06 07 2023

Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

- ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մի քանի օր առաջ ասաց, թե վստահ է, որ հնարավոր է Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգությունն ապահովել Ադրբեջանի կազմում։ Իսկ ձեր խմբակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը նույն օրը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ ՀՀ իշխանությունների պահվածքից եւ հատկապես լռությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցն արդեն որոշված է։ Դուք համաձա՞յն եք հնչած տեսակետների հետ։

- Բնականաբար, ես չեմ կիսում դեսպանի կարծիքը, որովհետեւ այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն իրողությունները, որ տեղի են ունեցել մեր աչքի առջեւ վերջին 120 տարում, գալիս են ապացուցելու, որ ասվածը դժվար իրագործելի խնդիր է։ Գուցե դեսպանը որեւէ բանաձեւի է տեղյակ, որ կարող է այդպիսի հնարավորություն ապահովել, ես խիստ թերահավատ եմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ինքն իր կարծիքն ունի, ես՝ իմը, իշխանության այլ ներկայացուցիչ գուցե բոլորովին ուրիշ կարծիք ունի, եւ բոլորի հավաքական կարծիքը կարող է լինել իշխանության կարծիքը։ Աղազարյան Հովիկի եւ Մարիա Կարապետյանի կարծիքը չեն կարող իշխանության կարծիքը լինել։

- Մեծ հաշվով՝ դեսպանը ձեր իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տեսակետն է հայտնել, որը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում ձեւաչափի շուրջ․․․

- Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնել։

- Հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

- Դրանք տարբեր բաներ են։ Ես անձամբ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես նաեւ գտնում եմ, որ Արցախի մեր հայրենակիցներն արդեն 30 տարուց ավել հայտարարել են իրենց անկախության համար եւ հիմա էլ համառ պայքար են մղում՝ այդ անկախությունը ճանաչելի դարձնելու ողջ աշխարհին։

- Իմ նախորդ հարցը կիսատ մնաց, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ Արցախն էլ է մտնում, եւ ճշտող հարցին նա դրական է պատասխանել։

- Արցախը․․․ Գիտեք ոնց․․․ Իմ պատասխանը հետեւյալն է․ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես գիտեմ, որ Ադրբեջանը Սովետական Միության ժամանակ եղել է մոտավորապես 86.6 հազար քառակուսի, բայց ես նաեւ ուզում եմ հիշեցնել ձեզ` եթե տեղյակ չեք, որ Արցախի ժողովուրդը 30 տարի ապրել է անկախ կարգավիճակով, եւ այսօր էլ պայքարը տանում են այդ կարգավիճակի, ազատ ապրելու, իրենց ճակատագիրը տնօրինելու պայքարը հասանելի դարձնելու համար աշխարհին։

- Եթե դեսպանի տեսակետը պաշտոնական Երեւանի կողմից անարձագանք է մնում, այն էլ՝ Մինսկի խմբի համանախագահող պետության դեսպանի, որը փաստացի դերակատար է Արցախի կարգավորման խնդրի գործընթացներում, չե՞նք կարող եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները համաձայն են այդ կարծիքի հետ: Մանավանդ, որ անմիջապես ձեր կուսակիցն էլ է բաց խոսում դրա մասին։

- Դեսպանը, այո, պատահական մարդ չէ, գուցե տիրապետում է որեւէ բանաձեւի, բայց ես չեմ կարծում, որ պաշտոնական Երեւանը պետք է ինչ-որ բան աներ, դա դեսպանի կարծիքն է, մեզ մոտ էլ շատերը կան, որոնք նման կարծիք ունեն, բայց ես այդ կարծիքին չեմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ապա հիշեցնեմ, որ մենք գաղափարական ուժ ենք, եւ կուսակցությունը կազմված է անհատներից, որոնք իրենց սեփական կարծիքն ունեն, մենք չենք կարող բոլորս նույն կարծիքն ունենալ։

- Կարո՞ղ է Դուք «Հայաքվեին» էլ եք միացել, չգիտենք։

- Ոչ, չեմ միացել, որովհետեւ դա շատ վտանգավոր եւ սխալ նախաձեռնություն է։

- Ինչո՞վ է սխալ, որ ուզում են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչումը քրեականացնե՞լ։

- Եթե դա իրոք կազմակերպված է արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչների կողմից, դա մի հարց է, եթե դրա թիկունքում մեզ հայտնի ուժերն են, դա արդեն ուրիշ հարց է։ Որովհետեւ այդ ուժերը՝ խորհրդարանական մեր գործընկերները, կարող էին օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչման հարցը, ոչ թե խուճուճ, էն կողքից, տակից հարվածող նախաձեռնություն անեին։

- Դուք լրիվ տարբեր բաների մասին եք խոսում, բայց, միեւնույն է, «Հայաքվեի» բովանդակությունը դրանից չի փոխվում: Իսկ եթե դեմ եք Արցախն Ադրբեջանի կազմում լինելուն, քայլ պետք է անեք։

- Չէ, բան չեմ ասում, դա իրենց իրավունքն է, եթե 300 հազար մեր հայրենակիցներ ստորագրում են այդ նախաձեռնության տակ, թող․․․ Բայց, իմ կարծիքով, նախաձեռնողներն այլ նպատակ են հետապնդում, իրենց նպատակը, որ մի 10 հազարը փողոց դուրս կգա, եւ իրենց միջի, մեր «հարգելի» գործընկերոջ՝ Աղվան Վարդանյանի ասած 200 հոգին կարող են իրենց սեւ գործն անել։ Սա է իրենց ծրագիրը։

- Ակնարկում եք Աղվան Վարդանյանի ասած «քաղաքական մահապարտների» ծրագի՞րը, բայց Աղվան Վարդանյա՞նն է «Հայաքվեի» նախաձեռնողը, որ իր ծրագիրը կյանքի կոչի։

- Աղվան Վարդանյանենք են, Ռոբերտ Քոչարյանենք, ու կարող են ազնվորեն հայտնել այդ մասին։ Եթե իմ գործընկեր Մարիա Կարապետյանն ազնվորեն հայտնում է իր տեսակետը եւ հայտնվում է բազմաթիվ հարվածների խաչմերուկում, բայց, միեւնույն է` իր համարձակությունն ու ազնվությունը հարգանքի արժանի է, այդպիսի խութերով լցված նախաձեռնությամբ հանդես գալն ազնիվ չէ։ Բայց իրենց գործն է, թող հանդես գան, եթե այնպիսի վիճակ ստեղծվի, որ խորհրդարանը մերժի, թող 300 հազար ստորագրություն հավաքեն, դնեն հանրաքվեի` կհաղթեն, բնականաբար, մենք, որպես բարոյական իշխանություն, կհրաժարվենք մեր իշխանությունից, կասենք` եկեք, հաղթողներ ջան, եւ այլն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ