային հանձնաժողովում, բայց անկախ վերջինիս եզրակացությունից, նախագիծն ընդգրկվելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Հայաքվեի» նախաձեռնողները բավական հիմնավոր են պատրաստվել խորհրդարանական քննարկումներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորաբար ԱԺ-ում ներկայացվելու են հիմքեր, որ Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն պահպանում է իր գոյությունը, իսկ ԱՀ նախագահի՝ հանրապետության լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո: Հաջորդ թեզերը վերաբերելու են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել, իսկ ՀՀ կողմից Արցախն Ադրբեջանի մաս չճանաչելը սահմանադրական պահանջ է։ Մեր տեղեկություններով, հատուկ շեշտադրում է կատարվելու այն հանգամանքին, որ օրենքի նախագծի ընդունումը միտված է ՀՀ-ում ժողովրդավարության ապահովմանը, ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը:

Նախաձեռնողների կարծիքով, Ազգային ժողովի պատգամավորների սահմանադրական պարտքն է ընդունել առաջարկվող նախագիծը, հակառակ դեպքում, ՀՀ-ում քաղաքական իշխանության փոփոխությունից հետո նրանց սպառնալու է ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։ Հավելենք, որ, ըստ նախագծի հեղինակների, Հայաստանը հանգիստ կարող է հիմա հետ կանգնել նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից, քանի որ դա արվել է փոխադարձ պայմանավորվածությամբ, որ Ադրբեջանն ապահովելու է Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, ինչը չի արվել։ Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկում է երկու լրացում կատարել Քրեական օրենսգրքում և 10- 15 տարվա ազատազրկման պատիժ սահմանել ոչ միայն Հայաստանի անունից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու, այլև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա նշանակությունը նսեմացնելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ